«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, որ հեռացել էր երկրից, երեկ վերադարձել է: Սակայն խմբակցության հետ նա հարաբերությունները սառեցրել է. հիմնականում չի մասնակցում նիստերին: Խմբակցության մեծամասնությունն անտեղյակ է. ե՞րբ է նա գնում-գալիս երկրից:
«Ժողովուրդ» օրաթերթը «Հայաստան» խմբակցությունից հարցուփորձ արեց Վահե Հակոբյանի մասին, պարզվեց՝ նա իր երկու կուսակիցների հետ մեկուսացել է: Նշենք, որ «Վերածնվող Հայաստանից» ընդամենը երկու ներկայացուցիչ կա ԱԺ-ում այս պահին՝ Հռիփսիմե Ստամբուլյան, Ելենա Կիրակոսյան, որոնք Վահե Հակոբյանի հետ մի կողմ են քաշվել եւ սպասում են հարմար պահի, որ մանդատները վայր դնեն կամ սպասեն՝ իշխանությունը իրենց զրկի մանդատներից, քանի որ թույլատրելի բացակաների շեմը վաղուց անցել են: Կարճ ասած, Վահե Հակոբյանի «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը փլվում է. նրա կուսակցության 7 անդամ պատգամավորներից Աննա Գրիգորյանը, Արթուր Սարգսյանը դուրս են եկել կուսակցությունից, Մխիթար Զաքարյանը մանդատը վայր դրեց ու հեռացել է քաղաքականությունից, անգամ երկրում չէ: Զեմֆիրա Միրզոյեւան ասորական համայնքի ներկայացուցիչն է եւ չի գնացել Վահե Հակոբյանի հետեւից: Այսինքն՝ առաջիկայում Սյունիքի մարզի հենքով կառուցված կուսակցությունը խորհրդարանում այլեւս ներկայացուցիչ չի ունենա: Ավելի վաղ նաեւ սյունեցի նախկին ու ներկա համայնքապետերն են հրաժարվել այդ կուսակցության անդամությունից»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։