Եվրատեսիլի կազմակերպման աշխատանքների համակարգողն Արայիկ Հարությունյանն է, սակայն հերքում էր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի մրցույթի նախապատրաստման և կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել վերոնշյալ հանձնաժողովի հերթական նիստը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության կայքը։

Քննարկվել են միջոցառումը բարձր մակարդակով անցկացնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներն ու առաջիկա անելիքները, մանրամասներ են ներկայացվել արդեն իսկ կատարված աշխատանքների վերաբերյալ:

Նշվել է նաև, որ դեկտեմբերի 5-ին Հանրապետության հրապարակում տարբեր երկրներից ժամանած միջոցառման մասնակից երեխաները միասին կվառեն գլխավոր տոնածառի լույսերը, հրապարակում տեղի կունենա նաև տոնական միջոցառում և հրավառություն։

Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը դեռ հոկտեմբերի 28-ին գրել էր, որ  «Մանկական Եվրատեսիլ» միջազգային մրցույթի կազմակերպման համար հատկացված ֆինանսական հատվածը վերահսկվելու է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ու իր տեղակալ Բագրատ Բադալյանի կողմից: Խոսքը ԱՄՆ-ում մոտ 600.000 դոլարով տուն գնած Բագրատ Բադալյանի մասին է: Պարզվում է՝ «Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն ֆինանսական հատվածի հետ կապված գրեթե 0 դերակատարություն ունի: Ի դեպ, այս մասին հարցում «Ժողովուրդ» օրաթերթն ուղարկել է նաեւ ՀՀ կառավարություն, որտեղից մեզ փոխանցել էին, որ մեր հարցումը վերահասցեագրել են պետական մյուս կառույցներին, որոնք քիչ թե շատ դերակատարություն ունեն այս մրցույթի անցկացման գործում:

Ստացվում է վարչապետի աշխատակազմի ղեկավարն այժմ նաև «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի մրցույթի նախապատրաստման և կազմակերպման հանձնաժողովի նախագահն է և զբաղվում է այդ աշխատանքներով: Եվ թերևս կարող ենք ենթադրել, որ  Արայիկ Հարությունյանը միաժամանակ ֆինանսական հատվածն էլ «աչքի տակ» է պահում:

Ի դեպ, Արայիկ Հարությունյանը ArmLur.am-ի հետ զրույցում պաշտոնապես հերքել էր, որ որևէ առնչություն ունի «Մանկական Եվրատեսիլ-2022»-ի մրցույթի հետ, բայց ստացվում է, որ պարոն Հարությունյանը ստել է մեզ, և նա ոչ միայն առնչություն ունի, այլև «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի մրցույթի նախապատրաստման և կազմակերպման հանձնաժողովի նախագահն է:




Լրահոս