2022 թվականի հունիսի 9-ի նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ահռելի քանակությամբ պետական գույք կա, որը ոչ մի եկամուտ, արդյունք չի բերում երկրին։ «Հազարավոր օբյեկտներ, որոնք պետական են, չեն աշխատում ուղղակի կամ, չօգտագործվելու պատճառով, մաշվում են»,- նիստի ժամանակ հավելել էր Փաշինյանը։ Սակայն ինչպես հաճախ է պատահում, այս անգամ եւս պարզվում է, որ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ դեմ է եղել «Պետգույքի մասնավորեցման 2017-2020» ծրագրի քննարկմանը, ըստ որի՝ նախատեսվում էր այլ օբյեկտներից բացի նաեւ բազմաթիվ առողջապահական կենտրոններ վաճառել: Նա մանրամասնել էր. «Հանրության լայն շերտերի շահերը շոշափող կարեւորագույն օբյեկտների սեփականաշնորհումը տեղի է ունենում առանց հանրային խորհրդարանական պատշաճ մանրամասն լսումների», – նշել էր նա եւ հավելել, որ թեեւ մասնավոր հիվանդանոցների զուգարաններից գարշահոտություն չի գալիս, բայց հանրապետությունում գործում է առողջապահական օլիգարխների համակարգը եւ այդ հիվանդանոցներում ամենասովորական անալիզների համար աստղաբաշխական գումարներ պետք է վճարել։ Սակայն հեղափոխությունից հետո Փաշինյանը եւ իր թիմը ոչ միայն դեմ չեն , այլեւ նոր որոշումներ են ընդունում եւ ավելացնում՝ մասնավորեցման ենթակա գույքի քանակը: Ասել է թե՝ Նիկոլ Փաշինյանը էլի խաբել է:
Ինչու է դատախազը հապաղում մտնել ԱԺ՝ պատգամավորների հետեւից: «Հայաստան» խմբակցության պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու համար ՀՀ գլխավոր դատախազությունը սկսել է աշխատանքները ՀՀ Ազգային ժողովի հետ: «Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հետ աշխատանքային կարգով քննարկվել է՝ դատախազ Աննա Վարդապետյանի ԱԺ մտնելու եւ պատգամավորներին «տանելու» հարմար ժամանակահատվածը երբ կլինի, եւ, ԱԺ-ից հորդորել են մի փոքր սպասել: Պատճառն այն է, որ ԱԺ-ին լուրեր են հասել, թե «Հայաստան» խմբակցության մի խումբ պատգամավորներ իրենց մանդատները վայր են դնելու: Խոսքն առայժմ Վահե Հակոբյանի, Իշխան Սաղաթելյանի, Արամ Վարդեւանյանի եւ Արմեն Չարչյանի մասին է: Այսինքն՝ հնարավոր է, երբ դատախազը մտնի ԱԺ՝ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու հարցով, արդեն նրանք մանդատից հրաժարվելու դիմումներ գրած լինեն, եւ անհարմար իրավիճակ ստեղծվի: Դրա համար գործընթացը փոքր-ինչ կանգ է առել: Իշխանությունը սպասում է՝ հասկանալու համար պատգամավորական մանդատներն ովքեր ինքնակամ վայր կդնեն, որից հետո նոր քայլեր կձեռնարկի, առավել եւս, որ որոշ գործերով վաղեմության ժամկետի հարցեր էլ կան: Իսկ իրականում իշխանության իրական նպատակը «Հայաստան» խմբակցությունը պառակտելն ու թուլացնելն է: Հավելենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը, օրինակ, երկրում չէ, եթե համաձայնի իշխանության առաջադրած պայմանին եւ վայր դնի մանդատը, գուցե այլ գործողություններ չլինեն նրա հետ կապված:
ՀՀ Սահմանադրական դատարանում իրավիճակ է փոխվելու: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դեկտեմբերի 10-ից հետո բարձր դատարանին հրաժեշտ են տալիս ՍԴ անդամներ Արեւիկ Պետրոսյանը եւ Աշոտ Խաչատրյանը, որոնք ՍԴ անդամ են ընտրվել նախկին իշխանության օրոք, եւ հիմա նրանց պաշտոնավարման 12 տարին լրանալու հիմքով՝ դեկտեմբերի 10-ին հեռանալու են: Նրանց կփոխարինեն ներկայիս քաղաքական իշխանության «սրտի դատավորներ» Սեդա Սաֆարյանը եւ Հովակիմ Հովակիմյանը, որոնք սեպտեմբերի 15-ին ԱԺ-ի կողմից 65 ձայներով ընտրվեցին ՍԴ անդամներ: Նկատենք, որ Հովակիմ Հովակիմյանը ներկայումս զբաղեցնում է ՀՀ նախագահի նստավայրի իրավաբանական վարչության պետի պաշտոնը: Սեդա Սաֆարյանը Մարտի 1-ի գործով տուժողի ներկայացուցիչն է՝ փաստաբան։ Ավելին՝ «Ժողովուրդ » օրաթերթի տեղեկություններով ՍԴ-ում քննվող որոշ գործեր կանգ են առել ու ըստ լուրերի՝ սպասում են նոր անդամների գալուն, որը թույլ կտա ձեւավորել միատեսակ դիրքորոշում՝ կոլեգիալ որոշումներ կայացնելու համար:
Հայկական բեռնատարները, որոնց թիվը մի քանի հազարի է հասնում, դեռեւս չեն կարողանում հատել Լարսի անցակետը։ Բեռնատարների շարասյունը մինչեւ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի մատույցներն է հասնում։ Հերթի մեջ մնացած բեռանատարների վարորդներն ահազանգում են, որ դեպի Ռուսաստանի Դաշնություն հիմնականում սնունդ, միրգ ու բանջարեղեն են տանում, ինչը ժամանակի ընթացքում փչանում, անպիտան է դառնում։ Հետեւաբար՝ մեծ չափերի ու գումարների վնաս են կրում։ Դեռ չասած՝ երկու շաբաթից ավելի հերթի մեջ գտնվող մարդկանց տարրական՝ կենցաղային ու հիգիենիկ խնդիրները: ArmLur.am-ը Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանից հետաքրքրվեց, թե ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության՝ Վրաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ արդյոք քննարկվել է այս թեման։ «Սիմոնյանը վրաց պաշտոնյաների հետ Լարսում բեռնատար մեքենաների հերթի թեման շոշափե՞լ է, ու արդյո՞ք եղել է դրական ինչ-որ արձագանք»,- հարցրեցինք Խաչատրյանից։ Ի պատասխան՝ նա հղում արեց Ալեն Սիմոնյանի՝ վրաց պաշտոնյաների հետ ունեցած հանդիպումներից հետո հրապարակված պաշտոնական հաղորդագրություններն՝ ասելով. «Այդ հաղորդագրություններում տեղ գտած ինֆորմացիան ընդունեք ելակետային»։ Իսկ «ելակետայինն» այն է, որ Լարսում այս օրերին տիրող իրավիճակի մասին պաշտոնական հաղորդագրություններում որեւէ տող չկա։ Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ Սիմոնյանը, ընդհանուրի համատեքստում, ասել է, որ նաեւ տրանսպորտի հետ կապված հարցերն են քննարկել։ Ամենայն հավանականությամբ խոսակցությունը կամ բանակցությունը ցանկալի արդյունք կամ ընթացք չի ունեցել: Հիշեցնենք, որ ԱԺ նախագահի հետ Թբիլիսի էին մեկնել ԱԺ կրթության հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, պատգամավորներ Հակոբ Ասլանյանը, Սարգիս Խանդանյանը, Հասմիկ Հակոբյանը, Լենա Նազարյանը եւ նրա ամուսին Նարեկ Բաբայանը: Եվ այս թվով պատգամավորները ոչինչ չեն արել Լարսի՝ կիլոմետրով ձգվող հերթերի հարցը կարգավորելու ուղղությամբ. միայն ԱԺ նախագահի «կես խոսքն» է ու վերջ: