
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը վայր է դնում պատգամավորական մանդատը: Այս մասին նա թեև իր Facebook-ի էջում այժմ է գրել, բայց «Ժողովուրդ» օրաթերթը դեռ օրեր առաջ էր գրել, թե ովքեր կլքեն «Հայաստան» խմբակցությունը: Այդ պատգամավորների թվում նաև Վարդևանյանն էր:
Եթե մեկշաբաթյա ժամկետում Վարդևանյանը չվերանայի որոշումն, ու ԱԺ նախագահը ստորագրի նրա՝ մանդատից հրաժարվելու դիմումը, ապա ըստ «Հայաստան» դաշինիքի ցուցակի հաջորդականության՝ նրան փոխարինելու կարող է գալ Ռիմա Ղազարյանը:

ArmLur.am-ի աղբյուրները, սակայն, հայտնում են, որ Ղազարյանը չի վերցնի պատգամավորական մանդատը: Նրան հաջորդող ԵՊՀ արևելագիտության դեկան Ռուբեն Մելքոնյանը նույնպես հարցական է՝ կցանկանա արդյո՞ք պատգամավորական գործունեությամբ զբաղվել: Մեր հարցադրմանն ի պատասխան, Մելքոնյանն ասաց. «Ժամանակը կգա, պաշտոնապես հայտարարությամբ հանդես կգամ: Հիմա ոչինչ չեմ կարող ասել, որովհետև որոշակիություն չկա»:

Ցուցակի հաջորդը Մհեր Սահակյանն է: Նա որոշ ժամանակ Սեյրան Օհանյանի օգնականն է եղել: «Որևէ քննարկում չեմ ունեցել, այս պահին որևէ բան ասել չեմ կարող»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Մհեր Սահակյանը:

Սևակ Վարդումյան