ՀՔԾ պետ Անդրանիկ Միրզոյանի գործունեությանը նման բնութագրում է տվել «Հայկական ժամանակ» օրաթերթը` հենվելով կոնկրետ փաստերի եւ եզրակացությունների վրա: Անդրանիկ Միրզոյանի մասին այս կարծիքն են հայտնում շատ քաղաքացիներ, որոնք երբեւէ հայտնվել են այս մարդու «մամլիչի» տակ եւ ծեծուջարդով ցուցմունքներ տվել:
2008-ի մարտի 1-ի գործի շրջանակներում էլ Անդրանիկ Միրզոյանը բազմաթիվ ապօրինություններ է թույլ տվել` այսպես ամեն ինչ հպատակեցնելով սեփական քիմքին եւ «վերեւից» եկած հրահանգներին:
Երեւանի պետական համալսարանի շրջանավարտ, բնիկ արամուսցի Անդրանիկ Միրզոյանը, չգիտես ինչու, բուհն ավարտելուց հետո հայտնվեց Կարելական ԻՍՍՀ Սեգեժա քաղաքում, որտեղ էլ աշխատեց երկաթ-բետոնյա կոնստրուկցիաների գործարանում` որպես իրավախորհրդատու: Գուցե հենց այս քաղաքն էր մեկնել, որպեսզի չծառայեր խորհրդային բանակում, իր պարտքը չտար հայրենիքին: Չծառայեց ու 1978-1982 թվականներին էլ աշխատեց որպես Պերմի մարզի Կոչեւոյի շրջանի դատախազության քննիչ: Կարելի է ասել, որ Անդրանիկ Միրզոյանն էլ մեր յուրատեսակ դեկաբրիստն էր, ով սեփական կամքով հայտնվել էր հեռավոր ռուսաստանյան մարզերում եւ քննիչի պարտականություններ էր կատարում: 1982-1994 թվականներին պաշտոնի բարձրացում ունեցավ` աշխատելով հիշյալ մարզի Կունգուր քաղաքի դատախազությունում որպես ավագ քննիչ: Մեկ տարի էլ վերջապես Պերմում հայտնվեց ու աշխատեց քաղաքային դատախազության ավագ քննիչ: 1985-1986 թվականներին Անդրանիկ Միրզոյանն ընդգրկվեց ԽՍՀՄ դատախազության քննչական խմբում` բացահայտելու այսպես կոչված «ուզբեկական գործը»: Թելման Գդլյանի եւ Իվանովի ղեկավարած քննչական խումբն այդ ժամանակ մեծ աղմուկ հանեց երկրում, այն համարվեց արդարության առաջին մունետիկը, բացահայտվեցին միլիոնավոր ռուբլիների յուրացումներ… Հերոսացած քննչական խումբը համարվեց «վերակառուցման» ավետաբերը, սակայն տարիներ անց միայն պարզվեց, որ այդ խումբը բազմաթիվ ապօրինություններ է գործել, կեղծ մեղադրանքներ հորինել, «սարքել» բազմաթիվ փաստաթղթեր… Երեւի Անդրանիկ Միրզոյանի համար քննչական այս խմբի գործունեությունը հրաշալի դպրոց է եղել, նաեւ յուրատեսակ խթան, քանի որ «ուզբեկական մաֆիան» գրոհելուց հետո վերջապես նա հնարավորություն ստացավ գալ Հայաստան եւ աշխատանքի անցնել ՀՍՍ դատախազությունում որպես հանձնարարությունների գծով օգնական: Այսինքն` նամակներ ու գրություններ տանող-բերողի նման մի բան: Մեկ տարի անց` արդեն 1987-ին, Միրզոյանը նշանակվեց ՀՍՍՀ դատախազին առընթեր հատկապես կարեւոր գործերի քննիչ: 1993-1998-ին էլ` «ՀՍՍՀ դատախազին առընթեր հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչ»: Այսպես է գրված նրա պաշտոնական կենսագրության մեջ: Պարզվում է, որ այս մարդը եղել է գոյություն չունեցող երկրի հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչ կամ էլ գլխի չի ընկել, որ 1991-ից ՀՍՍՀ-ն այլեւս գոյություն չի ունեցել… Սեփական կենսագրության մեջ նման սխալ թույլ տվող մարդն էլ կարեւոր գործեր է քննել:
