ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐԸ ԿՆՎԱԶԵՑՎԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունն իր՝ նոյեմբերի 17-ի նիստում հավանություն տվեց «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի փոփոխությունների նախագծին եւ այն անհետաձգելի համարեց:

 

Նախագծով առաջարկվում է առանձնակի ռիսկային եւ մասնագիտացում պահանջող պաշտոն զբաղեցնողների, ինչպես նաեւ՝ Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի եւ դատավորի պաշտոններ զբաղեցնող անձանց լրացուցիչ աշխատավարձը՝ հավելումը եւ հավելավճարը, նվազեցնել բազային աշխատավարձի բարձրացման չափով։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Հակակոռուպցիոն կոմիտեի ֆինանսական անկախությունն ապահովելու նպատակով քննիչին վճարվող աշխատավարձի չափը նախատեսվել էր սահմանել 1 միլիոն ՀՀ դրամ, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող անձինը՝ 600.000 ՀՀ դրամ, hակակոռուպցիոն մասնագիտացված դատարանի դատավորի համար նախատեսվել էր սահմանել մոտ 1.500.000 ՀՀ դրամ աշխատավարձ:

Օրենքով՝ որպես հավելում վճարելու հիմք սահմանվեց առանձնակի ռիսկայնություն պահանջող պաշտոն զբաղեցնելու հանգամանքը, եւ այդ դեպքում սահմանվեց 100 տոկոսի չափով հավելում:

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հիմնական աշխատավարձի հաշվարկման համար սահմանված է 14.50 գործակից, իսկ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի համար՝ 14.00 գործակից։ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պարագայում հիմնական աշխատավարձը ներկայում կազմում է 959 030 դրամ (բազային աշխատավարձը՝ 66 140 դրամ), նույն չափով էլ հավելում:

Բացի այդ, հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց համար նախատեսված է նաեւ հավելավճար, որը կարող է կազմել մինչեւ 30 տոկոս: Այսինքն՝ հիշյալ խմբի անձանց հիմնական աշխատավարձից բացի վճարվում է նաեւ լրացուցիչ աշխատավարձ, որը կարող է լինել պաշտոնային դրույքաչափի մինչեւ 130 տոկոսի չափով:

Կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 29-ի նիստում հավանության է արժանացել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է 2023 թվականի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը սահմանել 75.000 դրամ:

Նվազագույն աշխատավարձի բարձրացման արդյունքում օրենքով սահմանված կարգով պետք է բարձրանա նաեւ պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձը, որը կկազմի 83.200 դրամ:

Բազային աշխատավարձը 83.200 դրամ սահմանելու պարագայում վերը նշված բոլոր պաշտոնյաների աշխատավարձերը նորից կբարձրանան, եւ աշխատավարձերի խզվածքը ավելի կմեծանա:

Նախագծով առաջարկվում է առանձնակի ռիսկային եւ մասնագիտացում պահանջող պաշտոն զբաղեցնողների, ինչպես նաեւ՝ ՍԴ նախագահի, փոխնախագահի եւ դատավորի պաշտոններ զբաղեցնող անձանց լրացուցիչ աշխատավարձը՝ հավելումը եւ հավելավճարը, նվազեցնել բազային աշխատավարձի բարձրացման չափով։ Ընդ որում, հավելումների առաջարկվող չափով պահպանվում է ներկայում միջին հաշվով վճարվող աշխատավարձի ընդհանուր չափը՝ պաշտոնային դրույքաչափ, հավելում կամ հավելավճար եւ ամսական պարգեւատրում՝ աշխատավարձի 30 տոկոսի չափով։ Հավելումների նվազեցման արդյունքում ամսական աշխատավարձի ընդհանուր չափը որպես կանոն մնում է նույնը։

 

 

ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱԳՐԵՍԻԱՆ

Ֆրանսիայի Հայ դատի հանձնախումբը բարձր է գնահատում ֆրանսիայի Սենատում միաձայն ընդունված բանաձևը, որը խիստ դատապարտում է ադրբեջանական ագրեսիան։ Դեմ է քվեարկել միայն ադրբեջանամետ եւ Ալիեւների կլանի մտերիմ Նատալի Գուլեն, որի կոռումպացված լինելն արդեն ակնհայտ է բոլորի համար:

 

ՀՅԴ-ից հայտնում են, որ այս բանաձեւը եւս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի եւ Արցախի ժողովուրդների անվտանգության եւ իրավունքների հարցի շուրջ կա Ֆրանսիական քաղաքական կոնսենսուս, մասնավորապես՝ օրենսդրական մակարդակում։ Եվ մենք առաջիկա օրերին սպասում ենք համանման բանաձեւի ընդունմանը Ֆրանսիայի Ազգային ժողովում։

Այս բանաձեւը Ֆրանսիայի կառավարության համար առավել բարձր ճնշում եւ պարտավորություն կլինի, որպեսզի իր եվրոպացի գործընկերների հետ ի վերջո պատժամիջոցներ ձեռնարկի ադրբեջանական ագրեսորի դեմ։ Այս հարցում Ֆրանսիայի հայ համայնքը, Հայ Դատի հանձնախումբը եւ ֆրանսիացի պատգամավորները միայնակ կլինեն, եթե Հայաստանի իշխանությունները ու հայաստանյան դիվանագիտությունը չգործեն նույն ուղղությամբ։

Կա երկրորդ՝ շատ կարեւոր կետ բանաձեւի մեջ։ Այն ժամանակ, երբ տարբեր քաղաքական ուժեր փորձում են խեղդել Արցախի ժողովրդի իրավունքների շուրջ քննարկումները եւ նյութը փակ համարել, հատկանշական է, որ Ֆրանսիայի Սենատը վերահաստատում է իր 2020-ի պահանջը Ֆրանսիայի կառավարությանը՝ եւս մեկ անգամ կոչ անելով ճանաչել Արցախի Հանրապետությունը։

Սենատը նաեւ պահանջում է Արցախում ֆրանսիական մարդասիրական կենտրոն հիմնել։

Հայ Դատի հանձնախումբը սատարում է այս առաջարկը եւ վերահաստատում է իր անվերապահ պատրաստակամությունը՝ համագործակցելու Ֆրանսացի քաղաքական դասակարգի հետ՝ ի շահ Հայաստանի եւ Արցախի ժողովրդի անվտանգության, անկախության եւ ազատագրության։

 

 

 

 

ԴԵՌ ՇԱՏ ԳՈՐԾ ԿԱ

Դիլիջան քաղաքում  ընթանում են Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի՝ 5կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքները: Վերանորոգվող հատվածը սկիզբ է առնում Դիլիջանի ոլորաններից եւ ձգվում մինչեւ  Դիլիջանի օղակաձեւ հատված՝ Մ-4 եւ Մ-8 միջպետական ճանապարհի հատման կետ։ Ծրագրով նախատեսված են մայթերի կառուցում, հենապատի նորոգում, ասֆալտբետոնե ծածկի տեղադրում, ճանապարհին առկա կամրջի նորոգում, անվտանգության տարրերով ճանապարհի կահավորում։ Պետական բյուջեից այդ նպատակով հատկացվել է մոտ 1 միլիարդ դրամ։ Նախատեսված է հիմնանորոգումը ավարտել մինչեւ ընթացիկ տարվա վերջ։ Թե ճանապարհաշինական որ ընկերությունն է կատարում այդ աշխատանքները, այդ մասին հիմնանորոգվող հատվածում տեղեկատվական ցուցանակներ տեղադրված չեն։  Հաջողվեց պարզել, որ նորոգման աշխատանքներն իրականացնում  է «Եվրոասֆալտ» ընկերությունը, որի տնօրենը Աժ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբայր Կառլեն Սիմոնյանն է։ Դիլիջանում ընթացող ճանապարհի  նորոգման պատճառով ճանապարհաշինարարները պարբերաբար փակում են ճանապարհը, որի հետեւանքով ավտոմեքենաների մեծ կուտակումներ են լինում։ Նորոգվող հատվածում ճանապարհային կամրջի նորոգման, ճանապարհաեզրերին եզրաքարերի տեղադրման, ճանապարհի ծածկի ասֆալտապատման աշխատանքները կիսատ են. դեռ շատ գործ կա անելու։ Առաջիկայում Դիլիջան քաղաքում սպասվում են  ուշ աշնանային անձրեւներ եւ ձյուն, ինչը կխանգարի ընթացող աշխատանքներին։ Ուստի,  կասկածահարույց է, որ Կառլեն Սիմոնյանի  տնօրինած ընկերությունը մինչեւ այս տարվա վերջ կավարտի ճանապարհի նորոգումը, որի համար պետական բյուջեից բավականին ճոխ՝ շուրջ մեկ միլիարդ դրամի ֆինանսավորում է հատկացվել։

 

 

 

ԳՐԱԴԱՐԱՆԸ ԴԱՏԱՐԿՎԵՑ

«Փոքրիկ ազատ գրադարան» նախագծի հեղինակներն են ամերիկացիներ Թոդ Բոլը եւ Ռիկ Բրուքսը: Ավելի քան 20 երկրներում տեղադրված են տասնյակ հազարավոր փոքրիկ տնակների նմանվող գրադարաններ: Կանադահայ գործարար, Իջեւան քաղաքում վերաբնակեցված Վահրամ Վահրամյանի աջակցությամբ 2016թ.-ին Իջեւանում «Փոքրիկ ազատ գրադարան» նախագծի շրջանակներում տեղադրվեցին փոքրիկ տնակ-գրադարաներ, որոնցից կարող էին օգտվել բոլոր ցանկացողները: Ընթերցողները գիրքը կարդալուց հետո այն վերադարձնում էին գրադարանին: Ամիսը մեկ անգամ  թարմացնում էին գրադարանի գրքերը: Ծրագրի նպատակն էր մարդկանց մեջ սեր արթնացնել գրքի հանդեպ: Իջեւան քաղաքի կենտրոնական հատվածում վեց տարի առաջ տեղադրված փոքրիկ գրադարաններն այժմ դատարկ են… Վահրամ Վահրամյանն էլ անցյալ տարի մահացել է։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս