«ԱՇՆԱՆ ՄԵՂԵԴԻ» ՊՈԵԶԻԱՅԻ ԵՐԵԿՈ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւսպորտի նախարարության դրամաշնորհային աջակցությամբ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը (ՋԱՀ) Նինոծմինդա քաղաքում իրականացրել է ««Աշնան մեղեդի» պոեզիայի երեկո» խորագրով միջոցառումը՝ նվիրված ականավոր բանաստեղծ, քնարերգու եւ հասարակական-քաղաքական գործիչ Վահան Տերյանին։

 

ԿԳՄՍ նախարարությունից ArmLur.am-ին հայտնեցին, որ երեկոյի ընթացքում հայերեն եւ վրացերեն հնչել են տերյանական պոեզիա, երգ ու երաժշտություն՝ գրված բանաստեղծի ստեղծագործությունների հիման վրա։ Կատարումներով հանդես են եկել երգիչներ Մավր Մկրտչյանը եւ Վահագ Ռաշը։ Անդրադարձ է եղել նաեւ Վահան Տերյանի տուն-թանգարանի վերականգնման ընթացքին։

ՋԱՀ-ի տնօրեն Սամվել Մկոյանը շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախարարությանն աջակցության եւ գործընկերներին՝ համագործակցության համար։ Նրա գնահատմամբ՝ մշակութային նմանատիպ միջոցառումները հայ-վրացական բարեկամական դարավոր կապերն ընդգծելու եւ ավելի սերտացնելու նպատակ ունեն։

«Օրն այսօր Տերյանի մասին է, եւ մենք հավաքվել ենք լսելու, ասմունքելու սիրելի բանաստեղծին։ Էլ ինչ աշուն՝ առանց Տերյանի»,- ասել է Սամվել Մկոյանը եւ հավելել,- այս տարածաշրջանում մշակութային իրադարձությունները հաճախադեպ չեն, եւ սա հնարավորություն է մարդկանց համար՝ ուղղակի վայելելու միջոցառումը՝ եւս մեկ անգամ արժեւորելով Տերյան բանաստեղծին եւ գործչին»։

Միջոցառմանը ներկա են եղել Շիրակի մարզկենտրոն Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանը, Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը, Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի տնօրեն Կարինե Ռաֆայելյանը, հյուրեր՝ Վրաստանից եւ Վահան Տերյանի արվեստի երկրպագուներ։

Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը խորհրդանշական է համարել Չարենցի տուն-թանգարանի մասնակցությունը Տերյանին նվիրված միջոցառմանը. «Սա հրաշալի առիթ է՝ եւս մեկ անգամ ներկայացնելու եւ գնահատելու Տերյանի գործունեությունը։ Չարենցյան ներկայությունն այս միջոցառմանը խորհրդանշական է, քանի որ Տերյանը, ինչպես գիտենք, եղել է Չարենցի գրական նախահայրը։ Մենք այստեղից կգնանք՝ մեզ հետ տանելով տերյանական շունչը, որ տիրում էր այս միջավայրում»։

Մեծ հայերի փոքր հայրենիքում՝ Ջավախքում, նմանատիպ միջոցառումների անցկացումը դրական է գնահատել նաեւ մյուս մեծ ջավախքցի գրողի՝ Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի տնօրեն Կարինե Ռաֆայելյանը:

Հյուրերը միջոցառման շրջանակում այցելել են Կարծախ՝ Ջիվանու տուն-թանգարան, Փարվանա լիճ՝ հիանալու բանաստեղծական բնապատկերով։ Շրջել են նաեւ Գանձա գյուղում, 2021 թվականին հիմնանորոգված եւ վերաբացված Վահան Տերյանի ցուցասրահում, եղել թանգարանի հուշային հատվածում, ծանոթացել բանաստեղծի հայրական տան կենսագրությանը, նրա մանկության հուշերին։ Նշենք, որ այժմ մեկնարկային փուլում են թանգարանի հուշային հատվածի վերականգնման աշխատանքները։

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ

Երեւանում դեկտեմբերի 6-20-ը կանցկացվի Արամ Խաչատրյանի անվան 10-րդ միջազգային փառատոնը։ Հոբելյանական փառատոնի շրջանակներում կներկայացվի 5 համերգ։

 

Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի նախաձեռնողը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն է՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ։

Երաժշտական այս տոնն ամեն տարի Հայաստանում հյուրընկալում է մեծահամբավ երաժիշտների։ Նախորդ 9 տարիների ընթացքում ելույթ են ունեցել ականավոր արտիստներ Մաքսիմ Վենգերովը, Ալեքսանդր Ռոմանովսկին, Ջոն Մալկովիչը, Սերգեյ Խաչատրյանը, Գոթյե Կապյուսոնը եւ այլք։

Ինչպես Armlur.am-ին տեղեկացրին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից, այս տարի նույնպես մեր ունկնդիրներին սպասվում են երաժշտական հետաքրքիր հանդիպումներ. Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան թավջութակահարներ Սեւակ Ավանեսյանը, Անաստասիա Կոբեկինան, ջութակահար Կարմինե Լաուրին, դաշնակահար Մասսիմո Սպադան։ Փառատոնի համերգները կղեկավարեն դիրիժորներ Սերգեյ Սմբատյանը եւ Ջորջ Փեհլիվանյանը։

Փառատոնի բազմազան երգացանկում  Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների կողքին կհնչեն նաեւ Սերգեյ Պրոկոֆեւի, Միխայիլ Գլինկայի, Ալեքսանդր Բորոդինի, Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի, Լեոնարդ Բերնսթայնի, Ֆրիդրիխ Գուլդայի, Անտոնին Դվորժակի ստեղծագործությունները։

Խաչատրյանական փառատոնի ընթացքում, ինչպես ամեն տարի, նվագախումբը կներկայացնի «Խաչատրյան ջազ» համերգային ծրագիրը՝ կատարելով Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները ջազային գործիքավորմամբ։ Որպես մենակատար՝ հանդես կգա դաշնակահար Վահագն Հայրապետյանը։

Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը 2021 թվականի նոյեմբերից Եվրոպական փառատոների ասոցիացիայի (The European Festivals Association, EFA) անդամ է։

 

 

ՎԵՐԸՆՏՐՎԵՑ ԴԵԿԱՆ

ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը վերընտրվել է այդ պաշտոնում:

«Այսօր արեւելագետների միաձայն քվեարկությամբ վերընտրվեցի ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան: Մեծ պատիվ եւ պատասխանատվություն է ղեկավարել ամենակարեւոր եւ ամենաինքնատիպ ֆակուլտետը: Շարունակելու եմ այն նույն ոճով եւ սկզբունքներով, որոնց հավատարիմ եմ եղել նախորդ տարիներին»,-սոցիալական ցանցում տեղեկացրել է նա։

Նշենք, որ Մելքոնյանը ֆակուլտետի դեկանն է 2017 թվականից։

 

 

 

ԲԱՑԱՌԻԿ ՑՈՒՑԱՆԻՇ

Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը բացառիկ ցուցանիշով նվաճեց Champions Chess Tour Finals-ի հաղթողի կոչումը։ Նորվեգացի գրոսմայստերը 7-րդ տուրում հաղթեց բոլոր մրցակիցներին։

Կարլսենը պարտության մատնեց ամերիկացի Ուեսլի Սոյին, հնդիկ Արջուն ?րիգաիսիին, ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին, հոլանդացի Անիշ Գիրիին, վիետնամցի Լեո Կուանգ Լիեմին, հնդիկ Պրագնանադհային, լեհ Յան-Կշիշտով Դուդային։

Մրցանակային հիմնադրամը 210 հազար դոլար էր։ Կարլսենը ստացավ 50 հազար դոլար։

 

 

 

7 ԽԱՂԱՑՈՂ ՎԱՏԱՌՈՂՋ Է

Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականն աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի հանդիպումից առաջ կարող է կադրային խնդիրներ ունենալ։ Լուիս Էնրիկեի գլխավորած թիմի 7 խաղացող վատառողջ է։

Օդափոխման համակարգի պատճառով նրանք մրսածություն ունեն։ Հիվանդացածների թվում է նաեւ Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան, որը չի կարողացել ավարտին հասցնել մարզումը։ Իսպանիայի հավաքականը նոյեմբերի 23-ին կխաղա Կոստա Ռիկայի թիմի դեմ։

 

 

 

ԳԵՐԱԶԱՆՑ ՄԱՐԶԱՎԻՃԱԿՈՒՄ Է

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն 52 տարեկանում գերազանց մարզավիճակում է։ Նա լուսանկար է հրապարակել մարզումից հետո։

Աշխարհի առաջնությունում առաջին հանդիպումը Իսպանիայի հավաքականը կանցկացնի նոյեմբերի 23-ին՝ մրցելով Կոստա Ռիկայի թիմի հետ։

 




Լրահոս