ՆԱԽԱՁԵՌՆՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում նախաձեռնված և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական վարույթով բացահայտվել է տնտեսական հանցագործության նոր դեպք։

 

Մասնավորապես՝ Ազգային անվտանգության ծառայության Երեւանի քաղաքային վարչություն օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ տեղեկատվական տեխնոլոգիաների եւ համակարգչային տեխնիկայի բնագավառում գործունեություն իրականացնող ՍՊ ընկերությունների պատասխանատու անձինք, հարկեր չվճարելու նպատակով, ընկերություններում որպես աշխատողներ են գրանցում միայն աշխատակիցների մի մասին եւ հարկային հաշվարկներում վարձու աշխատողներին վճարված աշխատավարձերը ցածր են հայտարարագրում։

Ստացված տվյալներն իրացնելու նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երեւանի քաղաքային վարչության աշխատակիցների կողմից մշակվել եւ ձեռնարկվել են լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Պարզվել է, որ պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման վարչության թիվ 3 բաժնում հաշվառված, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ համակարգչային տեխնիկայի բնագավառում գործունեություն իրականացնող 3 ՍՊ ընկերության փաստացի սեփականատերերը, նախնական համաձայնության գալով, նշված ընկերությունների աշխատանքները համակարգող աշխատակիցների հետ, 2022 թվականի հունիսից մինչեւ սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում, օրենսդրությամբ սահմանված կարգով՝ գրավոր չեն ձեւակերպել մի քանի տասնյակ վարձու աշխատողների: Նույն ժամանակահատվածում, ՊԵԿ ներկայացված օրենքով սահմանված հաշվարկներում, հաշվարկված եւ վճարված աշխատավարձերը եւս չեն հայտարարագրվել: Հարկերը պակաս վճարելու նպատակով բացի աշխատակիցներին չգրանցելուց` ընկերությունների պատասխանատու անձինք հարկային մարմին ներկայացրած եկամտային հարկի եւ սոցիալական վճարի ամսական հաշվարկներում էականորեն ցածր են հայտարարագրել նաեւ գրանցված վարձու աշխատողների աշխատավարձերը։

Ձեռք բերված տեղեկությունների հիման վրա կատարված հարկային պարտավորությունների հաշվարկի համաձայն՝ պետական բյուջե չեն վճարվել առանձնապես խոշոր չափերով հարկեր։

Դեպքի առթիվ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ, որը նախաքննություն կատարելու համար փոխանցվել է Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչություն: Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում դատարանի որոշումների հիման վրա` ԱԱԾ ծառայության Երեւանի քաղաքային վարչության եւ ՊԵԿ հետաքննության ու օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների մասնակցությամբ խուզարկություններ են կատարվել ընկերությունների գործունեության վայրերում:

Արդյունքում՝ արձանագրվել են օրենսդրությամբ սահմանված կարգով չգրանցված վարձու աշխատակիցներ, ինչպես նաեւ՝ հայտնաբերվել եւ առգրավվել են քրեական վարույթի համար էական նշանակության փաստաթղթեր եւ էլեկտրոնային կրիչներ, համակարգիչների հիշողության կոշտ սկավառակներ, շուրջ 580 համակարգիչ, 220 բջջային հեռախոս, 3 համակարգչային սերվեր։ Քրեական վարույթով համակողմանի եւ պատշաճ քննություն ապահովելու համար ստուգվում են նաեւ ընկերությունների իրականացրած գործունեության, ներգրավված դրամական միջոցների օրինականությունը, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ համակարգչային տեխնիկայի բնագավառի գործունեության անվան տակ ապօրինի գործունեությունը քողարկելու վարկածը։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումները եւ քննչական գործողությունները շարունակվում են, միջոցներ են ձեռնարկվում հանցագործության մեջ ներգրավված հնարավոր այլ անձանց շրջանակը պարզելու, պետությանը պատճառված վնասի վերջնական չափը հստակեցնելու եւ այն վերականգնելու ուղղությամբ։

 

 

 

 

ԲՈՒՀԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԵՐ

Գնահատման եւ թեստավորման կենտրոնը դեկտեմբերի 15-ից սկսում է 2022-2023 ուստարվա շրջանավարտների պետական ավարտական եւ 2023 թվականի բուհերի ընդունելության քննությունների առաջին փուլի հայտագրումը:

 

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունը

Ավարտական քննություններ

Պետական ավարտական քննություններին մասնակցելու համար շրջանավարտը մինչեւ դեկտեմբերի 10-ը գրավոր դիմում է իր ուսումնական հաստատության տնօրենին։ Պետական ավարտական քննություններ հանձնողների ցուցակ-հայտերը տնօրենը պետք է ուղարկի Գնահատման եւ թեստավորման կենտրոնի [email protected] էլեկտրոնային հասցեին՝ դեկտեմբերի 15-ից 30-ը։

Միասնական քննություններ

Միասնական քննությանը մասնակցելու համար շրջանավարտը (դիմորդը) առցանց եղանակով Գնահատման եւ թեստավորման կենտրոնի dimord.am կայքէջում պետք է լրացնի ընդունելության դիմում-հայտ` նշելով առավելագույնը երկու միասնական քննություն։ Դիմում-հայտը լրացնելու համար 2022-2023 ուստարվա շրջանավարտը պետք է դիմի իր ուսումնական հաստատության տնօրենին:

Նախնական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների 2022-2023 ուստարվա շրջանավարտները, հանրակրթական դպրոցների եւ ՄԿՈԻ հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտները, ինչպես նաեւ օտարերկրացիները, օտարերկրյա ուսումնական հաստատությունների՝ տվյալ ուսումնական տարվա շրջանավարտ ՀՀ քաղաքացիները դիմում են իրենց բնակության վայրի` այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատության տնօրենին:

Պահանջվող փաստաթղթեր

Ընդունելության դիմում-հայտը լրացնելու համար անհրաժեշտ է`

3ճ4 չափի լուսանկարի էլեկտրոնային տարբերակը,

անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը,

ՀՀ ֆինանսների նախարարությունում Գնահատման եւ թեստավորման կենտրոնի 900018003401 հաշվեհամարին յուրաքանչյուր քննության համար փոխանցված 4500 (չորս հազար հինգ հարյուր) դրամ վճարի անդորրագիրը։

Միասնական քննությունների վճարից ազատվում են`

պարտադիր ժամկետային ծառայությունից զորացրված անձինք,

1-ին եւ 2-րդ խմբերի եւ մինչեւ 18 տարեկան մանկուց հաշմանդամները,

ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները,

առանց ծնողական խնամքի մնացած մինչեւ 23 տարեկան անձինք:

Վերոգրյալ խմբերին պատկանող անձինք դիմում-հայտին համապատասխանաբար կցում են զինվորական գրքույկի պատճենը, հաշմանդամության տեղեկանքի պատճենը, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության եւ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից տրված տեղեկանքների պատճենները, ինչպես նաեւ առանց ծնողական խնամքի մնացած լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի պատճենները:

 

 

 

ԳՈՐԾԸ  ԴԱՏԱՐԱՆՈՒՄ Է

Նոյեմբերի 23-ին  Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի  Իջեւանի նստավայրում    նշանակված է  Բերդ  համայնքի ղեկավարի տեղակալ Սամվել Հովսեփյանի, Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Հասմիկ Մելիքյանի եւ Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավար Լեւոն Առաքելյանի դատավարության առաջին նիստը: Դատավոր Ա. Մարտիրոսյանի նախագահությամբ  տեղի կունենան նախնական դատալսումներ։ Ս. Հովսեփյանը եւ Լ. Առաքելյանը ներկայումս գտնվում են կալանքի տակ, իսկ Հ. Մելիքյանը գրավով ազատ է արձակվել կալանքից։ Ս. Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով  Բերդի  համայնքապետի տեղակալ, 2022 թ.  սեպտեմբերի 25-ին Բերդ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին սատարելով «Զորավոր համայնք»  դաշինքին, Բերդի  համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Հ.  Մելիքյանի հետ օգտագործելով իրենց տրված իշխանական լիազորությունները եւ դրանցով պայմանավորված ազդեցությունը, Ն. Կարմիրաղբյուրի մանկապարտեզի  տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Աստղիկ Առաքելյանի եւ  Բերդ համայնքի ղեկավարի միջեւ 2018թ. հունվարի 17-ին կնքված թիվ 02 աշխատանքային պայմանագիրը լուծելու եւ պայմանագրի ժամկետը դադարեցնելու սպառնալիքով, 2022թ. օգոստոսի 22-ին Ս. Հովսեփյանի կողմից Ա. Առաքելյանին ծանուցում է ուղարկվել:

Ա. Առաքելյանի կողմից մերժում ստանալուց հետո 2022 թ, օգոստոսի 22-ին Ս. Հովսեփյանի կողմից Ա. Առաքելյանին ծանուցում  է ուղարկվել՝ նշելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 123-րդ հոդվածով նախատեսված կարգով Բերդի համայնքապետարանի աշխատակազմի եւ նրա միջեւ կնքված հիշյալ պայմանագրի գործողությունը 2022թ.  սեպտեմբերի 5-ին դադարեցնելու մասին։ Լ. Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Բերդ համայնքի Ն. Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավար, 2022 թ, սեպտեմբերի 25-ին Բերդ համայնքում կայանալիք ՏԻՄ  ընտրություններին սատարելով  «Զորավոր համայնք»  դաշինքին, խորհուրդներ եւ  ցուցումներ տալու եղանակով օժանդակել է Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Հ. Մելիքյանին եւ  համայնքապետի տեղակալ Ս. Հովսեփյանին՝ իրենց տրված իշխանական լիազորությունները եւ դրանցով պայմանավորված ազդեցությունը օգտագործելուն, ինչի արդյունքում 2022 թ. օգոստոսին Ա. Առաքելյանին հարկադրել են ընդգրկվել նշված դաշինքում եւ նույն դաշինքի օգտին կատարել քարոզչություն՝ այդ կերպ վերջինիս հարկադրելով հրաժարվել իր նախընտրած կուսակցության օգտին նախընտրական քարոզչություն կատարելուց։  Ս. Հովսեփյանին եւ Հ. Մելիքյանին  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 211 հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 5-րդ կետերով, Լ. Առաքելյանին՝  46-211 հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 5-րդ կետերով

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս