ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂՆԵՐԸ՝ «ԱՐՏՈՆՅԱԼ ԽԱՎ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դոլարի փոխարժեքի նվազումը շարունակում է անհանգստացնել ծրագրավորողներին:

 

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչներն ու ընկերություններն այս օրերին պետական տարբեր գերատեսչություններում հանդիպումներ են ունենում ու բարձրաձայնում՝ ամերիկյան դոլարի արժեզրկումը ֆինանսական լուրջ խնդիրներ է առաջացնում ոլորտում, ու ընկերությունները դժվարանում են աշխատակիցներին աշխատավարձ վճարել: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի միջազգային ընկերություններից մեկում ծրագրերի իրականացման ղեկավար է այժմ աշխատում նախկին պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը: Նա այն համոզմանն է, որ ինչպես կորոնավիրուսի ու լոքդաունի ժամանակ է պետությունն աջակցել մի շարք ընկերությունների, այնպես էլ այժմ պետք է քայլեր ձեռնարկի, քանի որ եթե ոլորտը տուժի ու կազմալուծվի, ապա այն հետագայում վերականգնելը շատ ավելի բարդ, գուցեեւ անհնար է լինելու: Իսկ առաջարկվող լուծումներն այս պահին երկուսն են, դրանցից մեկը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչների աշխատավարձից գանձվող եկամտահարկն ուղիղ կիսով չափ՝ 50 տոկոսով վերադարձնելն է: Ինչը, ըստ Գորգիսյանի, հարցի համար ոչ թիրախային ու անարդյունավետ լուծում է: Մյուս տարբերակը ենթադրում է, որ պետությունը կկոմպենսացնի տարադրամի փոխարժեքի տատանումները, այսինքն՝ ոլորտի ընկերությունների համար բոլորովին այլ փոխարժեք սահմանվի: Տեղեկատվական ոլորտի ընկերությունների համար բոլորովին այլ՝ տարբերվող արտարժույթ սահմանելն ըստ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանի՝ նշանակում է, որ այդ տարբերությունը Հայաստանի Հանրապետության մյուս քաղաքացիներն ու հարկատուներն են վճարելու. օրինակ՝ 100 հազար դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչն ու 90 հազար դրամ ստացող դաստիարակը: Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը IT ոլորտի համար հատուկ փոխարժեք սահմանելու մեջ սոցիալական անարդարության էլեմենտներ է նկատում: Համեմատության համար նշում է՝ անդադար նկատվող գնաճի պայմաններում թոշակառուների կենսաթոշակն ընդամենը 3000 դրամով է ավելանում, բայց մինչեւ 1 մլն դրամ աշխատավարձ ստացող անձանց պետությունը պատրաստվում է մինչեւ 100 հազար դրամի աջակցություն տրամադրել:

Պետությունը ոլորտի ընկերություններին իսկապես ցանկանում է աջակցել, այդ իսկ պատճառով էկոնոմիկայի նախարարությունն աշխատավարձի նախորդ չորս ամիսների եկամտահարկի 50 տոկոսը վերադարձնելու օրինագիծ է շրջանառել այժմ: Եվ եթե այն խորհրդարան հասնի ու պատգամավորների հավանությանն  արժանանա, ապա ոլորտի ներկայացուցիչների մեծամասնությունը կրկնակի կշահի: Բանն այն է, որ ծրագրավորողների մեծամասնությունն արդեն իսկ օգտվում է պետության կողմից սահմանած եկամտային հարկի վերադարձով՝ հիփոթեքով բնակարան ձեռք բերելու ծրագրից, ու, փաստորեն, պետությունն այդ մարդկանց հիփոթեքային վարկի ոչ միայն տոկոսադրույքն է մարելու, այլ նաեւ սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր ու դեկտեմբեր ամիսների եկամտահարկի կեսի չափով գումար է տրամադրելու:

