ԿԿՆՔԵՆ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդարադատության նախարարության «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Ղուլյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին կենտրոնի հանրային կապերի պատասխանատու Արփի Ադամյանը,  կենսաբանական եւ թմրամիջոցների քրեագիտական, ձեռագրաբանական եւ փաստաթղթաբանական, տնտեսագիտական փորձաքննությունների բաժնի ղեկավարներ՝ Արթուր Անդրեասյանը, Վահե Գրիգորյանը, Սամվել Հովհաննիսյանն ու կենտրոնի ավագ փորձագետ Կարեն Աբրահամյանը, նոյեմբերի 16-18-ը հանդիպում է ունեցել Վրաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր Լևան Սամխարաուլիի անվան ազգային քրեագիտական բյուրոյի ղեկավար Մամուկա Ջանգուլաշվիլիի եւ Վրաստանի ՆԳՆ դատաքրեագիտական դեպարտամենտի ղեկավար Գեորգի Տվաուրիի հետ։

 

Այցի շրջանակներում Դավիթ Ղուլյանի գլխավորած պատվիրակությունը ծանոթացել է երկու փորձագիտական կենտրոններում փորձաքննություններ իրականացնող բոլոր բաժիններին, լաբորատորիաներում կատարվող փորձաքննությունների տեսակներին ու ենթատեսակներին, ինչպես նաեւ՝ Ազգային քրեագիտական բյուրոյի ԴՆԹ իրականացնող լաբորատորիայի պայմաններին ու սարքավորումներին։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փորձաքննությունների ժամկետների, դրանց կատարման ընթացակարգերի եւ օրենսդրական կարգավորումների, փորձագետի որակավորման ու ատեստավորման, նրանց վերապատրաստման, ինչպես նաեւ՝ մեթոդների ու մեթոդիկաների, բազաների ու մասնագիտական գրականության վերաբերյալ մի շարք հարցեր։ Դավիթ Ղուլյանը հանդիպման երկկողմ մասնակիցներին ներկայացրել է Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոնի բաժիններն ու փորձաքննությունների տեսակները, վերջին սերնդի սարքավորումներն ու դրանց հնարավորությունները, փորձագետ դառնալու կարգն ու պարտականությունները, այդ թվում՝ արդի խնդիրներն ու դրանց լուծումների առնչությամբ կենտրոնում ընթացքի մեջ գտնվող բարեփոխումների ուղղությունները, վերջին մեկ տարում կենտրոնի ձեռքբերումներն ու դրանք ընդլայնելու արդյունավետ գործընթացները։

Դավիթ Ղուլյանը գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ այլ հարցեր։

Նշված քննարկումների շրջանակում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել փորձագիտական ոլորտում հայ-վրացական փոխգործակցությունը խորացնելու, համագործակցության հետագա շարունակականությունն ապահովելու եւ դրանց ընդլայնման ուղղությամբ համատեղ գործողությունների ծրագրեր մշակելու մի շարք քայլեր, ինչպես նաեւ փորձի փոխանակման, երկու երկրների փորձագետների աշխատանքի որակի բարելավման, ունեցած մասնագիտական գիտելիքների հարստացման նպատակով, հետագայում ակտիվ ու արդյունավետ հանդիպումներ, քննարկումներ կազմակերպել նաեւ հեռավար ձեւաչափով։

Հանդիպման ավարտին կողմերը, բարձր գնահատելով արդյունավետ քննարկումները, համաձայնություն են հայտնել առաջիկայում կառույցների միջեւ կնքել փոխգործակցության խորացման մասին համագործակցության հուշագիր՝ նպաստելով փորձագիտական ոլորտի բարձրորակ մասնագետների պատրաստմանն ու վերապատրաստմանը, ինչի արդյունքում էլ ավելի կամրանա միջպետական փոխգործակցությունը երկու բարեկամ երկրների միջեւ:

 

 

 

ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի հրամանով հաստատված հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված եւ հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2022-2023 ուսումնական տարիների օրինակելի ուսումնական պլաններում սահմանվել են դպրոցականների արձակուրդների օրերը:

Առաջին եւ երկրորդ դասարանցիների ձմեռային արձակուրդները տրամադրվում են 2022թ. դեկտեմբերի 26-ից 2023թ. հունվարի 22-ը ներառյալ։

3-12-րդ դասարանների սովորողներին ձմեռային արձակուրդները տրամադրվում են 2022 թ. դեկտեմբերի 26-ից 2023 թ. հունվարի 8-ը ներառյալ։

Ըստ ուսպլանի՝ ԿԳՄՍ նախարարությունն անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում (եղանակային անբարենպաստ պայմաններ, սուր վարակիչ հիվանդությունների տարածում, տարերային աղետ եւ այլն) կարող է սահմանել լրացուցիչ արձակուրդ՝ կատարելով փոփոխություններ ուսումնական պարապմունքների եւ սովորողների համար սահմանված արձակուրդների ժամանակացույցներում:

Այդ փոփոխությունները կարող է կատարել նաեւ ուսհաստատությունը՝ բաց թողնված ժամերը մինչեւ ուսումնական պարապմունքների ավարտը լրացնելու կամ ուսումնական պարապմունքները հեռավար եղանակով կազմակերպելու՝ լիազոր մարմնին տեղեկացնելու պայմանով: Սահմանվել է նաեւ, որ 2022-2023 ուստարվա պարապմունքներն ավարտվում են 2023թ. մայիսի 26-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա եւ մայիսի 27-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ ապահովելով առնվազն 30 ուսումնական շաբաթ` առաջին, 32` երկրորդ եւ 34՝ երրորդից տասներկուերորդ դասարանների համար:

 

 

 

ՋՐԱՍՈՒԶԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ

Քաղաքացիական պաշտպանության հարցերի, արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ հետեւանքների վերացման հիմնական միջոցառումների պլանի շրջանակում, ԱԻ պետական ծառայության փրկարար ուժերի վարչության ծառայողները հերթական ջրասուզական պարապմունքն են անցկացրել:

Ջրափրկարարները ձմեռային սուզման համար նախատեսված հատուկ չոր անջրանցիկ հանդերձանքով ստորջրյա վարժանքներ են իրականացրել, որի նպատակը մասնակիցների մասնագիտական ունակությունների որակի բարձրացումն է, ինչպես նաեւ՝ ջրի ջերմաստիճանին ադապտացվելը: Ծառայությունում գործնական պարապմունքներ եւ տարբեր թեմաներով դասընթացներ հաճախակի են կազմակերպվում եւ գտնվում են ՆԳ նախարարության եւ ԱԻ պետական ծառայության ղեկավար կազմի ուշադրության կենտրոնում: ԱԻ պետական ծառայությունը ապահովված է անհրաժեշտ տեխնիկական միջոցներով եւ սարքավորումներով՝ տարվա բոլոր եղանակներին փրկարարական եւ ջրասուզական աշխատանքներ իրականացնելու համար: Ջրափրկարարներն էլ ունեն մեկ տասնյակ տարուց ավել ջրասուզական փորձ եւ բավարար գիտելիք՝՝ կատարելու տարբեր բարդության առաջադրանքներ:

 

ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ԽԱՉՔԱՐ

Մոտ տասը օր առաջ Նոյեմբերյան խոշորացված համայնքի սահմանամերձ Ոսկեպար գյուղի տարածքում՝ Ռուսաստանի զինուժի համար կառուցված զորանոցի մոտ, Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի եզրին կանգնեցվել է խաչքար, որի կեսը հայկական խաչ է, կեսը՝ ռուսական խաչ։ Ոսկեպարի բնակիչները չգիտեն, թե ով է կանգնեցրել կարմիր տուֆից կերտված այդ խաչքարը։ Ոսկեպարցիները չգիտեն նաեւ, թե որն է իրենց գյուղում ռուսական զինուժի առաքելությունը։ Ենթադրվում է, որ այդտեղ տեղակայված ռուսական զինուժի միջնորդությամբ է կատարվելու հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիան։ Ռուսական զինուժը Ոսկեպարում է գտնվում 2021թ. օգոստոսի սկզբից։ Նոյեմբերյանի սահմանագոտու բնակիչները մտահոգություն ունեն, որ առաջիկայում կատարվելիք դելիմիտացիայի եւ դեմարկացիայի հետեւանքով Հայաստանը տարածքային կորուստներ է ունենալու։

 

 

 

ԲԵՐՔԸ ՓՉԱՆՈՒՄ Է

Իջեւան խոշորացված համայնքի սահմանամերձ Բերքաբեր գյուղում աճեցված արքայանարնջի (ՍՏՐՏսպՍ) բերքի իրացման հետ կապված լուրջ խնդիր կա։ Բերքաբեր բնակավայրի վարչական ղեկավար Տիգրան Հարությունյանը հայտնեց, որ Բերքաբերում արքայանարնջի մոտ 50 տոննա բերք կա։ Նախորդ տարիներին սառնարան-բեռնատար մեծ ավտոմեքենաների տերերը եւ չրանոց ունեցողները գյուղացիներից գնում էին արքայանարինջը, իսկ այս  աշնանը նրանք Բերքաբեր չեն գնացել։ Գյուղացիները չեն ցանկանում իրենց միրգը շատ էժան վաճառել, բնակավայրի վարչական ղեկավարն  ասաց, որ Արմավիրի  մարզում գործող Մեյմանդարի մեծածախ  շուկայում արքայանարնջի կիլոգրամի  գինը 180-200  դրամ է, ինչը բերքաբերցիներին  ձեռնտու չԷ։ Սահմանամերձ գյուղում առկա է  շուրջ 20 հեկտար արքայանարնջի այգի, կան նաեւ  նորատունկ այգիներ, որոնք դեռեւս բերք չեն տալիս։ Բերքաբեր գյուղն ունի մոտ 760 հեկտար տարածք, որոնք, գտնվելով, փաստացի հայ-ադրբեջանական սահման դարձած  Ջողազի ջրամբարի ձախ ափին, արդեն 30 տարի գտնվում են ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ։

 

 

 

ԴՐՈՇԸ ՊԱՏՌՎԱԾ Է

Մոտ մեկ տարի առաջ Տավուշի մարզի  սահմանագոտում՝ Իջեւան խոշորացված համայնքի Կիրանց եւ Նոյեմբերյան խոշորացված համայնքի Ոսկեպար գյուղերի սահմանին, Հայաստան-Վրաստան  միջպետական ավտոճանապարհի եզրին գտնվող բլրին ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակից զինվորականները մեծ դրոշակաձող  են կանգնեցրել, որի վրա ծածանվում է հայկական եռագույն դրոշը։ Այդ դրոշն այժմ պատռված է. պատռված դրոշը Հայաստանի քաղաքացիներից զատ,  ամեն օր տեսնում են նաեւ ճանապարհով երթեւեկող օտարերկրացիները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի տարի առաջ երիտասարդ պաշտոնյային նվաստացրեց մաքսակետում գետնին դրված դրոշի համար: Պատռված դրոշի համար նա պաշտպանության նախարարությանը նախատինք  չունի՞։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս