ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԵԾԵԼ ԵՆ ՈՒ ՉԵՆ ԲՈՒԺՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարգելի՛ պարոն նախագահ, Ձեզ եմ դիմում, քանի որ իմ տղային` Արման Դալլաքյանին, ՀՀ ոստիկանությունում մահվան դուռն են հասցրել: Նրան սեպտեմբերի 25-ին ձերբակալել են որպես հայտնի բանդայի անդամ, բայց ոչ մի ապացույց չունեն, որ նա այդ խմբի հետ առնչություն ունի: Այնպես են ծեծել որդուս, որ մինչեւ հիմա պառկած է: Նրան ո՛չ բուժում են, ո՛չ տեսակցություն են թույլատրում, ո՛չ էլ ծեծողներին են պատժում:
Քրեակատարողական հիմնարկների լրատվության վարչության պետ Գոռ Ղալեչյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հոկտեմբերի 22-ի հարցմանն ի պատասխան, զանգահարել էր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, որպեսզի տեղեկություն ստանար իմ տղայի մասին: Նրան ասել էին, թե իմ տղայի վիճակը լավ է, միայն տաքություն եւ գլխացավեր ունի: Բայց այդ ամենն այդպես չէ: Վնասված են տղայիս թոքը, լյարդը, ստամոքսը, աղիները, ինչը դաժան ծեծի հետեւանք է: Տղայիս ծեծել են 6-րդ վարչության հրաման կատարող մարդիկ: Եւ հիմա բանտում նրան ամեն օր ցավազրկող են  ներարկում:
Ասեմ, որ որդիս, չդիմանալով դաժան ծեծին, քննասենյակում դանակահարվել է, որի հետքերը եւս կան, եւ ոչ ոք չի կարող հերքել: Իսկ թե ինչ է կատարվում նրա ներքին օրգաններում, դա կարող են իմանալ միայն Արմանին վիրահատած բժիշկները, որոնց ոստիկանները մեղադրում են` ասելով, թե բժիշկներն իրենց կաշին փրկելու համար են արել ամեն ինչ: Բայց իրականում բժիշկներն ահաբեկված են ոստիկաններից, դրա համար էլ թաքցնում են Արմանի իրական վիճակը:
Եթե ինչ-որ կասկածանքով բռնում են մարդուն, ապա ընդամենը երեք ժամ հետո պետք է տեղյակ պահեն նրա հարազատներին: Սակայն պարտիզան ոստիկանները տղայիս մահամերձ անելուց հետո, երբ աղմուկ բարձրացրեցի, երկու օր անց հիշեցին իրենց պարտականությունների մասին եւ հայտնեցին, թե որտեղ է գտնվում տղաս: «Էրեբունի» բժշկական կենտրոն ես ներկայացել էի դատապաշտպան Սեդա Սաֆարյանի հետ, սակայն մեզ ներս չթողեցին: Նրանք տղայիս «Էրեբունի» հիվանդանոցից թաքուն տարան Ավանի հոսպիտալ: Հենց տեղ հասցրին, նոր ինձ ասացին տղայիս գտնվելու վայրը: Անմիջապես գնացինք այնտեղ, սակայն միայն ինձ թողեցին, որ բարձրանամ վերեւ, քանի որ գիտեին` եթե փաստաբանը գար ինձ հետ, իրենց արարքները կբացահայտվեր: Ես մենակ գնացի վերեւ, տեսնեմ` որդիս Քրիստոսի չարչարանքների մեջ է: Նրա երկու ձեռքերը խաչված վիճակում շղթայված էին մահճակալի երկաթներից: Աչքերից արցունքներ էր գնում, եւ իմ (ազիզ) արեւով երդվեց, որ ինքը մեղավոր չէ, որ ինչ գրել է, մահից պրծնելու համար է գրել: Գրել է, որ ծեծելով չսպանեն: Եթե տղայիս վիճակը լավ լիներ, ինքնուրույն կգնար զուգարան, այլ ոչ թե գիշերանոթ կդնեին տակը:
Տղայիս մոտ հավաքված էին ավելի քան 20 հրաման կատարող ծեծողներ, որոնք հավանաբար սպասում էին արդեն մահապատժի հրահանգին: Վստահ եմ, որ առանց խղճի խայթ զգալու կսպանեին որդուս, որն այդ դեպքի, այդ բանդայի հետ ոչ մի կապ չունի: Ես համոզված եմ: Ուղղակի ոստիկաններն են նրա գրպանում ինչ-որ թմրանյութ գցել ու բռնել են: Իմ տղան ո՛չ խմում է, ո՛չ ծխում:
Հարգելի՛ պարոն նախագահ, մենք երկար տանջանքներից ու պայքարից հետո ձեռք բերեցինք ազատ, անկախ Հայաստան եւ վստահ էինք, որ մեր Հայաստանում մարդիկ խաղաղ կապրեն: Բայց, ցավոք, մեր շարքերում կան մարդիկ, որոնք անձնական թշնամությունն օգտագործում են աշխատանքի ընթացքում: Նրանք գլխաքանակ ապահովելու համար, որպեսզի նաեւ իրենց ղեկավարությանը ցույց տան, թե գործ են անում, այնպիսի մարդկանց են տարել, լցրել բանտերը, որոնք որեւէ առնչություն չունեն այդ հրեշավոր գողությունների հետ:
Հայաստանում արդարություն չկա: Անգամ դատաբժիշկներն են վախեցած: Նրանք սարսափում են տղայիս վիճակի մասին ճիշտ եզրակացություն տալ: Եւ եթե այս անմարդկային վերաբերմունքը շարունակվի, ստիպված կլինեմ դիմել այլ ատյանների` արդեն երկրից դուրս:
Պարո՛ն նախագահ, բոլոր հրաման կատարողները հենց Ձեր անունն են տալիս ու պատճառաբանում են, թե Դուք եք հրահանգել: Բայց ես չեմ հավատում, որ կարող եք այդքան անմարդկային հրահանգներ տալ, որոնք կատարողները մահվան դուռն են հասցրել որդուս: Այն պաշտոնյաները, որոնք ներկա են եղել բռնությանը, նոր պաշտոն են ստացել: Խնդրում եմ հրահանգեք` պարզել իրականությունը, որպեսզի իմ տղան ազատվի այդ տառապանքներից, որպեսզի հնարավորություն տրվի նրան` բուժումների համար: Նա երեք անչափահաս երեխաներ ունի, եւ ցավազրկողներով հանգստացնելը բուժում չէ: Հետո կարող է ուշ լինել: Ես վստահ եմ, որ նա անմեղ է:

ԱԼԲԵՐՏ ԴԱԼԼԱՔՅԱՆ




Լրահոս