Բարձր տեխնոլոգիաների նախարարությունից մեզ հայտնեցին, որ ոլորտին աջակցելու համար Հայաստանի կառավարությունը դեռեւս 2014-ից աջակցող ու ձեռք մեկնող տարբեր ծրարգեր է իրականացնում: Դրանցից մեկն, օրինակ, նախարարության կողմից հավաստագիր ստացող ընկերությունների համար եկամտահարկի ընդամենը 10 տոկոս սահմանելն է: Աջակցող մեկ այլ  ծրագրով էլ՝ պետության կողմից հավաստագիր ստացած IT ընկերություներն, ի տարբերություն այլ կազմկերպությունների, շահութահարկ չեն վճարում: Այս տարի էլ բարձր տեխնոլոգիաների նախարարությունը քեշբեքի ծրագիրն է թողարկել, ինչը ենթադրում է ծրագրավորմամբ զբաղվող նորաբաց ընկերության աշխատակիցներից եկամտահարկի ընդամենը 50 տոկոսը գանձել: Ծրագիրը կյանքի կոչելու համար պետբյուջեից արդեն 7 մլրդ գումար է դուրս գրվել ու տրամարդվել ընկերություններին:

Եթե օրենսդրական այս նախաձեռնությունը կյանքի կոչվի, ապա այն  կարող է սոցիալական բունտ հասունացնել դոլարով, եվրոյով, ռուբլիով աշխատավարձ ստացող մյուս ընկերությունների մոտ: Մի կողմ դնելով՝ հարցի իրավական կամ տնտեսական կողմը. զուտ միայն բարոյական հարթակում ոլորտի ներկայացուցիչների պահանջն արդարացի չէ: IT ոլորտի ներկայացուցիչները մեր հասարակության ամենից լավ վարձրատրվող անհատներն են, իսկ անհատ ծրագրավորողների մեծամասնությունը դրսի ընկերությունների հետ է աշխատում, առձեռն գումար ստանում, եւ, բնականաբար, տարիներ ի վեր չգրանցված իր եկամտից պետությանը հարկ չի վճարում: Հետեւաբար այժմ պետությանը խստապահանջ պայմաններ թելադրելը, գոնե բարոյական տիրույթում, ճիշտ չէ: Իսկ եթե էկոնոմիակայի նախարարության շրջանառած՝ եկամտահարկի 50 տոկոսի վերադարձի ծրագիրը կյանքի կոչվի, ապա դա ոչ այլ ինչ, քան ծրագրավորողներին արտոնյալ խավի ներկայացուցիչ համարել կլինի:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

 

 

 

ՓԵԼՈՍԻՆ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է

Դեմոկրատ կոնգրեսական Նենսի Փելոսին նոյեմբերի 17-ին որոշել է հեռանալ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների առաջնորդի պաշտոնից եւ չի ձգտի վերընտրվել՝ երիտասարդների համար ճանապարհ բացելու համար: CNN-ի փոխանցմամբ՝ նա այս մասին հայտարարել է հինգշաբթի եւ հավելել, որ կմնա պալատի սովորական անդամ։ Փելոսին այժմ 82 տարեկան է։

Նա նման որոշում է կայացրել այն բանից հետո, երբ դեմոկրատները Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո կորցրել են մեծամասնությունը Ներկայացուցիչների պալատում, եւ ինքն էլ կորցրել է խոսնակի պաշտոնի իրավունքը։ Փոխարենը հանրապետականների կողմից այս պաշտոնում կառաջադրվի Քեւին Մաքքարթին։

Փելոսին Դեմոկրատական կուսակցության առաջնորդն է 2003 թվականից։ Նա առաջին եւ մինչ այժմ միակ կինն է, ով զբաղեցրել է Ներկայացուցիչների պալատի նախագահի պաշտոնը։ Նա եղել է խոսնակ 2007 թվականի հունվարից մինչեւ 2011 թվականի հունվարը, այնուհետեւ 2019 թվականի հունվարից՝ մինչ այժմ։

 

 

 

 

ԿԺԱՄԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ ծրագրում է այցելել Հայաստան` ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցելու, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ նոյեմբերի 23-ին ՀՀ վարչապետի նախագահությամբ Երեւանում տեղի կունենա ՀԱՊԿ խորհրդի նիստ։

Միջոցառմանը, ինչպես սպասվում է, կմասնակցեն Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը, Ղրղզստանի Հանրապետության Նախագահ Սադիր Ժապարովը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը: Նիստին կմասնակցի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

Ինչպես տեղեկացնում են ՀԱՊԿ մամուլի ծառայությունից՝ կարեւորագույն հարցերից են լինելու ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործումը եւ Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համար համատեղ միջոցառումների քննարկումը։

 

 

 

ՀԱՓՇՏԱԿԵԼ ԵՆ ԱՐՁԱՆԸ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Մկրտիչ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի, անհատույց գույքային շահ ստանալու դիտավորությամբ 2021 թվականի մարտի 14-ին՝ ժամը 01:40-ից 02:50-ը ընկած ժամանակահատվածում, Երեւան քաղաքի 2800 ամյակին նվիրված միջոցառմանը ինքնությունները չպարզված անձանց հետ այգուց  հափշտակել է Երեւանի քաղաքապետարանին պատկանող 2.383.500 ՀՀ դրամ արժողությամբ «Նավակ Լողացնող» փոքրիկ բրոնզե արձանը, նույն այգու հարակից շինհրապարակի պահեստարանից հափշտակել է «Հայր եւ Որդի Մանվելյաններ» ՍՊԸ-ին պատկանող շինարարական գործիքներ, ինչպես նաեւ՝ ապօրինի կերպով, քննությամբ չպարզված հանգամանքներում ձեռք է բերել եւ պահել ակոսափող հրազեն հանդիսացող ինքնաշեն եղանակով պատրաստված թմբուկավոր ատրճանակ եւ երկու՝ ռազմամթերք հանդիսացող կարաբիններից, հրացաններից եւ համապատասխան տրամաչափի ակոսափող այլ զենքերից կրակելու համար նախատեսված գործարանային արտադրության 5.6 մմ տրամաչափի օղակաձեւ բոցավառման սպորտային-որսորդական փամփուշտներ:

 

 

 

ԿՄՆԱ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Արուսյակ Ալեքսանյանի պաշտպանների բողոքը, ինչը նշանակում է, որ դատավոր Արուսյակ Ալեքսանյանը կշարունակի մնալ կալանքի տակ: Նկատենք, որ օրերս նրա օգնականն ազատ արձակվեց:

Ինչպես հայտնի է հոտեմբերի 19-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռազմիկ Մարիկյանի նախագահությամբ, բավարարեց դատավոր Ալեքսանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին ԱԱԾ ծառայողները ներխուժել էին դատարանի շենք եւ ձերբակալել դատավոր Արուսյակ Ալեքսանյանին եւ փաստաբան Էրիկ Ալեքսանյանին։

ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություններ էր ներկայացրել ԲԴԽ՝ պահանջելով թույլատրել քրեական հետապնդում հարուցել եւ ազատությունից զրկել դատավոր Արուսյակ Ալեքսանյանին, որը ժամեր տեւած քննության արդյունքում բավարարվել է։ Քրեական վարույթը վերաբերում է քրեական հեղինակությսնն առնչվող գործին։ Մասնավորապես՝ դատարանը որոշել է գրավի դիմաց ազատ արձակել «Ֆազ» մականունով հայտնի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Գրիգորյանին՝ բավարարելով վերջինիս պաշտպան Էրիկ Ալեքսանյանի ներկայացրած միջնորդությունը եւ այժմ ԱԱԾ-ն դատավորին մեղադրում է ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու եւ պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ։ Նույն վարույթի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաեւ փաստաբան Էրիկ Ալեքսանյանին, որին ԱԱԾ-ն մեղադրում է դատավոր Ալեքսանյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու հարցում օժանդակելու մեջ։

 

 

 




Լրահոս