Ես ոգևորված եմ Ձեր բերած հաղթանակով. Փաշինյանն ընդունել է Շախմատի աշխարհի և Եվրոպայի պատանեկան առաջնությունների հաղթող Մարիամ Մկրտչյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ, աշխարհի և Եվրոպայի պատանեկան առաջնությունների հաղթող Մարիամ Մկրտչյանին և նրա մարզիչ Զավեն Անդրիասյանին: Հանդիպմանը մասնակցել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը:

Ողջույնի խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

«Սիրելի Մարիամ,

Սիրելի Զավեն,

Շնորհավորում եմ Ձեզ և մեզ բոլորիս, նաև Ձեր ծնողներին և ընկերներին այս կարևոր հաղթանակի առումով: Շատ կարևորում ենք և շատ ոգևորված ենք Ձեր հաջողությամբ: Եվ հիմնական հարցը, որ ես տալիս եմ, և մենք մեզ տալիս ենք, հետևյալն է. մենք ինչ պիտի անենք, որ աջակցենք, որպեսզի Ձեր տաղանդը զարգանա և Հայաստանին բերի նորանոր և ավելի մեծ հաղթանակներ:

Պիտի միանգամից ասեմ, որ սա մեզ համար պետական քաղաքականություն է, որովհետև ուզում եմ նաև ուշադրություն հրավիրել, որ Հայաստանի՝ մինչև 2050 թվականի վերափոխման ռազմավարությամբ մենք խնդիր ենք դրել, նպատակ ենք դրել, որ Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը պետք է նվաճի շախմատի աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը: Եվ մենք հիմա փնտրում ենք թեկնածուներ, թե ովքեր են այդ մարդիկ, որովհետև, բարեբախտաբար, թե դժբախտաբար կառավարությունը, նախարարները, փոխնախարարները դա դժվար կարողանան անել, և մեզ պետք են թեկնածուներ, որպեսզի աջակցենք այդ թեկնածուներին, որպեսզի այդ նպատակն իրագործելի լինի: Ես չեմ ուզում, որ այդ նպատակներն անիրատեսական դիտվեն, որովհետև Հայաստանի շախմատի պատմությունն արդեն օբյեկտիվ իր նպաստը բերել է, և մնում է, որ մենք նաև ճիշտ քաղաքականություն վարենք և այդ քաղաքականությունն իրականացնենք:

Իհարկե, թեմայի հետ ուղիղ առնչություն չունի, բայց ուզում եմ նաև իմանաք, որ մենք հիմա մտածում ենք Հայաստանում տաղանդների աջակցման հիմնադրամ ստեղծելու մասին: Ավելի ճիշտ, չենք մտածում, որոշումը կայացրել ենք, մտածում ենք՝ ինչպես այն առավել արդյունավետ դարձնել: Ինչի՞ մասին է լինելու այդ հիմնադրամը: Նախ, կառավարության քաղաքականությունը լինելու է ընդհանրապես և՛ հանրակրթության, և՛ կրթության այլ ոլորտների, ներառյալ ֆիզկուլտուրայի և սպորտի առումով ստեղծել մաքսիմալ հնարավորություն, որպեսզի մեր երեխաների տաղանդը հնարավորինս ինքնադրսևորվի: Ինքնադրսևորումը, այսպես ասած, բազային խնդիրն է, բայց ինքնադրսևորման մեջ, բնականաբար, կերևան առանձնահատուկ աշխատասեր մարդիկ, որովհետև ես հավատում եմ, որ տաղանդը իրականում միշտ չէ, որ ճիշտ բառն է: Ճիշտ բառն աշխատասիրությունն է, որովհետև առաջին հերթին մարդն է իր աշխատասիրությամբ իր ներսում եղած տաղանդը բացահայտում, որովհետև ես հավատում եմ, որ բոլոր մարդիկ նույն չափ, նույն ձևով տաղանդավոր են, այլ բան՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պայմաններն որքանով են դրան նպաստում: Հիմա օբյեկտիվ պայմանը՝ կրթական համակարգը բերել պատշաճ վիճակի, սուբյեկտիվ հանգամանքն արդեն կապված է միջավայրի հետ՝ մարզիչ, միջավայր և այդպես շարունակ: Սուբյեկտիվ հանգամանքների դժվարություններ ունեցող տաղանդներին մենք պետք է գտնենք, և նրանց, նրանց ընտանիքների հետ խորհրդակցելով տեսնենք, թե ինչ անհատական ծրագրով կարող ենք օգնել, որ այդ աշխատասիրությունն առավել դրսևորվի: Իմիջիայլոց, ասեմ՝ սա միայն սպորտի բնագավառին չի վերաբերելու, այլև բացարձակապես բոլոր բնագավառներին, որովհետև մեկի տաղանդը կարող է արտահայտվել սպորտի, մյուսինը՝ արվեստի, երրորդինը՝ գիտության բնագավառում: Ես կարծում եմ, որ սա նույնպես շատ կարևոր ստրատեգիական ծրագիր է, և մենք այս ծրագիրը պիտի իրագործենք:

Իրականում, բավական երկար խոսեցի, բայց երկար խոսեցի նաև, որպեսզի ի ցույց դնեմ, թե ինչքանով ենք մենք և անձամբ ես ոգևորված Ձեր բերած հաղթանակով: Ուզում եմ Ձեզ և նաև Ձեր ընտանիքին, Ձեր ծնողներին շնորհակալություն հայտնել այս մեծ հաղթանակի համար, որ Դուք բերեցիք Հայաստանի Հանրապետությանը»:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում շախմատի հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել մեր երկրում շախմատի միջազգային մրցաշարերի անցկացման հնարավորությունների, պետության կողմից ոլորտի խթանման ծրագրերի շուրջ: Վարչապետը նշել է, որ կառավարությունը շարունակելու է ամեն կերպ աջակցել շախմատի և ընդհանրապես սպորտի զարգացմանը:




Լրահոս