Բակում կայանված մեքենայից գողացել էին գումար. քաղաքացին խոստովանել է գողությունների ու գողության փորձերի մի շարք դեպքեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 21-ի առավոտյան ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում ստացվեց Դավիթ Բեկ թաղամասի մի բնակչից. գիշերը բակում կայանված նրա «Օպել Աստրա» մակնիշի մեքենայից գողացել էին 40 հազար դրամ:

Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում էլ Կապանի քրեական հետախույզները ձեռնարկեցին միջոցառումներ, և արդեն հաջորդ օրը, գողությունը կատարելու կասկածանքով, ձերբակալվեց և բաժին ներկայացվեց Լեռնագործների փողոցի բնակիչ, 21-ամյա մի երիտասարդ: Խոստովանելով արարքը` նա ներկայացրեց գողոնի կեսը` 20 հազար դրամ:

Հետագա միջոցառումների արդյունքում տղան պատմեց իր կատարած գողությունների ու գողության փորձերի մի շարք դեպքեր: Մասնավորապես, նոյեմբերի 10-ի գիշերը Լեռնագործների փողոցի մի բակում կայանված «Մերսեդես Բենց Վիանո» մակնիշի մեքենայի դուռը բացել ու փորձել էր գողություն անել, սակայն հարմար ոչինչ չէր գտել: Նոյեմբերի 16-ի գիշերը Ռ. Մինասյան փողոցի մի բակում բացել էր «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենայի դուռը և գողացել ութ հազար դրամ, այնուհետև «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենայից գողացել էր չորս հազար դրամ և ծխախոտ: Նոյեմբերի 21-ի գիշերը Դավիթ Բեկ թաղամասում բացել էր «Նիսան Տիդայի» և երկու «Ֆոլքսվագենի» դռները, սակայն միայն մի մեքենայում էր գտել հազար դրամ:

Բոլոր մեքենայատերերից ընդունվել են հաղորդումներ:

Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս