ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը չի ներկայանում Հակակոռուպցիոն դատարան. ինչն է պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով նիստերը չեն կայանում: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ արդեն երկու դատական նիստ է, ինչ Վլադիմիր Գասպարյանը Հակակոռուպցիոն դատարան չի ներկայանում: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նա վիրահատվել է եւ հիմա բուժման մեջ է, ուստի դա է պատճառը, որ նա դատարան չի գալիս:

Հիշեցնենք, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 1997-2011 թվականներին զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական ոստիկանության /2007 թվականի փետրվարի 3-ից ռազմական ոստիկանության / վարչության պետի, ապա ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնները, կատարել է իրեն վստահված ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում տեղյակ լինելով ՀՀ պաշտպանության նախարարության թիվ 20440 զորամասի երեք զինծառայողների կողմից իրենց բուն գործառույթները չկատարելու և զորամաս չհաճախելու մասին, որևէ միջոց չի ձեռնարկել, արդյունքում նշված ժամանակահատվածում վատնման եղանակով պետական միջոցներից հափշտակվել է առանձնապես խոշոր չափի գումար:
Բացի այդ, 2011-2018 թվականներին զբաղեցնելով ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերի հակառակ` ՀՀ ոստիկանության հաշվեկշռում գտնվող 15.000.000, և 10.000.000 ՀՀ դրամ արժողությամբ անշարժ գույքը սեփականության իրավունքով ապօրինի հատկացրել է բնակարանային պայմանների բարելավման կարիք չունեցող ՀՀ ոստիկանության ծառայողներին, ինչի արդյունքում անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ:
Բացի այդ, կատարել է իրեն վստահված ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում` ՀՀ ոստիկանության հաշվեկշռում գտնվող 10.000.000 ՀՀ դրամ արժողությամբ անշարժ գույքը սեփականության իրավունքով ապօրինի հատկացրել է ՀՀ ոստիկանության ծառայողին:

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ-ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012-2018 թվականներին այլ անձի հետ հանցակցությամբ 2015-2018 թվականների ընթացքում կատարել է իրեն վստահված ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում, ինչպես նաև` կատարել է պաշտոնեական կեղծիք:

Բացի այդ, այլ անձի դրդմամբ, անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչի արդյունքում անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ:

Քնար Մանուկյան




Լրահոս