Իսկ այս շրջանում այնպիսի աղմկահարույց գործեր եղան, որոնց մի մասը կազմվել է հենց իշխանությունների թելադրանքով: 1998-ից մինչեւ 1999 թվականը Միրզոյանը ղեկավարել է ՀՀ գլխավոր դատախազության քննչական մասը: Հիշենք, որ սա այն ժամանակաշրջանն էր, երբ սպանվեց ՀՀ գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանը: Այս գործը բացառիկ դարձավ նրանով, որ կարեւորագույն կասկածյալը` դատախազի օգնականը, հարցաքննվեց ընդամենը որպես վկա` այսպիսով արձանագրելով մեր քննչական պրակտիկայում աննախադեպ անօրինականություն: Հենրիկ Խաչատրյանի սպանությունը մինչեւ օրս կարելի է համարել չբացահայտված, քանի որ շատ հարցականներ են մնացել, իսկ քննչական մասի ղեկավարն Անդրանիկ Միրզոյանն էր: Արծրուն Մարգարյանի, գնդապետ Խորխոռունու, այլ սպանություններ այս շրջանում են տեղի ունեցել եւ յուրովի պարտակվել` այդպես էլ երեւան չբերելով ճշմարտությունը:
Համակարգին լավ ծառայելու եւ այսօրվա գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ Հենրիկ Խաչատրյանի սպանության մասին ճշմարտությունը ոչ լիարժեք մատուցելու համար, հավանաբար, Անդրանիկ Միրզոյանը 1997-2007 թվականներին ղեկավարեց ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչությունը: Այս վարչության միջոցով պարտակվեց նախագահ Քոչարյանի Կուկույի կողմից իրականացված սպանության ճշմարիտ պատկերը, այլեւայլ գործեր իրենց «գերեզմանոցը» գտան այս վարչությունում:
2007-ից էլ Անդրանիկ Միրզոյանը ՀՀ հատուկ քննչական ծառայության պետն է: Նշենք, որ Միրզոյանը սովորել եւ ավարտել է Սանկտ-Պետերբուրգի, ինչպես ինքն է նշել, քննչական ինստիտուտը: Այստեղ էլ ստացվում է` ավարտել է գոյություն չունեցող քաղաքի ինստիտուտ, քանի որ 1984-ին Սանկտ-Պետերբուրգ անունով քաղաք տակավին չկար: Մի՞թե քննիչին վայել է նման անփութությունը:
Անդրանիկ Միրզոյանի ղեկավարած կառույցը թեեւ առանձին, անկախ մարմին է, բայց հայտնի է, որ այն գործում է բացառապես դատախազության ազդեցության տակ: Ավելին, նրանք աշխատում են նույն դատախազության շենքում:
Վերջում հավելենք, որ Անդրանիկ Միրզոյանի գործունեությունը դեռ երկար իր հետքը կթողնի Հայաստանի վարկանիշի վրա, բնականաբար, բացասական իմաստով, քանի որ մարտի 1-ի փուչ գործերն ու տասնյակ քաղբանտարկյալներով բանտերը լցնելը հենց նույն Միրզոյանի տխրահռչակ գործունեության արդյունքն էր: Հենց նրա աշխատասենյակում ծեծվեցին քաղբանտարկյալները: Մի խոսքով, Անդրանիկ Միրզոյանն ավազակապետության «լիիրավ» անդամներից մեկն է:
«ԿԵՂԾ ՓԱՍՏԵՐՈՎ» ԳՈՐԾ ՍԱՐՔՈՂԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