«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վարչական դատարանը կկասեցնի ՀՀ ոստիկանության հայցը՝ ընդեմ 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների ծնողների: Մեզ հասած լուրերի համաձայն՝ դատական համակարգում ներքին մասնագիտական քննարկում է եղել, եւ որոշել են ոստիկանության հայցին անդրադառնալ քրեական վարույթով նախաքննության ավարտից հետո:
Հիշեցնենք, որ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը, անդրադառնալով ոստիկանության կողմից սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում տեղի ունեցած միջադեպին եւ ոստիկանության կողմից զոհված զինծառայողների ծնողներին դատի տալու գործընթացին, նշել էր. «Անթույլատրելի է նաեւ այն հանգամանքը, որ տեղի ունեցած միեւնույն փաստական հանգամանքի վերաբերյալ նախաձեռնվում եւ իրականացվում է միաժամանակյա երկու գործընթաց՝ քրեաիրավական եւ վարչաիրավական այն պարագայում, որ այս երկու գործընթացները միմյանցից անկախ են, չեն կարող ունենալ քննության իրականացման միեւնույն հիմքը: Փոխանակ ոստիկանները պատժվեն ծնողներին նսեմացուցիչ կերպով գետնին տապալելու համար, դեռ մի բան էլ ոստիկանությունը ծնողներին է փորձում պատժել»:
Հիշեցնենք՝ ArmLur.am-ը գրել էր, որ ՀՀ ոստիկանությունը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների, եւ պահանջում է, որ դատարանը զոհված զինծառայողների ծնողներին վարչական պատասխանատվության ենթարկի, քանի որ ծնողները սեպտեմբերի 21-ին թույլ չէին տալիս ՀՀ վարչապետին եւ կառավարության անդամներին գնալ եւ ծաղիկ խոնարհել իրենց որդիների շիրիմներին: Արդյունքում ոստիկանները բռնության ենթարկեցին ծնողներին, ինչի առթիվ հարուցվել է քրեական վարույթ. 18 ծնող տուժող է ճանաչվել, սակայն մինչ օրս որեւէ մեղադրյալ չկա»: