ՀՈՒՇ-ՑԵՐԵԿՈՒՅԹ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԵՐՈՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 16-ին Երեւանի թիվ 22 դպրոցում, որը 44-օրյա պատերազմից հետո անվանակոչվել է պատերազմի հերոս Գեւորգ Արշակյանի անունով, տեղի ունեցավ նրան նվիրված հուշ-ցերեկույթ:

 

Միջոցառմանը հրավիրված էին Գեւորգի ընկերները, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը եւ այլք:

Ցերեկույթին աշխակերտների շուրթերից հնչեցին ցավի, մորմոքի, հպարտության եւ խիզախության տողեր, որոնք ինքնին բնորոշում են գիտելիքի անհագ դարբնոց Գեւորգ Արշակյանին. նրա համար գլխավոր զենքը գիտելիքն էր, որը սակայն հայրենիքի պաշտպանության գաղափարի առաջ երկրորդական շարք անցավ:

«Հիմք ընդունելով «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետը եւ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի` 2021 թվականի հունվարի 20-ի N17-Ն հրամանի հավելվածի 12-րդ կետի 2-րդ եւ 3-րդ ենթակետերը եւ, հաշվի առնելով, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 12.05.2022թ. N/10/20745-2022 գրությունը՝ Երեւան քաղաքի ավագանին որոշում է. «Երեւանի N 22 հիմնական դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպությունն անվանակոչել Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Գեւորգ Արշավիրի Արշակյանի անվամբ՝ «Երեւանի Գեւորգ Արշակյանի անվան N22 հիմնական դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպություն:

Հարցը քննարկվել եւ հավանության է արժանացել դպրոցի մանկավարժական, աշակերտական, ծնողական եւ կառավարման խորհուրդների կողմից:

Գեւորգ Արշակյանը ծնվել է 12.11.1996 թվականին Երեւանում: Դպրոցական տարիներին հայոց պատմություն առարկայից երկու անգամ, եւ ստեղծագործական շարադրություն անվանակարգում մեկ անգամ արժանացել է հանրապետական եւ հասարակական օլիմպիադաների 1-ին կարգի դիպլոմների: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երեւանի պետական համալսարան եւ միաժամանակ սովորել երկու ֆակուլտետում՝ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետում՝ առկա, իսկ իրավագիտության ֆակուլտետում՝ հեռակա ուսուցմամբ: Երկու ֆակուլտետներում ուսումնառությունն ավարտել է գերազանցությամբ: Զուգահեռաբար սովորել է նաեւ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, որն ավարտելուց հետո ստացել է լեյտենանտի կոչում եւ կամավոր մեկնել ժամկետային ծառայության՝ Արցախ (Մատաղիս): Գեւորգը ԵՊՀ-ում ուսանելու տարիներին ԵՊՀ բրոնզե մեդալակիր է եղել եւ երկու անգամ՝  «Դավիթ Անհաղթի» անվան կրթաթոշակառու: Համալսարանի ուսխորհրդի անդամ էր, գիտակրթական հանձնաժողովի նախագահ, ԵՊՀ գիտխորհրդի եւ գիտական կոչումներ շնորհող հանձնաժողովի անդամ:

Մատաղիսում զինվորական ծառայությունն ավարտել է 2020թ. օգոստոսին, ստացել ավագ լեյտենանտի կոչում եւ զորացրվել: Պատերազմի լուրը ստանալուն պես՝ սեպտեմբերի 28-ին, Գեւորգը ԵՊՀ-ում կազմել է կամավորական ջոկատ եւ մեկնել Մատաղիս, իսկ նահանջից հետո երկու շաբաթ գտնվել է Ալաշանում. թոքաբորբով հիվանդանալուց հետո տեղափոխվել է Երեւան եւ բուժվելուց հետո՝ նորից վերադարձել Ալաշան:

Նոյեմբերի 5-ին, որպես վաշտի հրամանատարի տեղակալ, մասնակցել է Շուշիի պաշտպանական մարտերին, ստացել է երկու հրազենային վիրավորում, շարունակել է մարտը մինչեւ գիտակցության կորուստը: Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ հերոսը մահացել է: Գեւորգ Արշակյանը հայրենիքի պաշտպանության եւ պետության անվտանգության ապահովման գործում նշանակալի ավանդ է ներդրել, որի համար Արցախի Հանրապետության նախագահի՝ 2021թ. փետրվարի 17-ի հրամանագրով պարգեւատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով, ՀՀ նախագահի 2021թ. մայիսի 12-ի հրամանագրով՝ «Մարտական ծառայություն» մեդալով:

«Երեւանի N22 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ն Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Գեւորգ Արշավիրի Արշակյանի անվամբ անվանակոչելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացվել է դպրոցի տնօրինության կողմից:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ՀԱՅԿՈՅԻ ՀԱՄԵՐԳԸ՝ ԱՄՆ-ՈՒՄ

Երեկ ԱՄՆ-ի հայաշատ Լոս Անջելեսի «Ալեքս» թատրոնում կայացավ ՀՀ վաստակավոր արտիստ, սիրո հավերժ երգիչ Հայկոյի հիշատակին նվիրված մեծ համերգ, որին ներկա էին երգչի հարազատ ընկերներն ու մտերիմները:

 

Ի դեպ, նշենք, որ համերգը կրում է «Սերը սիրուց հետո՝ կարոտով…» խորագիրը:

Հիշեցնենք, որ 2021 թվականի սեպտեմբերի 21-ին կորոնավիրուսի համավարի պատճառով  մահացավ երգիչ, երգահան Հայկոն. նա 48 տարեկան էր։

Սեպտեմբերի 29-ին երգիչը ծանր վիճակում տեղափոխվել էր «Միքայելյան» համալսարանական հիվանդանոց։

Հայկոն 1987 թվականին ավարտել է Երեւանի՝ Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցը եւ ընդունվել Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան։ 1999 թվականին ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։

1998, 1999, 2002, 2003 եւ 2006 թվականներին հայկական երաժշտական ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ Հայկոն արժանացել է «Տարվա լավագույն երգիչ» մրցանակին։

2006 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով նրան շնորհվել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչում։

2007 թվականին ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի ժամանակ եւ զբաղեցրել 8-րդ տեղը։ 2007, 2010 եւ 2011թթ. արժանացել է «Տարվա լավագույն կոմպոզիտոր» մրցանակին՝ «Մի վախեցիր», «Սպանված աղավնի», «Խաչագողի հիշատակարանը» ֆիլմերի երաժշտության համար։ Գրել է նաեւ «Ոչինչ չի մնա», «Գարեգին Նժդեհ» ֆիլմերի սաունդթրեքները։

Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ԳԵՂԱՍԱՀՈՐԴ Է ՄԱՀԱՑԵԼ

76 տարեկանում մահացել է լեգենդար խորհրդային գեղասահորդ Ալեքսանդր Գորշկովը, որը 2010 թվականից Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահն էր։

Ալեքսանդր Գորշկովը Լյուդմիլա Պախոմովայի հետ 1976թ. Ինսբրուկի Օլիմպիական խաղերի չեմպիոնն է պարային զույգերի պայքարում։

Նրանք նաեւ 6 անգամ նվաճել են աշխարհի չեմպիոնի եւ 6 անգամ՝ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսները։ Նրանք կարիերան ավարտել էին 1977 թվականին։

 

 

 

 

ՌՈՒՍԱՏՅԱՑՈՒԹՅԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանում հայատյացության քարոզչությանը գումարվել է ռուսատյացության քարոզչությունը։ Վառ օրինակ է դարձել Ադրբեջանում հայտնի երգիչ Ազիզ Ալիեւի հոլովակը՝ ռուս խաղաղապահների մասին։

Ադրբեջանական «պլագիատի» վատ ավանդույթներին համապատասխան՝ երաժշտամերձ արվեստի սույն ներկայացուցիչը ռուսատյացության քարոզչության համար օգտագործել է «Սմուգլյանկա»-ի մեղեդին։ Արդյունքը, մեղմ ասած, զզվանք է առաջացնում։

Եվ այսպես, «Խաղաղապահներ» համույթ։ Կատարողներ՝ Ազիզ Ալիեւ եւ Լյուբա։

Ներկայացնում ենք «երգի» թարգմանությունը. չնայած՝ ադրբեջաներեն չգիտենք, բայց «տուրիստ», «դուշման», «վիզա» բառերը բացատրում են՝ ինչն ինչոց է:

«Արդեն երկու տարի Ղարաբաղում տուրիստներ են տեղակայված:

Իրենց պահվածքով նրանք մեր զզվանքն են առաջացնում:

Մեզ հյուր են եկել, տեղավորվել միջանցքում, որով զենք են փոխադրում մեր թշնամիների համար:

Քանդում են լքված տների տանիքները:

Հանդիպում են անջատողականների հետ եւ հայերի հետ ձեռք ձեռքի տված՝ տարբեր խաղեր են խաղում:

Նրանք շատ բեռներ են բերում Ղարաբաղ,

եւ այնտեղ են ուղարկել Վարդանյանին՝ ավազակներից մեկին:

Շուտով կավարտվեն տուրիստների վիզաները:

Եվ Վարդանյանը կվերադառնա իր տուն,

իսկ եթե  նրանք ցանկանան նորից գալ Ղարաբաղ, պետք է տոմս գնեն տուրիստական գործակալությունում:

Քանդում են լքված տների տանիքները:

Հանդիպում են անջատողականների հետ:

Ժամանակն է, որ խաղաղապահները վերադառնան իրենց տուն:

Իսկ Փաշինը ժամանակ է ձգում:

Բայց Փաշինը ոչինչ չի վճռում,

եւ ասում է, որ այս հողերն ադրբեջանական են»։

 




Լրահոս