ԴՈԼԱՐԸ ԱՐԺԵԶՐԿՎԵԼ Է, ԴՐԱՄԸ՝ ԱՐԺԵՎՈՐՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է Ազգային ժողովի  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, խորհրդարանի տնտեսական հարցերի մշտական  հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը:

 

-Պարոն Պապոյան, այժմ դոլարը Հայաստանում արժեզրկվում է իսկ դրամն արժեւորվում է, բայց գնաճը գնալով ավելանում է, տնտեսագետների մի մասն  այս իրավիճակը իհարկե բացատրում է   Հայաստանում ապահովվող անդադար հոսքերով, բայց, ասում են, որ դրամի արժեւորման պայմաններում հնարավոր է գնաճը ինչ-որ ձեւով բալանսի բերել, Ձեր տեսակետը ո՞րն է:

-Վերջերս ես բավականին խոր վերլուծություն եմ կարդացել, որը կատարվել էր   կենտրոնական բանկի վերլուծաբանների   կողմից, եւ նրանք  նշել էին, որ տարբեր սցենարաների պարագայում՝ նվազագույն գնաճը Հայաստանում ոչ թե 9 կամ 9.5  տոկոս կլիներ, այլ  15 ու ավել տոկոս, ընդհուպ՝ էլ ավելի բարձր տոկոս, եթե տեղի չունենար 2 երեւույթ. կենտրոնական բանկը չթանկացներ փողը եւ, որ ավելի կարեւոր է այս պահին, դոլարը չարժեզրկվեր  եւ դրամը չարժեվորվեր:Իրականում մենք գնաճ ունենք, բայց այդ գնաճը ինչ-որ տեղ զսպվում է այդ գործոնով: Օրինակ, եթե միջազգային շուկայի որեւէ ապրանքի գինը  ավելացել է մի քանի տոկոսով ապա Հայաստանում դրա վրա 25 տոկոսով պետք է ազդեր, սակայն ազդել է 10 կամ 12 տոկոսով՝ ի հաշիվ դոլարի արժեզրկման եւ դրամի արժեվորման: Ես համաձայն եմ, որ կարող է օբյեկտիվ ակնկալիք լինել. օրինակ՝ 20 տոկոսով դոլարը կամ եվրոն արժեզրկվել են, ուրեմն ուղիղ նույն չափ՝  ապրանքների գները պետք է իջնեին: Դա տեղի չի ունեցել, քանի որ այդ ապրանքի գինը դրան զուգահեռ 30 տոկոսով ավելացել է:

-Իսկ ավելացման պատճառը ո՞րն է:

-Միջազգային շուկաներոմ տարբեր պատճառներով  ապրանքների գներն ավելացել են: Օրինակ՝ քովիդի պատճառով, դրան հետեւած՝ տնտեսական զարգացումների պատճառով, ռուս-ուկրաինական պատերազմի….: Ըստ էության, պատերազմը  ընթանում է այնտեղ, որտեղ  հացի համաշխարհային շտեմարաններից մեկն է: Պատերազմի հետեւանքով այն ռումբերը, որոնք ընկնում եւ պայթում են, խաթարում են որոշ երկրներ հացի ներմուծումը,  եւ այդ ներմուծման բացակայությունը նպաստում է պարենային գների  բարձրացմանը շուկայում: Եթե ցորենի գինը նախատեսվում է բարձրացնել, ապա բնականաբար այն ազդում է նաեւ բրնձի գնի վրա, եւ այնպես չէ, որ տվյալ թանկացումը ազդելու է միայն ցորենի վրա: Շուկայում գոյություն ունի ապրանքների  փոխշաղկապվածություն, եւ եթե թանկանում է մի ապրանք, ապա դա տարածվում է մյուս ապրանքների վրա այդ փոխկապակցվածության պատճառով: Համաշխարհային ֆենոմենը եւ դրա  ապացույցը այն է, որ բոլոր պետեւթյունների մեջ  գնաճի ամենացածր դրսեւորումը Հայաստանում է: ԵԱՏՄ երկրներում ամենացածր գնաճն ունի Հայաստանը, եւ այն հավասար է արեւելյան եվրոպական երկրների մեծ մասի հետ, քանի որ մենք գնաճով ավելի շատ նման ենք արեւելյան երկրներին:

-Բայց այս գնաճներին զուգահեռ մեզ մոտ  չեն բարձրանում մեր աշխատավարձերը:

-Հայաստանում 9 ամսվա կտրվածքով աշխատավարձերը ավելացել են,  միջինը՝ մոտավորոպես 12 տոկոսով, եթե չեմ սխալվում:

-Դուք նկատի ունեք ե՛ւ մասնավոր ե՛ւ պետական ոլորտներու՞մ:

