Դեռևս այս տարվա հունվարին հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ Ստեփանակերտում տեղի ունեցած հանդիպումից հետո Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը խոսել էր Սահմանադրության հնարավոր փոփոխության մասին։
Սահմանադրական փոփոխություններն, ինչպես ավելի ուշ մանրամասնեցին, նախագահական համակարգից հրաժարվելու և կիսանախագահականին վերադառնալու համար էին արվելու: Նպատակը, ըստ արցախյան քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչների, Արցախի համար վճռորոշ որոշումներ ընդունելիս՝ կոլեկտիվ պատասխանատվությամբ առաջնորդվելն էր:
Այսօր սակայն՝ նոյեմբերի 23-ին, Արցախի Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը դիմել է Արցախի ԱԺ նախագահին՝ ԱՀ Սահմանադրության փոփոխության նախագիծը վերադարձնելու նպատակով:
«Ինչո՞ւ է նախագիծը հետ կանչվում, արդյո՞ք սա Սահմանադրությունը փոփոխելու մտքից հետ կանգնել է նշանակում»,- հարցն Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանին ուղղեցինք:
Ի պատասխան նա նշեց, որ Արցախի նախագահը սահմանադրական բարեփոխումների հետագա գործընթացի վերաբերյալ առաջիկայում շարունակելու է քաղաքական կոնսուլտացիաները։
Սևակ Վարդումյան