Փոփոխություն՝ զբոսաշրջիկների համար․ ինչ է առաջարկվում փոփոխել առևտրին վերաբերող օրենքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխբախագահ Բաբկեն Թունյանն առաջարկում է փոփոխել «Անկանխիկ գործառույթների» մասին օրենքն ու զբոսաշրջիկներին թույլ տալ սահմանված շեմից դուրս կանխիկով գնումներ անել։

Բանն այն է, որ այս տարվա հուլիսին ուժի մեջ մտած փոփոխությունների համաձայն՝ Հայաստանի տարածքում 300 հազար և ավելի գնումների դեպքում վճարումը պետք է անկանխիկ եղանակով կատարել։ Այժմ, փաստորեն, պատգամավորն առաջարկում է վերանայել այն ու թույլ տալ հատկապես օդանավակայաններում առևտուր անող զբոսաշրջիկներին կանխիկ վճարել։

Ըստ նախագծի հիմնավորման՝ Հայաստան այցելող ու Հայաստանից մեկնող զբոսաշրջիկները երբեմն դժվարություններ են ունենում անմաքս առեւտրի խանութներում (դյութի ֆրի) 300․000 Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող ապրանքների ձեռք բերման ժամանակ անկանխիկ եղանակով վճարումներ կատարելու պարտադիր պահանջի ապահովման հետ կապված:

«Համաձայն «Զվարթնոց» և «Շիրակ» միջազգային օդանավակայաններում շահագործվող անմաքս առեւտրի խանութներից ստացված տեղեկատվության, անկանխիկի մասին օրենքի ուժի մեջ մտնելուն նախորդած 1 տարվա ընթացքում կատարվել է մոտ 300 մլն դրամի առեւտուր, որոնց դեպքում կտրոնների արժեքը գերազանցել է 300 հազար դրամը: Այդ գումարից ավելի քան 80 տոկոսը հայկական ապրանքներ են, հիմնականում՝ թանկարժեք ալկոհոլային խմիչքներ: «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի ուժի մեջ մտնելուց հետո նման գործարքների քանակը եւ ծավալը անգամներով նվազել է»,- ասվում է նախագծում։

Այս հանգամանքն էլ հաշվի առնելով՝ օրենսդիրն առաջարկում է վերանայլ արդեն իսկ գործող օրենքն ու զբոսաշրջիկների համար որոշակի «արտոնություն» սահմանել։

Հարցն, ի դեպ, այսօր խորհրդարանի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում է քննարկվելու։

Սևակ Վարդումյան




Լրահոս