Նիկոլ Փաշինյանը խաբել է․ մաս 141․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ի հեճուկս գլոբալ դժվարությունների՝ Հայաստանն ունի շատ հստակ, որոշակի տնտեսական հաջողություններ, եւ նաեւ այս համատեքսում, իհարկե, ոչ անմիջականորեն, բայց շատ կարեւոր եմ համարում, որ մի քանի օր առաջ հրապարակված տնտեսության ազատության ինդեքսը, որտեղ Հայաստանի Հանրապետությունը զբաղեցնում է 11-րդ տեղը աշխարհի 165 երկրների շարքում։ Այս սադրանքը նպատակ ունի կոտրելու Հայաստանի տնտեսական դինամիկան»,- 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա այս հայտարարությունը կրկնել են նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ՔՊ խմբակցության պատգամավորներ Գեւորգ Պապոյանն ու Բաբկեն Թունյանը։ Սակայն Փաշինյանի այս հայտարարությունը եւս, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը: Իշխանական թիմի ներկայացուցիչների խոսքերին անդրադարձել էր «Լույս» հիմնադրամը:

«2022թ.-ի տնտեսական ազատության ինդեքսի տվյալ զեկույցը հրապարակել է Fraser Institute-ը, համաձայն որի՝ Հայաստանը, այո՛, գտնվում է 11-րդ հորիզոնականում, սակայն ո՛չ նախարար Վահան Քերոբյանը, ո՛չ ՔՊ-ական պատգամավորները հարկ չհամարեցին իրենց խոսքում նշել, որ, թեեւ զեկույցը հրապարակվել է 2022թ.-ին, այն ներկայացնում է աշխարհի 165 երկրների տնտեսական ազատության պատկերը 2020թ.-ի դրությամբ»,- նշել էր «Լույս» հիմանդրամը։ Հիմնադրամը նաեւ շարունակել է. «Փոխարենը նախարար Քերոբյանն ու ՔՊ-ական պատգամավորները նախընտրեցին մանիպուլացնել զեկույցում տեղ գտած արդյունքները՝ նշելով, թե այն տնտեսական բարեփոխումները, որը գործող իշխանությունները իբրեւ թե իրականացրել են վերջին 4 տարիների ընթացքում եւ այն օրենքները, որոնք ընդունել են վերջին 4 տարիների ընթացքում ամբողջովին նպաստել են Հայաստանում տնտեսական միջավայրի ազատականացմանը, եւ դրանք միայն բառեր չեն, այլ կոնկրետ գործողություններ, որոնք միջազգային կազմակերպությունները հստակ գնահատականով արձանագրել են»,- հավելել էր «Լույս»-ը։ Նույն կազմակերպությունը մեկ այլ հիմնադրամի կողմից հրապարակված զեկույց էր ներկայացրել: Համաձայն «Հերիթեյջ» հիմնադրամի կողմից հրապարակված զեկույցի՝ Հայաստանում 2022թ. տնտեսական ազատության ինդեքսը նախորդ տարվա համեմատ նվազել է 6.6 միավորով եւ կազմել 65.3 միավոր, իսկ համաշխարհային վարկանիշային աղյուսակում Հայաստանի դիրքը վատթարացել է 26 հորիզոնականով, եւ նախորդ տարվա 32-րդ հորիզոնականից Հայաստանն այս տարի հայտնվել է 58-րդ հորիզոնականում: Այսինքն՝ հերթական անգամ Նիկոլ Փաշինյանն անձամբ եւ իր թիմի անդամները եւս խաբել են ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս