Ականավոր դիրիժոր Վլադիմիր Ֆեդոսեեւի 90-ամյա հոբելյանի առթիվ երաժիշտը, ու հանրահայտ դաշնակահար Միխայիլ Պլետնյովը, համագործակցելով Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, համատեղ համերգով հանդես եկան Երեւանում: Երեկոն տեղի ունեցավ նոյեմբերի 17-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
Վլադիմիր Ֆեդոսեեւն առաջին անգամ չէ Հայաստանում: Տարիներ առաջ որպես զբոսաշրջիկ է այցելել մեր երկիր: Ըստ նրա՝ հայերը շատ բարի են, դրական եւ այդ ամենն ազդում է երաժշտության, Ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարողականության վրա: «Պուշկինն ասել է, որ երաժշտությունը միայն սիրուն է զիջում, սակայն սերը եւս երաժշտություն է: Ձեզ մոտ էլ է այդպես. ձեզ մոտ սերն ասես երաժշտություն լինի, դուք սիրով եք ապրում, հարգում եք միմյանց: Ես վաղուց նման բան չեմ տեսել: Ցանկանում եք ամեն բան լավ անել, ինչն իր ազդեցությունն է ունենում երաժշտության վրա: Հոգով հարուստ մարդիկ եք: Մեզ մոտ հարուստները շատ են, սակայն ոչ՝ հոգով»,-նոյեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպմանն ասում է Ֆեդոսեեւը:
Դիրիժորը հավաստիացնում է՝ նվագախումբն իրեն հասկանում է առանց խոսքերի. միայն հետեւելով նրա ձեռքերի շարժումներին՝ ընկալում է ամեն բան: «Դիրիժորը պետք է խոսի ձեռքերով: Ես եւս այդպես եմ վարվում. ղեկավարում եմ առանց դիրիժորական փայտիկի»,-նշում է Վլադիմիր Ֆեդոսեեւը:
Երեւանյան համերգին կհնչեն Չայկովսկու Դաշնամուրի թիվ 1 կոնցերտը եւ Սիմֆոնիա թիվ 5-ը: Չայկովսկու գրած երեք դաշնամուրային կոնցերտներից առաջինն իրավամբ արժանացել է մեծ ճանաչման եւ սիրվել է շնորհիվ երաժշտության քնարական ոգեշնչման, գույների զարմանալի հարստության, իսկ 5-րդ սիմֆոնիան Չայկովսկին գրել է 4-րդ սիմֆոնիայից մոտ տասնմեկ տարի անց: Նրան տանջում էին կասկածները. արդյոք չի՞ սպառվել իր երեւակայությունը, արդյոք դեռ կարո՞ղ է մեծ կտավի սիմֆոնիկ ստեղծագործություններ գրել: 5-րդ սիմֆոնիայով կոմպոզիտորն ապացուցեց իրեն եւ բոլորին, որ իրավամբ հանդիսանում է 19-րդ դարի եւ առհասարակ երաժշտության պատմուեւյան մեջ լավագույն սիմֆոնիստներից մեկը: Ամբողջ 5-րդ սիմֆոնիայի ընթացքում երեւում է, թե ինչպես է կոմպոզիտորը, անցնելով կասկածների, հոգեկան տարաձայնությունների եւ զգացմունքների շփոթի միջով, հաղթահարում ներքին պայքարի դժվարին ճանապարհը եւ հասնում տրիումֆալ հաղթանակի:
«Այս ծրագրով Միխայիլ Պլետնյովի հետ հանդես ենք եկել դեռ 1970-ական թվականներին: Նվագել ենք Ճապոնիայում, Վիեննայում եւ հիմա կրկին հանդիպել ենք, թարմացրել ենք մեր հիշողությունները, որոնք կյանք են տալիս: Մի քիչ ծերացել ենք, բայց ծեր չենք»,-նշում է մաեստրոն:
Վլադիմիր Ֆեդոսեեւն ապրում է Մոսկվայում: Ասում է՝ շրջապատված է հայ կոմպոզիտորների հուշարձաններով, եւ շատ է սիրում կատարել Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի եւ այլ հայ հեղինակների գործեր: Նա երբեմն հանդիպում է Արամ Խաչատրյանի հարազատներին ու կարծում է, որ հայերն ու ռուսները շատ ընդհանրություններ ունեն, հոգով իրար մոտ ազգեր են:
Մի առիթով դիրիժորը նշել է, որ ռուս հեղինակների երաժշտությունը դժվարությամբ է տրվում այլ ազգերի երաժիշտներին, սակայն խոստովանում է, որ հայերն այն հեշտությամբ են ըմբռնում: «Յուրաքանչյուր լավ երաժիշտ փայլուն կատարում է ռուս կոմպոզիտորների գործերը, սակայն լսում ու հասկանում ես, որ ինչ-որ բան պակասում է. ասես սրտից չէ, իսկ հայերի դեպքում այդպես չէ, քանի որ հոգեւոր կապ կա, բացատրելու, ներկայացնելու կարիք էլ չկա, ասես մոր կաթի հետ են այդ երաժշտությունն ու երաժշտականությունը ստացել»,-շեշտում է նա:
