ՈՎՔԵՐ ԿՀՐԱԺԱՐՎԵՆ ՄԱՆԴԱՏԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընդդիմադիր մի շարք պատգամավորներ ստիպված կլինեն իրենց մանդատներին հրաժեշտ տալ:

 

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ-ն արդեն իսկ ունի այն պատգամավորների ցանկը, ովքեր նախնական հաշվարկով բացակայել են աշնանային նստաշրջանի քվեարկությունների կեսից ավելին: Իհարկե, դեռ աշնանային նստաշրջանը չի ավարտվել, քառօրյա հերթական նիստերը նախատեսված են դեկտեմբերի սկզբին, եւ գուցե մի քանի արտահերթ նիստեր եւս լինեն, բայց նույնիսկ այդ պարագայում արդեն շատ ընդդիմադիր պատգամավորներ հատել են թույլատրելի բացակաների շեմը. Նրանք են.

 

1) Իշխան Սաղաթալյանը՝ «Դաշնակցություն»-ից

2) Վահե Հակոբյանը` «Վերածնվող Հայաստան» կուսակցությունից

3) Արամ Վարդեւանյանը՝ անկուսակցական

4) Հռիփսիմե Ստամբուլյանը՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունից

5) Ելենա Կիրակոսյանը՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունից

Ամենայն հավանականությամբ նրանք բոլորն էլ պատգամավորական իրենց մանդատներից կհրաժարվեն նախապես՝ ինքնակամ:

Հավելենք, որ միայն Արամ Վարդեւանյանի դեպքում է իրավաբանորեն հնարավոր հարգելի համարել նրա բացակաները, քանի որ առողջական խնդիրների պատճառով է բացայակել վերջին նիստերից: Մյուսների բացակաները անհարգելի են ըստ ՀՀ Ազգային ժողովին մոտ կանգնած «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

 

ՀԱՅ ԵՎ ԻՐԱՆՑԻ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐ

Հայաստանի փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը նախօրեի երեկոյան՝ Թեհրանում բանակցություններ է վարել Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հետ։ Նրանք քննարկել են երկկողմ եւ տարածաշրջանային հարցեր։

Սաֆարյանը բարձր է գնահատել Իրանի սկզբունքային եւ կառուցողական դիրքորոշումը՝ տարածաշրջանի երկրների ինքնիշխանության եւ միջազգային սահմանների անփոփոխելիության նկատմամբ։

Մեկնաբանելով Իրանի արտաքին գործերի նախարարի վերջերս Հայաստան կատարած այցը եւ Կապանում ԻԻՀ-ի գլխավոր հյուպատոսության բացումը՝ Սաֆարյանն այդ իրադարձություններն անվանել է բեկումնային պահ երկու երկրների միջեւ հարաբերությունների համար։

 

 

 

 

 

ԱՇՆԱՆԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆ

Սույն թվականի նոյեմբերի 18-21-ը Մադրիդում ընթանում են ՆԱՏՕ ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքները: ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ նույնպես մասնակցում է խորհրդարանական վեհաժողովի 68-րդ ամենամյա նստաշրջանին: ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնա հայտնում են, որ Անդրանիկ Քոչարյանը եւ պատվիրակության անդամ` պատգամավոր Վահագն Ալեքսանյանը մասնակցում են տնտեսական եւ անվտանգության հարցերի, տաղաքական, տիտության եւ տեխնոլոգիայի, տողովրդավարության եւ անվտանգության, ինչպես նաեւ՝ պաշտպանության եւ անվտանգության հարցերով հանձնաժողովների նիստերին: Նշված հանձնաժողովների նիստերին այս անգամ մասնակցում է նաեւ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը:

 

 

 

ԿԸՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ՄՈԼԴՈՎԱՅՈՒՄ

Մոլդովայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրավերով նոյեմբերի 21-22-ը Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը եւ ԿԸՀ Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Տիգրան Բաբիկյանը կլինեն Քիշնեւում։ ԿԸՀ-ից հայտնում են, որ Հայաստանի ԿԸՀ ներկայացուցիչները հրավիրված են Մոլդովայի ԿԸՀ-ի հիմնադրման 25-ամյակի միջոցառմանը։ ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը կներկայացնի նաեւ ՀՀ ԿԸՀ-ի դրական փորձը։

 

 

 

ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԳՐՈՀՆԵՐ

Պարզվում է՝ «պալատական խարդավանքներ» հյուսողի հաստիք կա ՀՀ Կառավարությունում: Պետական միջոցներից աշխատավարձ ստացող պետական պաշտոնյան ծառայում է ոչ թե Հայաստանի հանրապետությանը, այլ զբաղված է ներիշխանական ինտրիգներ ու խարդավանքներ հյուսելով: Եվ որպեսզի արդարացնի իր գործունեությունը, նկատվի Նիկոլ Փաշինյանի կողմից, երբեմն ընդդիմադիր գործիչների վրա, ինտերնետային հարձակումներ է կազմակերպում: Այն, որ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյքային գրոհներ է կազմակերպում Նիկոլ Փաշինյանին քննադատողների նկատմամբ, մեկ անգամ չէ, որ բարձրաձայնվել է: Կառավարական կաբինետում կատարվող անցուդարձին քաջատեղյակ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրի փոխանցմամբ՝ Չախոյանը ցանկանում է իր վերադասի՝ աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարութունյանի տեղը զբաղեցնել: Գործադիրից մեզ վստահեցնում են, որ դրա համար Չախոյանը ոչնչի առջեւ կանգ չի առնում՝ իր վերադասի աթոռին հայտնվելու համար: Հարությունյանի թերությունները, բացթողումները եւ սկանդալային պատմությունները, որ հայտնվում են մամուլի էջերում, երբեմն ուղղորդվում են հենց Չախոյանի կողմից: Նա ամեն գնով ցանկանում է շահել Նիկոլ Փաշինյանի վստահությունը, բայց դա նրան դեռ չի հաջողվում:

 

 

 

ՄՏԵՐՄՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆ

Արցախի «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդի Facebook-յան պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ նա տարբեր համայնքներում՝ Մարտունիում, Ասկերանում, Մարտակերտում, քաղաքացիների հետ հանդիպումներ է ունենում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նա տեղացիների հետ զրույցում փորձում է տրամադրություններ ստեղել (ինչ-որ առումով նաեւ համոզել), որ ինքն ու իր կուսակից-համախոհները հայաստանյան իշխանությունների եւ, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի հետ մտերմություն չունեն: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Բաբայանն ուղիղ կամ շատ սուր չի քննադատում կամ վատախոսում Փաշինյանի հասցեին, բայց բոլորի ներկայությամբ, Հայաստանի իշխանությունների՝ մանր-մունր թերացումները մատնանշելով, փորձում է հասկացնել, թե ինքը նույնպես ընդդիմադիր դաշտում է: Մեր տեղեկություններով՝ զրույցների ժամանակ Բաբայանը համեմատություններ է անցկացնում 1990-ականների հետ ու ասում, թե այսօր էլ այդ օրերի նման պետք է միասնական լինել: Հետաքրքրականն այն է, որ Փաշինյանի կամ Հայաստանում իշխող քաղաքական ուժի այլ անդամների հետ մտերմություն ունենալու հանգամանքը մերժող Սամվել Բաբայանի՝ հայաստանյան կուսակցությունը՝ «Ազատական»-ը, Արթիկ համայնքում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո իշխող ՔՊ-ի հետ կոալիցիա է կազմել: Հետեւաբար՝ բնական հարց է առաջանում, եթե Բաբայանը փորձում է չեզոքացնել իր եւ Փաշինյանի կապը, ապա ինչպե՞ս է իր առաջնորդած կուսակցությունը ՔՊ-ի հետ քաղաքական համագործակցության գնում:

 




Լրահոս