ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ՝ երիտասարդական աշխատանքի և կամավորության խթանման նպատակով:
ԿԳՄՍՆ-ից Armlur.am-ին հայտնում են, որ մրցույթի շրջանակում նախատեսվում է «Երիտասարդների համար երիտասարդական աշխատանքի եւ կամավորության խթանում» նպատակի իրագործման համար հաղթող մասնակցին (մասնակիցներին) տրամադրել առավելագույնը 5 մլն դրամ դրամաշնորհ (ներառյալ՝ ԱԱՀ-ն), որի շրջանակում կարող են կնքվել մեկից ավելի պայմանագրեր։
Հաղթող ճանաչված մասնակցի դրամաշնորհային հայտով ներկայացված ծրագրում ընդգրկվող շահառուների թիվը պետք է կազմի նվազագույնը 60:
Մրցույթին մասնակցելու համար մասնակիցը (կազմակերպությունը) պետք է բավարարի հետեւյալ նվազագույն որակավորման տվյալների չափանիշներին.
1) առնվազն 3 նմանատիպ ծրագրերի իրականացման փորձառություն,
2) ծրագրի աշխատակազմի փորձառություն,
3) ըստ անհրաժեշտության՝ ծրագրի իրականացման համար նշված ոլորտում հրավիրված մասնագետների փորձառություն։
Որակավորման չափանիշների գնահատման համար մասնակիցը հայտով ներկայացնում է հետեւյալ փաստաթղթերը՝
առնվազն 3 նմանատիպ ծրագրերի իրականացման փորձառությունը հավաստող պայմանագրերի պատճենները, իսկ պատճենների ներկայացման անհնարինության դեպքում՝ փաստացի ապացույցներ ծրագրերի իրականացման մասին՝ նկարներ, տեսանյութեր, հանրային գրառումներ, հրապարակումներ, հոդվածներ եւ այլն, ծրագրի աշխատակազմի փորձառությունը հավաստող փաստաթղթեր՝ ինքնակենսագրականներ, վկայականներ, հավաստագրեր, աշխատակազմի անդամի կողմից գրավոր համաձայնություն ծրագրում իր ներգրավվածության վերաբերյալ, հրավիրված մասնագետների փորձառությունը հավաստող փաստաթղթեր՝ ինքնակենսագրականներ, վկայականներ, հավաստագրեր, աշխատակազմի անդամի կողմից գրավոր համաձայնություն ծրագրում իր ներգրավվածության վերաբերյալ։
Մասնակիցները կարող են մրցույթին մասնակցել նաեւ համատեղ գործունեության կարգով:
Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել համակարգի միջոցով ոչ ուշ, քան 2022 թվականի դեկտեմբերի 7-ը՝ ժամը 12:00-ը։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը լրանալուց հետո ներկայացված հայտերը չեն ընդունվում համակարգի կողմից։
Հայտերի եւ կցված բոլոր փաստաթղթերի (ինքնակենսագրականներ, գնային առաջարկներ, պայմանագրեր եւ այլն) ներկայացման լեզուն հայերենն է:
Մրցույթին մասնակցելու իրավունք չունեն այն կազմակերպությունները, որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ներառված են պետական բյուջեից դրամաշնորհ ստանալու նպատակով կազմակերպվող մրցույթներին մասնակցելու իրավունք չունեցող կազմակերպությունների ցուցակում, որը հրապարակված է ՀՀ ֆինանսների նախարարության www.minfin.am կայքում:
Կազմակերպությունն ընդգրկվում է վերը նշված ցուցակում, եթե՝
1) որպես հաղթող հրաժարվել կամ զրկվել է պայմանագիր կնքելու իրավունքից.
2) խախտել է կնքված պայմանագրով ստանձնած պարտավորություն, որը հանգեցրել է պետական մարմնի կողմից պայմանագրի միակողմանի լուծմանը:
Ն.Հ.
ԽՐԱԽՈՒՍԱՆՔ՝ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻՆ
Գործազուրկ անձանց հետ առնվազն մեկ տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելու դեպքում պետության կողմից գործատուին կտրամադրվի միանվագ փոխհատուցում՝ 250,000 դրամի չափով, իսկ նպաստառու գործազուրկի աշխատանքի ընդունելու դեպքում՝ 350,000 դրամի չափով (ընդ որում՝ աշխատանքային պայմանագիրը չի կարող կնքվել ոչ լրիվ աշխատաժամանակի ռեժիմով)։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից:
Ծրագրում կարող են ներգրավվել այն գործատուները, որոնք համապատասխանում են հետեւյալ չափորոշիչներին՝ չեն հանդիսանում հանրային ծառայություն իրականացնող պետական կառավարման համակարգի մարմին, մինչեւ ծրագրի համար դիմում ներկայացնելը գործել են առնվազն երկու տարի անընդմեջ, վերջին երեք ամսվա ընթացքում անընդհատ ունեցել են առնվազն 10 վարձու աշխատող, նրանց կողմից հաշվարկված եկամուտների փաստացի ֆոնդը նշված ժամանակահատվածում չի նվազել, կամ նվազումը կազմել է ոչ ավելի, քան 5 տոկոս:
ՎԱՐՈՐԴՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ
Նախորդ շաբաթ «Երեւանի ավտոբուս» ընկերության կողմից թվով 2208 շարժակազմ գտնվել է շահագործման մեջ, ունեցել ենք 21 ավտովթար՝ առանց լուրջ հետեւանքների: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 21-ին, Երեւանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը:
Նա տեղեկացրեց, որ արդեն դուրս գրված «Բոգդան» եւ «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսները աճուրդի են դրված, բայց դեռ ընկերության տարածքում են գտնվում:
Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հետաքրքրվեց, թե ինչ խնդիրներ կան կապված 150 նոր ավտոբուսների, 15 նոր տրոլեյբուսների, նաեւ «ՄԱՆ» ավտոբուսների հետ, որոնք առաջիկայում կլինեն Երեւանում:
Թարփոշյանը պատասխանեց, որ ոչ մի խնդիր չունեն. «Եթե մեզ մոտ շինարարական աշխատանքներ չեն կատարվում, մենք տեղավորում ենք ավտոբուսները մեր 4 պարկերում»:
Քաղաքապետը հանձնարարեց սկսել վարորդների հավաքագրման աշխատանքները. «Վարորդների մասով սկսեք արդեն մտածել, որպեսզի ավտոբուսները գան, մենք վարորդների խնդիր չունենանք: Երկշաբաթյա ժամկետում զեկուցեք՝ ինչ աշխատանքներ եք իրականացրել: Հիմիկվանից սկսենք վարորդների հավաքագրումը»: