«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «90 բուժաշխատողներ Ավանեսյանի որոշման արդյունքում կմնան անգործ: «Հիմնարկն ունի մոտ 100 աշխատող, բայց կարող է՝ 10-ը միայն աշխատեն, մնացածի ճակատագիրը անհայտ է: «Մեզ ծանուցել են, որ հիմնարկը հունվարի 1-ից տեղափոխվում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն՝ մի հարկում պիտի տեղավորվենք բոլորով: Ինչն է խնդիրը, որ մեզ՝ հասարակ աշխատողներիս, գործազուրկ են դարձնում». այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում վրդովված ասացին «Այրվածքաբանության ազգային կենտրոնի» մի խումբ բուժաշխատողներ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, «ՀՀ Առողջապահության նախարարությունը 2022 թվականի ապրիլի 7-ի Կառավարության որոշման համաձայն՝ միաձուլվել են երկու անհամատեղելի կառույցներ՝ «Մաշկաբանության ազգային կենտրոն» եւ «Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ները՝ ստեղծելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Այրվածքաբանության եւ մաշկաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ: Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել էր, որ ՀՀ Առողջապահության նախարարությունը որոշում է կայացրել Դավիթաշեն վարչական շրջանում գտնվող Այրվածքաբանության ազգային կենտրոնի տարածքը տրամադրել Պետական առողջապահության գործակալությանը (ՊԱԳ)-ին՝, որպեսզի նախարարի սրտի ֆինանսիստը՝ Ահարոն Բարսեղյանը, լավ պայմաններում աշխատի: Իսկ Այրվածքաբանության ազգային կենտրոնը նախատեսվում է տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ՝ տեղավորելով ընդամենը մի հարկում:
Այս առնչությամբ Armlur.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ նաեւ առողջապահության նախարարությունից.« Բանիմաց, փորձառու, խելացի, շարունակական զարգացման ծրագրերից օգտվող, վերապատրաստված մասնագետը համակարգից դուրս չի մնա: Կարծում եմ` սա հստակ պատասխան է։ Բացի այդ, կշարունակի աշխատել լավ պայմաններում եւ կունենա զարգացման առաջընթացի հնարավորություն»: Հիշեցնենք, որ նախարար Ավանեսյանի սրտի ֆինանսիստը՝ ՊԱԳ ղեկավար Ահարոն Բարսեղյանը, ՊԱԳ է տեղափոխվել Ավանեսյանի մայրիկին պատկանող տարածքում գտնվող «Վիգմոր» կլինիկայի ֆինանսիստի հաստիքից: Իսկ նախարարն ամեն ինչ անում է՝ հրապարակավ ապացուցելու, թե «Վիգմոր» կլինիկայի հետ որեւէ առնչություն չունեն ընտանքով»: