ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՀՀ ոստիկանությունը դիմել է ՀՀ վարչական դատարանը՝ ընդդեմ 44 –օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների եւ պահանջում է, որ դատարանը զոհված զինծառայողների ծնողներ Գարիկ Գալեյանին, Գևորգ Մնջոյանին, Աշոտ Ասլիկյանին, Աննա Մկրտչյանին, Արմեն Գալստյանին, Արամ Ավանեսյանին, Մեսրոպ Եղիազարյանին, Վիգեն Ազատյանին, Երվանդ Տաշչյանին, Իգոր Սարգսյանին, Վահիդ Սահակյանին, Անի Կարապետյանին, Գրիգոր Ջավախյանին, Գեղամ Անտոնյանին, Վարդան Ղազարյանին ենթարկել ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի պահանջով վարչական պատասխանատվության:
Նկատենք, որ ոստիկանությունը բավականին ակտիվ կերպով մտել է դատարան եւ բարձրացնում է ծնողներին պատասխանատվության ենթարկելու հարցը, իսկ ով պետք է պատասխան տա ծնողների նկատմամբ բռնության դեպքով: Այդ միջադեպից անցել է 2 ամիս եւ մինչ օրս քրեական վարույթով որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել, ոստիկանապետ Վահե Ղազարյանը հրաժարական չի տվել եւ այս պայմաններում դատի է տվել ծնողներին, սա է Հայաստանի արդարադատությունը: Իսկ թե ինչ կանի դատարանը, կհետեւենք զարգացումներին:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ մեր տեղեկություններով՝ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր»-ում տեղի ունեցած խայտառակ միջադեպի առիթով ծառայողական քննությունը կասեցվել է: Հիշեցնենք, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցած քաշքշուկի առիթով ՀՀ ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն էր սկսվել:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում գործի կասեցման մասին մեր ունեցած տեղեկությունը հաստատեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ երբ Քննչական կոմիտեում քրեական գործ կամ վարույթ է հարուցվել, ոստիկանությունը որոշել է Ներքին անվտանգության վարչությունում առկա քննությունը կասեցնել մինչեւ այդ քրեական գործի ավարտը: Այսինքն՝ Քննչական կոմիտեի քննության ավարտից հետո ոստիկանության ղեկավարությունը իր համապատասխան քայլերը կիրականացնի:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ միջադեպից միայն մի քանի օր անց հարուցված քրեական գործով մինչեւ օրս որեւէ ոստիկան կամ հրաման տվող սպա պատասխանատվության չի ենթարկվել: Նշենք, որ կան ծնողներ, որոնց մարմնական վնասվածքներ ստանալու փաստը փորձաքննությամբ հաստատված է, ծնողները տուժող են ճանաչվել, սակայն ոչ ոք պատասխանատվություն չի կրել առ այսօր:
Թերեւս չի էլ լինի պատիժ, քանի որ այդ ծեծն ակնհայտորեն ուներ քաղաքական հրահանգ ու այդ մասին վկայում է շուրջ երկու ամիս տեւող քննությունը, որի արդյուքում մինչ օրս չկա մեղադրյալ:
Քնար Մանուկյան