-Մասնավոր ոլորտում՝ 16.2 տոկոս, ցավոք սրտի, պետական ոլորտում՝ 4.5 տոկոս: Այս բարձրացումը իմ կարծիքով պետք է տեղի ունենար: Մասնավորը, տեսնելով այս թանկացումներ,ը արդեն իսկ բարձրացրել էր իր աշխատողների աշխատավարձերը, եւ պետությունը, ցավոք սրտի, քիչ էր բարձրացրել պետական աշխատողի աշխատավարձը, սակայն պետք է է՛լ ավելի բարձրացնի: Իրականում բոլոր այս տեսակները մի կողմ, ընդհանուր բարձրացումը գնահատվել է 4.5 տոկոս: Ես, կներեք, չեմ ցանկանում համաձայնել Ձեր խոսքին, թե բարձրացում չկա աշխատավարձերի, քանի որ այն կա, եւ այն արտահայտված է թվերով եւ վճարված հարկերով: Դա փաստ է, եւ մարդիկ ներկայացնում են աշխատավարձեր եւ դրա դիմաց  վճարած հարկեր: Եթե իրատեսորեն նայենք այս ամենին, ապա կտեսնենք, որ կան շատ ավելի չգրանցված աշխատողներ եւ չհարկվող աշխատողներ:

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

 

 

ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ «ՍՏԻ ՓՈՒՉԻԿԸ»

2020 թվականի մարտի 11-ին Սյունիքի մարզի Տաթև համայնքում սահմանադրական հանրաքվեի նախընտրական քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, որ Արցախն Ադրբեջանի մաս չի կարող լինել: Նիկոլ Փաշինյանը, ի թիվս այլ մեղադրանքների, ասել էր, որ Սարգսյանի իշխանությունը 42 մլն դոլարի զենք է ձեռք բերել, որը հնարավոր չէ կիրառել ռազմական գործողությունների ժամանակ:

 

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք 42 մլն դոլարի ձեռք բերված ենթադրյալ անպետք զինատեսակի քրեական գործի շրջանակներում կալանավորվել էր ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի՝ ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերի բաժնի նախկին պետ, 44-օրյա պատերազմի հանձնաժողովի անդամ Վահան Ավետիսյանը: Այս աղմկահարույց քրեական վարույթով նոր հանգամանք է ի հայտ եկել: Մեզ հետ զրույցում փաստաբան Սասուն Ռաֆաելյանը մանրամասներ հայտնեց:

Փաստացի՝ Նիկոլ Փաշինյանը մեղադրանքներ հնչեցրեց ՀՀ երրորդ նախագահի հասցեին, իսկ փորձաքննությունը միանգամայն այլ բան է ապացուցել: Նիկոլ Փաշինյանն իր այս խոսքով խախտել է անմեղության կանխավարկածը եւ կրկին անգամ առանց հիմնավորման մարդկանց մեղադրել է չարած արարքի մեջ:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

«ԹՎԵՐԸ ԿԱՏԱՍՏՐՈՖԻԿ ԷԻՆ»

«Զինված ուժերում բազային կրթությամբ սպայական կազմը համալրելու հետ կապված բավականին լուրջ խնդիրներ ունենք»-, ահազանգում է Ազգային ժողովի պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը:

«Տարիներ ի վեր, – ասում է, – սպայական կազմը համարժեք կրթություն ստացած սպաներով գրեթե չի համալրվել»: Ու դրա պատճառը, ըստ նրա, միայն պատերազմը չէր. ռազմաուսումնական հաստատություններ ընդունվելու համար դիմողների քանակը սկսել է նվազել 2012-ից: 2016-ին այդ թիվն ահագնացող է եղել՝ ընդամենը 16 դիմորդ:

Այս տարի Խաչատրյանի ներկայացրածով՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ ավելի քան 60 կուրսանտ է ընդունվել, ու եթե ավարտեն ինստիտուտը, ապա անկախ հանգամանքից՝ որտեղ են բնակվում ու ծառայության նշանակված, կամ՝ որտեղ են հաշվառված, 4 տարի անց մայրաքաղաք Երեւանում բնակարան կստանան:

Խաչատրյանը վստահ է՝ արդեն ուժի մեջ մտած կարգավորումը տարեցտարի է՛լ ավելի կմեծացնի ռազմական ակադեմիա դիմելու գրավչությունը: Նրա փոխանցմամբ՝ այսպիսի ծրագիր անգամ Ռուսաստանի Դաշնությունում չկա:

 

 

 

 

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ

2022թ. սեպտեմբերի 13-ից ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետեւանքով վիրավորում (վնասվածք) ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողները 500.000 դրամ միանվագ աջակցություն կստանան. նախագիծը հավանության է արժանացել կառավարության նիստում։

Ըստ այդմ, աջակցությունը կտրվի ռազմական գործողությունների հետեւանքով վիրավորում ստացած այն անձանց, որոնք բուժհաստատություններում բժշկական օգնություն եւ սպասարկում են ստացել, չունեն հաշմանդամության խումբ կամ ունեն (կարող են ունենալ) հաշմանդամության երրորդ խումբ:

Ֆինանսական օգնությունը կտրամադրվի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) կողմից՝ շահառուի էլեկտրոնային դիմումի հիման վրա:

Միասնական սոցիալական ծառայության կայքէջում առաջիկայում կստեղծվի պատուհան, որի միջոցով շահառուները ծրագրին դիմելու հնարավորություն կունենան մինչեւ 2022 թվականի դեկտեմբերի 15-ը։




Լրահոս