«Մենք խոստացել ենք, որ պետական բյուջեի եկամուտները 1-2 տարվա ընթացքում կմեծացնենք ու կդարձնենք 35-40 տոկոս։ Այդ խոստումն ի կատար է ածվել. ամենաթարմ տվյալներով՝ մենք 2022 թվականի արդյունքներով՝ 2018 թվականի նկատմամբ պետական բյուջեի եկամտային մասն ավելացնում ենք շուրջ 578 մլրդ դրամով, որը շուրջ 43 տոկոս է»: Այս մասին հոկտեմբերի 29-ին տեղի ունեցած «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության համագումարի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Հենց այստեղ էլ թաքնված է Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը: Ուշադրություն դարձրեք, որ իր խոսքերում նա նշում է 1-2 տարվա ընթացքում իր խոստումն ի կատար ածելու մասին, սակայն որպես ժամանակահատված համեմատում է 2022 թվականը 2018-ի հետ, որն արդեն չորս տարի է անում: Այսինքն՝ նրա խոստումը կատարվել է ավելի երկար ժամանակահատվածում, քան իրենք խոստացել էին։ Նրանք խոստացել էին բյուջեի եկամուտները 35-40 տոկոսով ավելացնել 1-2 տարում, ավելացրել են 4-5 տարում։ Եվ սա էլ իր հերթին վկայում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին եւ ներկայացրել փաստեր, որոնք իրականությանը չեն համապատասխանում եւ կրում են մանիպուլատիվ բնույթ:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը արդեն դիմում է ներկայացրել ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը, որպեսզի նրանց օպերատիվ հետախուզական խումբը ստուգի բոլոր պետական պաշտոնյաների գույքը եւ պարզի, օրինակ՝ նրանք ունե՞ն արդյոք բիզնես, անշարժ կամ շարժական գույք, որը չեն հայտարարագրել, կամ արդյո՞ք վարում են մի մեքենա, որը հայտարարագրում ներկայացված չէ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տվել է մեծ թվով պետական պաշտոնյաների անուններ՝ ՀՀ վարչապետ, փոխվարչապետեր, ՀՀ նախագահ, ԱԺ նախագահ, պատգամավորներ եւ այսպես շարունակ: Մենք կհետեւենք զարգացումներին՝ պարզելու, թե իրավապահների ստուգումները ինչ արդյունքներ կտան: Արդյո՞ք դրանք կլինեն իրական, թե՞ հետապնդումների հարմար առիթ: Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ պետական պաշտոնյաներն այս օրերին ծանուցումներ են ստանում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից: Ծանուցման մեջ հանձնաժողովը կոնկրետ հարցադրումներ է արել պետական պաշտոնյաներին եւ պահանջել հայտնել, թե այս կամ այն բիզնեսի, գույքի կառավարման հետ ինչ առնչություն ունեն պաշտոնյաները: Չի բացառվում՝ սկսվեն նաեւ զանգվածային գաղտնալսումներ պաշտոնյաների գործունեությունը բացահայտելու ուղղությամբ:
Սեւ ամպեր են կուտակվում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանի գլխին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ուժային կառույցները ՔԿՀ-ներում տիրող իրավիճակի մասով օպերատիվ տեղեկություններ են ստացել , որի մասով սկսվել է գործընթաց: Բացի այդ՝ քաղաքական իշխանություններն են Ծառայության պետի գործունեության մասով բացասական գնահատական տվել, ուստի չի բացառվում ՔՊ նախկին պատգամավոր Սերգեյ Ատոմյանը հրաժեշտ տա իր պաշտոնին: Կա՞ նման հեռանկար, «Ժողովուրդ» օրաթերթի այս հարցին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նովիկյանը հայտնեց, թե իրականությանը չի համապատասխանում լուրը: Կսպասենք իրադարձությունների զարգացմանը:
Արցախում իրականացվող շինարարական աշխատանքների համար պետական գերատեսչությունների կողմից հայտարարված մրցույթներում մեծամասամբ «Կապավոր» ՍՊԸ-ն է հաղթում: Ու դա կարելի է պնդել անգամ՝ ուսումնասիրելով ընկերության Facebook-ի պաշտոնական էջը, ու ամեն ինչ պարզ կլինի: Սոցիալական ցանցում տեղադրած տեղեկությունից էլ հստակ է՝ ընկերությունն է շահում պետության կողմից հայտարարվող բազմաթիվ մրցույթներն ու ինքն իրականացնում թե՛ ճանապարհների, թե՛ բնակարանների ու առանձնատների կառուցումը, թե՛ անգամ ձնամաքրման աշխատանքները: Որպես օրինակ նշենք, որ Արցախի Աստղաշեն գյուղի հարեւանությամբ կառուցվող նոր բնակավայրի կամ քաղաքաշինության նախարարության համաֆինանսավորմամբ Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքում 92 առանձնատների կառուցումը, ինչպես նաեւ պետական ֆինանսավորմամբ Ստեփանակերտի փողոցների բարեկարգումը, Արցախում ու Հայաստանում ճանապարհների շինարարությունն ու բազմաթիվ այլ աշխատանքների իրականացնողը հենց Արման Հակոբջանյանին պատկանող «Կապավոր» ՍՊԸ-ն է: Նա ՍՊԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ է, որին, չգիտես ինչպես, հաջողվում է շահել Արցախի կառավարության կողմից ֆինանսավորվող գրեթե բոլոր շինաշխատանքներն ու ըստ այդմ մեծ գումարներ տնօրինել: Իսկ գումարների չափերն այնպիսի մեծության են, որ նա կարողանում է նաեւ, օրինակ, Սեւանի ափին շքեղ առանձնատուն կառուցել: