ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունն իր՝ նոյեմբերի 17-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրերի շրջանակներում միանգամից 3 ընկերությունների ազատեց մաքսատուրքից:

 

Նրանցից առաջինը «ԵՎՐՈՊԼԱՍՏ 999» ՍՊԸ-ն է, որը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել կախովի առաստաղների արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երեւան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2018 թվականին։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 2,4 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 69 նոր աշխատատեղ՝ մինչեւ 170 հզր դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 3.3 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 189 մլն դրամ:

Երկրորդ ընկերությունը  «ՅՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՔԼՈԶՐՍ»  ՓԲՏ-ն է, որը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել ալյումինե կափարիչների արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Կոտայքի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականին։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 2.8 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։

Երրորդ ընկերությունը «ՀՐԱՇՔ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն է, որը ներմուծվող սարքավորումները եւ հումքը նախատեսում է օգտագործել տարբեր տեսակի կահույքի ինչպես նաեւ՝ ներքնակների արտադրության համար։

Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Արարատի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 2018 թվականին։

Արդեն իսկ իրականացվել է 200 մլն դրամի ներդրում։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 800 մլն դրամի կապիտալ ներդրում։

Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 80 նոր աշխատատեղ՝ մինչեւ 400 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 790.5 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 54.6 մլն դրամ։

 

 

 

 

ԾՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱԶՈՒՄ Է

Հայաստանում 2022 թվականի առաջին 9 ամսում նվազել են ծնելիության եւ մահացության ցուցանիշները։ Մեր երկրում սկսել են նաեւ ավելի քիչ ամուսնանալ եւ ավելի շատ ամուսնալուծվել։

Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2022 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանում ծնվել է 26.511 երեխա։ Այս ցուցանիշը 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 336-ով (26847 ծնված)։ 2022 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում երկրում մահացել է 20597 մարդ, ինչը 3077-ով քիչ է 2021 թվականի ցուցանիշից:

Բացի այդ, 2022 թվականի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում կնքվել է 12.305 ամուսնություն, մինչդեռ 2021 թվականի նույն ժամանակահատվածում այս թիվը 12.796 է եղել։ Ամուսնացողները քիչ են, փոխարենն ամուսնալուծություններն են շատ. ընթացիկ տարվա առաջին 9 ամսում այդ ցուցանիշը կազմել է 3379, ինչը 82-ով շատ է 2021 թվականի ցուցանիշից։

Նշենք, որ ՄԱԿ-ի կանխատեսման համաձայն՝ Հայաստանում ծնունդների թիվը 2050 թվականին կարող է նվազել՝ հասնելով 24.000-ի։ Իսկ երկրի բնակչությունը 30 տարի անց կարող է ընդամենը 2,6 միլիոն լինել։

 

 

 

 

«ԵՐԵՎԱՆ ՊԱՐԿԸ» ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ Է

Կառավարությունն իր՝ նոյեմբերի 17-ի նիստում գերակա ոլորտում ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատեց Երեւանի Մոնթե Մելքոնյան փողոցի վրա «Երեւան պարկը» կառուցած «ՊԱՐԿ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին:

Վերջինս ներմուծվող սարքավորումները նախատեսում է զարգացնել տարածաշրջանում նմանատիպը չունեցող՝ մանկական, երիտասարդական, ընտանեկան հանգստի, ժամանցի եւ զվարճանքների այգին՝ ավելացնելով եվրոպական արտադրողների ատրակցիոններ, մեծ սահադաշտ եւ դեկորացիաներ։

Ծրագիրն իրականացվելու է Երեւան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականին։

Արդեն իսկ իրականացվել է 15 մլրդ դրամի ներդրում։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 1.8 մլրդ դրամի կապիտալ ներդրում։

Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 15 նոր աշխատատեղ՝ մինչեւ 265 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1.5 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 131 մլն դրամ։

Հիշեցնենք, որ այս ընկերությունը «Երեւան պարկը» կառուցելիս 2019-ին նույնպես մաքսատուրքից ազատման արտոնություն էր ստացել:

 




Լրահոս