«Միսս Տիեզերք Հայաստան 2021» Նանե Ավետիսյանը նոյեմբերի 27-ին մասնակցելու է Երեւանում կայանալիք աշխարհահռչակ դիզայներ Jacob Meir-ի նորաձեւության ցուցադրությանը։ Մոդելին տրվել է նորաձեւության ցուցադրությունը բացելու բացառիկ հնարավորությունը։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց Նանեն:
«Շատ ուրախ եմ, որ ինձ նման հնարավորություն է տրվել։ Սա իսկապես աննախադեպ ցուցադրություն է, առանց ավելորդ չափազանցության պետք է փաստեմ, որ նման մարդուն հյուրընկալելը մեծ պատիվ է մեզ համար։ Ի դեպ, շատ մեծ քասթինգ էր տեղի ունեցել, մասնակցել էին մոտ 1200 հոգի, արդյունքում՝ ընտրվել են 75-ը։ Ցուցադրությանը մասնակցելու են 50 աղջիկ եւ 25 տղա։ Հպարտ եմ, որ հենց ես եմ բացելու ցուցադրությունը»,-մեզ հետ զրույցում ասաց Նանե Ավետիսյանը։
Նշենք, որ Jacob Meir-ը մեծ հեղինակություն ունի արտերկրում։ Նրա հետ համագործակցում են այնպիսի նշանավոր դեմքեր, ինչպիսիք են՝ Ջենիֆեր Լոպեսը, Բեյոնսեն, Փերիս Հիլթոնը, Քեթի Փերրին եւ այլք։
Մեզ հետ զրույցում Նանեն ասաց, որ այս նորաձեւության ցուցադրությունն իսկապես ստանդարտներից դուրս է լինելու, սպասվում է բացառիկ շոու, մեկ օր Երեւանը չի զիջելու նորաձեւության մայրաքաղաքներին։
Ըստ Նանեի՝ այս շոուին մասնակցելը մեծ հնարավորություն է ցանկացած մոդելի համար, քանի որ նման հեղինակության հետ աշխատանքը մեծ փորձ է։ «Մեծ պատիվ էր, որ համագործակցել եմ նման հեղինակավոր պարբերականի հետ։ Այն մեծ մասսայականություն է վայելում Ֆրանսիայում: Նրանց հատկապես հետաքրքրել էր այն պահը, որ հայ մոդելն անհրաժեշտությամբ դեպքում կարող է զենք վերցնել՝ պաշտպանելու իր հայրենիքը»,-մեզ հետ զրույցում ասել էր Նանե Ավետիսյանը։
Ըստ մոդելի՝ հիմնական շեշտադրումն արված էր հայ կնոջ եւ պատերազմական իրավիճակի վրա:
«Ֆրանսիական պարբերականի ուշադրության կենտրոնում հայտնվեցի նաև ծավալածս գործունեության շնորհիվ։ Ռազմական պատրաստություն էի անցնում, որտեղ ինձ նկատեց ֆրանսիական հայտնի «Le Figaro» պարբերականի լրագրող Աստղիկը՝ առաջարկելով հարցազրույց վերցնել հենց իրենց համար։ Ինչ խոսք, հպարտանալու ևս մեկ առիթ է, քանի որ «Le Figaro»-ն Ֆրանսիայում ևս մեծ հեղինակություն ունեցող պարբերական է։ Դրան էլ հաջորդեց «Brut»-ի առաջարկը։ Ինձ համար մեծ պատիվ է, որ կարող եմ մեր երկրի մասին խոսել նման մեծ լսարան ունեցող պարբերականների միջոցով»։
Հիշեցնենք նաև, որ «Միսս Տիեզերք Հայաստան 2021» Նանե Ավետիսյանը հայրենիքում տարած հաղթանակից հետո «Միսս Տիեզերք» հեղինակավոր մրցույթում Հայաստանի ներկայացուցիչն էր։
Լիդա Եղիազարյան