Վլադիմիր Ֆեդոսեեւը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ է, Պ.Ի. Չայկովսկու անվան պետական ակադեմիական մեծ սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը, եղել է նաեւ Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը, Ցյուրիխի օպերայի մշտական հրավիրյալ դիրիժորը, Տոկիոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջին հրավիրյալ դիրիժորը, Բավարիայի ռադիոյի սիմֆոնիկ (Մյունխեն), Ֆրանսիայի ռադիոյի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբերի (Փարիզ) հրավիրյալ դիրիժորը:
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊՐԵՄԻԵՐԱ
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում դեկտեմբերի 1-ին և 2-ին տեղի կունենա Վաչե Շարաֆյանի «Ձգողականություն» երկու գործողությամբ բալետային ներկայացման պրեմիերան՝ ըստ Լեւոն Շանթի «Հին աստվածներ» դրամայի:
Բալետը համաշխարհային պրեմիերա է, քանի որ ներկայացման բեմադրությունն ամբողջովին նոր է եւ առաջին անգամ է բեմադրվում։
Բեմադրության երաժշտական ղեկավարը եւ դիրիժորը ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանն է, լիբրետոյի եւ գեղարվեստական գաղափարի հեղինակն է ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանը, բեմադրող բալետմայստերն է Արա Ասատուրյանը, բեմադրության եւ զգեստների նկարիչը՝ Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյանը:
Ներկայացման հիմքում Լեւոն Շանթի «Հին աստվածներ» պիեսն է: Աբեղան փրկում է նավակից ջուրն ընկած աղջկան: Կնոջը գրկած վանականը չի կարողանում մոռանալ թաց մարմինը, ծովի հետ կռիվը, բնության տարերքը… Բնությունը ձգում է նրան: Աբեղան կանգնում է երկընտրանքի առաջ՝ ասկետիկ կյանք, թե՞ լիարժեք կյանքով ապրելու անհագ ցանկություն… Միաբանությունն ուզում է նրան հետ պահել մեղավոր քայլից. «…այն անդամը, որ քեզի կգայթակղեցնե, կտրե ու դուրս նետե քեզմե…»:
Իսկ բնությունը կանչում է… Վանահայրը իր սրտի ցանկությունը խեղդում է մտքի, կամքի ուժով եւ որոշում է քանդել նորաստեղծ եկեղեցին ու շինել նորը… Միտք, թե՞ սիրտ, լույս թե՞ խավար՝ այս ընտրության մեջ մարդը հաճախ ընկնում է ծայրահեղության մեջ՝ չտեսնելով, որ Աստծու ստեղծած բնությունը հենց հակադրությունների միասնությունն է…
ՃՆՇՈՒՄ Է ԳՈՐԾԱԴՐՈՒՄ
«Քաթարի» թագավորական ընտանիքը պահանջել է արգելել գարեջրի վաճառքը նոյեմբերի 20-ին մեկնարկելիք աշխարհի առաջնության 8 ստադիոններում եւ հարակից տարածքներում։
«Քաթարը» ճնշում է գործադրում Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) վրա, որպեսզի այն փոխի քաղաքականությունը գարեջրի վաճառքի նկատմամբ։ ՖԻՖԱ-ն խոշոր պայմանագիր ունի գարեջուր արտադրող ընկերության հետ, սակայն կատարել է պահանջը։ Միայն Դոհայի ֆան-գոտում օտարերկրացի երկրպագուները հնարավորություն կունենան գնել գարեջուր։
Աշխարհի առաջնության բացումն ու առաջին հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 20-ին։ «Քաթար – Էկվադոր» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին։
«ԲԱՐՍԵԼՈՆԱՆ» ԿՎԱՃԱՌԻ
«Բարսելոնան» կփորձի հունվարին վաճառել պաշտպան Էկտոր Բելիերինին։ Կատալոնական ակումբը նրա ծառայություններն առաջարկել է իտալական «Ռոմային»: Հռոմեական ակումբի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն փոխարինող է փնտրում եզրային պաշտպան Ռիկ Կարսդորպին, որի հետ ունի լարված հարաբերություններ։
Իսպանացի ֆուտբոլիստի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Բելիերինի տրանսֆերային արժեքը գնահատվում է 15 միլիոն եվրո։
ԴԵՌ ՄԱՐԶՎՈՒՄ Է ԱՆՀԱՏԱԿԱՆ
Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» ու աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կարիմ Բենզեման վնասվածքից հետո դեռ մարզվում է անհատական ծրագրով ։
34-ամյա ֆուտբոլիստի մասնակցությունը աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին հանդիպմանը հարցականի տակ է։ Նոյեմբերի 22-ին Դիդիե Դեշամի գլխավորած թիմը կմրցի Ավստրալիայի հավաքականի հետ։
Խմբային փուլում Ֆրանսիայի հավաքականի մրցակիցները կլինեն նաեւ Դանիայի եւ Թունիսի թիմերը։