Այրվածքաբանության ողջ ինստիտուտը տեղավորել են մի հարկաբաժնում․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ Առողջապահության նախարարությունը 2022 թվականի ապրիլի 7-ի Կառավարության որոշման համաձայն՝ միաձուլման ձեւով վերակազմակերպեց երկու անհամատեղելի կառույցների՝ «Մաշկաբանության ազգային կենտրոն» եւ «Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ները՝ ստեղծելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Այրվածքաբանության եւ մաշկաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ Առողջապահության նախարարությունը որոշում է կայացրել Դավիթաշեն վարչական շրջանում գտնվող Այրվածքաբանության ազգային կենտրոնի տարածքը տրամադրել Պետական առողջապահության գործակալությանը (ՊԱԳ)-ին, իսկ Այրվածքաբանության ազգային կենտոնը նախատեսվում է տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ՝ տեղավորելով մի հարկում: Գլխավորն այն է, որ նախարար Ավանեսյանի սրտի ֆինանսիստը՝ ՊԱԳ ղեկավար Ահարոն Բարսեղյանը, ունենա առանձին մասնաշենք: Հիշեցնենք, որ Բարսեղյանը այստեղ է տեղափոխվել աշխատանքի Անահիտ Ավանեսյանի մայրիկին պատկանող տարածքում գտնվող «Վիգմոր» կլինիկայի ֆինանսիստի հաստիքից: Իսկ նախարարն ամեն ինչ անում է՝ հրապարակավ ապացուցելու, թե «Վիգմոր» կլինիկայի հետ որեւէ առնչություն չունեն ընտանքով:

Ինչեւէ, դառնալով կայացված որոշմանը՝ նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը բազում դժգոհություններ է ստացել այն մասին, որ Առողջապահության նախարարության անհեթեթ որոշման արդյունքում կրճատվում է աշխատակիցների հաստիքացուցակը եւ ավելանում է գործազրկությունը:
Ամեն դեպքում, խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց կողմերի հետ՝ հասկանալու, թե ինչպես պետք է մեկ հարկաբաժնում կազմակերպվի մի հսկա կառույցի աշխատանքը: Այրվածքաբնության ազգային կենտրոնի տնօրեն Արթուր Բերբերյանն ասաց, թե. «Բոլոր հարցերով դիմեք Առողջապահության նախարարություն»: Իսկ, ահա, «Մաշկաբանության ազգային կենտրոնի» տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանն ասաց, որ շարունակում են կատարել իրենց մասնագիտական պարտականությունները, ավելին ասել չի կարող:

Այսպիսով՝ ՀՀ առողջապահության իրավաբան նախարարը իր ոչ պրոֆեսիոնալ մոտեցմամբ եւս մեկ անգամ հարցականի տակ է դնում առողջապահական ոլորտի երկու կարեւոր ուղղությունների գործունեությունը՝ արդյունքում խառնաշփոթ ստեղծելով առողջապահական ոլորտում: Հիշեցնենք, որ նախարար Անահիտ Ավանեսյանն առողջապահական ոլորտի հետ որեւէ առնչություն չունի: Ավելին՝ Կառավարության որոշման մեջ անգամ մեկ նախադասությամբ ընդգծված չէ, թե ինչ է լինելու «Մաշկաբանության ազգային կենտրոնի» ճակատագիրը:
Բայց սա չի խանգարում, որ լայն ժպիտով գնա, կանգնի եւ լուսանկարվի ճապոնացիների կողմից նվեր ուղարկված շտապօգնության մեքենաների ֆոնին»:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

 




Լրահոս