Մնացական Մարտիրոսյանի՝ Հակակոռուպցիոն դատարանում դատավոր դառնալու որոշում կայացնողը մեկ մարդ է. ով է նա․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Թեեւ ողջ մասնագիտական ու քաղաքական հանրույթը քննարկում է հայտնի դատավոր Մնացական Մարտիրոսյանի հակակոռուպցիոն դատարանի դատավոր դառնալու հավանականության մասին, սակայն ամեն ինչ դեռ վերջնական չէ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ միայն մեկ մարդ է որոշելու, թե Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը ընտրվելո՞ւ է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր, թե՞ ոչ: Եւ այդ մեկ մարդը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է: Ավելին՝ դատական համակարգում տարածված խոսակցությունների համաձայն՝ ՀՀ նախագահը չի ստորագրի նրա նշանակման դիմումը, եւ այն հետ կուղարկի ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդ, որից հետո որոշում կայացնողը կլինի Նիկոլ Փաշինյանը՝ նրան իրավունքի ուժով նշանակե՞լ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր, թե՞ ոչ:

Նշենք, որ Մնացական Մարտիրոսյանը ԲԴԽ-ի կողմից ընտրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր, եւ հիմա նրա նշանակման դիմումը ուղարկվել է ՀՀ նախագահին, որ ստորագրի: Սակայն նկատենք, որ դատավոր նշանակվելուց առաջ բոլոր թեկնածուները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից անցնում են բարեվարքության ճանապարհով, եւ հանձնաժողովը դատավորի կամ դատավորի թեկնածուի մասին կարծիք է ներկայացնում, որը հետագայում դրվում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի սեղանին, ու նախագահն է որոշում՝ դատավորին ընդունե՞լ դատական համակարգ, թե՞ առարկությամբ հետ ուղարկել: Եվ, ահա, Մարտիրոսյանի թեկնածությանը բարեվարքության մասով բացասական գնահատական է տվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ինչպես նաեւ՝ ԲԴԽ-ի կողմից ներգրավված միջազգային փորձագետ Վիտալի Կասկոն: Տեսնենք՝ ինչ կլինի ապագայում»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս