«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ահագնացող գնաճը բացատրում է Հայաստանում պարենի ու գյուղատնտեսական պաշարների նվազմամբ: Սրան զուգահեռ՝ հավելում է՝ հատկապես Ռուսաստանի քաղաքացիների աննախադեպ հոսքի հետ կապված է նաեւ ապրանքների նկատմամբ պահանջարկն ավելացել, ինչը նույնպես գնաճը խթանող հանգամանք է: Թեեւ նկատել է, որ Կենտրոնական բանկը որոշակիորեն պայքարում է գնաճի դեմ, բայց վստահ է՝ կառույցն իր ունեցած գործիքակազմն ամբողջությամբ չի կիրառում: Հետեւաբար՝ գնաճը զսպելու համար կոնկրետ անելիքներ ոչ միայն ԿԲ-ն, այլ նաեւ կառավարական կաբինետում ունեն:
-Պարո՛ն Ավետիսյան, դրամը Հայաստանում արժեւորվում է, իսկ դոլարը արժեզրկվում, բայց առաջին անհրաժեշտության ապրանքները շարունակում են թանկանալ, իհարկե, այս ամենը կարող է բացատրվել Հայաստան եկող զբոսաշրջիկների թվով, սակայն տեսակետ կա, որ պատկան մարմինները չեն կիրառում համապատասխան գործոններ. այս գնաճը զսպելու համար, ո՞րն է Ձեր մեկնաբանությունը:
-Գնաճը ոչ թե ֆինանսական կամ դրամական երեւույթ է, այլ նաեւ պայմանավորված է երկրի տնտեսության ներուժով: Առաջինը, եթե մեր երկրի տնտեսությունը նվազում է եւ սննդամթերքի առաջնային անհրաժեշտության պարենի առաջարկը նվազում է, բնականաբար բերում է գնաճի: Երկրորդը, պարենային ապրանքների հետ կապված մեր երկրում պահանջարկը ավելացել է: Երրորդ կարեւոր գործոնը, որը եւս օբյեկտիվ է, դա կապված է միջազգային շուկաներում պարենային ապրանքների թանկացմամբ: Սրանք այն հիմնական գործոններն են, որ բերում են պարենային մթերքի գնաճի: Մեր երկրում ավելի արագ են աճում սննդամթերքի գները, հատկապես առաջին անհրաժեշտության: Հիմնականում Կենտրոնական բանկը թեեւ որոշակիորեն պայքարում է գնաճի դեմ, բայց կառույցն իր ունեցած գործիքակազմն ամբողջությամբ չի կիրառում: Հետեւաբար՝ գնաճը զսպելու համար կոնկրետ անելիքներ ոչ միայն ԿԲ-ն, այլ նաեւ կառավարական կաբինետն ունի:
-Ի՞նչ պետք է անի Կառավարությունը, արդյո՞ք կան գործիքներ, որոնք պետք է ներդնի, սակայն չի ներդնում:
-Ձեր հարցը իրականում շատ կարեւոր է, եւ ես այդ հարցին հավաքական կպատասխանեմ: Պետք է աջակցություն լինի հատկապես գյուղատնտեսական ոլորտում, որպեսզի արտադրողն առաջնային անհրաժեշտության պարագաների արտադրությունը բավարարի, եւ առաջարկը ընթացքում չնվազի: Եթե գյուղատնտեսական արտադրությունը նվազում է, այստեղ նախ եւ առաջ խնդիր ունի Կառավարությունը: Այսինքն՝ կարելի է եզրակացնել այն ծրագրերը, որոնք Կառավարությունը ներկայացնում է եւ հանրայնացնում, իրենց սպասելի արդյունքը չեն տալիս: Այս իմաստով Հայաստանը գնում է աշխարհի միտումներին հակառակ ճանապարհով, եւ դա մի պարզ պատճառով, որ տնտեսապես զարգացած եւ զարգացող երկրները էական շեշտադրում են փոխել գյուղատնտեսական քաղաքականությունում, այսինքն՝ շուկայի կարգավորումն այլեւս դոմինանտ չի, եւ պետություններն աջակցում են գյուղատնտեսությանը հետեւյալ սկզբունքով, որ անգամ 1 քառակուսի մետր գյուղատնտեսական հող չմնա անմշակ:
-Իսկ Հայաստանում նման անմշակ հողերը շա՞տ են:
-Այո՛, իհարկե, եւ գնալով դրանք ավելանում են: Խնդիրն այն է, որ պարենային ապրանքների սրվելու պատճառը կապված է նաեւ պատերազմների, համավարակների եւ այլնի հետ: Ցանկացած երկիր ոչ թե որ ներկրում անի, այլ մտածում է բարելավել ներքին արտադրանքը եւ բերել առավելագույնի ներքին ապահովվածությունը սեփական արտադրանքով: Մենք ունեցել ենք տնտեսական տարբեր ցուցանիշներ. 2018 թվականին ունեցել ենք տնտեսական աճ, 2019 թվականին եւս ունեցել ենք աճ, 2020 թվականին տնտեսական նվազում, 2021 թվականին տնտեսական աճ, իսկ 2022 թվականին՝ անկում, բայց գյուղատնտեսության իմաստով շատ կարեւոր է, որ պարենային ապրանքների ապահովածության ցուցանիշը էապես նվազել է: Սա շատ մտահոգիչ հարց է, քանի որ 65 տոկոսով մեր երկիրը կարող էր իր պարենային ապահովածությունը ունենալ ցորենով, կաթնամթերքով եւ մյուս առաջնային պարենային ապրանքներով, սակայն այսօր այն նվազել եւ դարձել է 47 տոկոս: Մենք ավելի խոցելի ենք ոչ միայն այս իմաստով, այլ նաեւ այն հանգամանքով, որ ներմուծումից կախվածությունը մեծացել է:
Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ
ՁՄԵՌԱՅԻՆ ՀԱՄԱԶԳԵՍՏ ՉԿԱ
Սեպտեմբերի 30-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, անդրադառնալով հանրությանը հուզող թեմաներին, մասնավորապես այն խոսակցություններին, որ հայ-ադրբեջանական սահմանին վերջին էսկալացիայից հետո զինվորներին բահեր են անհրաժեշտ, դիրքերը կահավորված չեն, ինժեներական աշխատանքներն արված չեն եւ այլն, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Երեկ Պաշտպանության նախարարությունում խորհրդակցություն եմ հրավիրել, այն չի լուսաբանվել, որովհետեւ նպատակը եղել է մեկը, որովհետեւ ես գիտեմ, որ Հայաստանի բանակում ո՛չ քլունգի, ո՛չ բահի, ո՛չ շորի, ո՛չ կոշիկի, ո՛չ նույնիսկ տրակտորի խնդիր չպետք է լինի»:
Իսկ իրականում, ի հակադրություն վարչապետի պնդումների, ունենք այլ պատկեր: ArmLur.am-ի խմբագրությունն ահազանգեր է ստացել, որ ՀՀ զինված ուժերում ժամկետային զինծառայողներին ձմեռային համազգեստ (բաճկոն) չեն տրամադրում, արդյունքում ծնողներն են ստիպված ձեռք բերում անհրաժեշտ համազգեստը եւ ուղարկում իրենց զավակներին:
Ստացված ահազանգերի պարզաբանման համար ArmLur.am-ը դիմեց ՀՀ Պաշտպանության նախարարություն՝ պարզելու, թե ինչո՞ւ է նման իրավիճակ ստեղծվել, եւ ինչո՞ւ մինչ օրս զինվորներին ձմեռային համազգեստներ չեն տրամադրել:
Սակայն մեր հարցադրմանն ի պատասխան՝ նախարարությունից հայտնեցին, որ նշված տեղեկությունները տրամադրելու համար լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն կա:
Այսպիսով՝ մինչ պաշտպանության նախարարությունում կփորձեն ուսումնասիրել խնդիրը, զինվորները կշարունակեն ցրտաշունչ ձմռանը մրսելով սահմանը պահել, իսկ ծնողները կփորձեն համազգեստ ուղարկել:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է. «ԱԺ իմ աշխատասենյակում հյուրընկալեցի Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների, համաշխարհային քաղաքականության եւ ամերիկագիտության բաժինների մագիստրանտներին:
Ուսանողներին ներկայացրի Խորհրդարանի կառուցվածքը, գործառույթները, իմ ղեկավարած հանձնաժողովի շրջանակներում ծավալվող գործունեությունը:
Մագիստրանտների մասնագիտացումից ելնելով՝ խոսեցինք խորհրդարանական դիվանագիտության, մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրների, աշխարհաքաղաքական վերադասավորումների, ռազմագերիների վերադարձման, փախստականների հարցերի շուրջ: Մագիստրանտների խմբում արցախցի ուսանողների սրտառուչ մասնակցությամբ առանձնահատուկ անդրադարձ կատարեցինք Արցախյան հիմնախնդրին եւ արցախահայության առջեւ ծառացած մարտահրավերներին:
Միջազգայնագետներին խորհուրդ տվեցի լինել ակտիվ ու պահանջատեր, իրենց խողովակներով, միջազգային հասարակական կազմակերպությունների միջոցով մշտապես առաջ տանել Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության պետական շահը»:
11 ՏԱՐԻ ԱՆՑ
Եկող տարվա մայիսից հնարավոր կդառնա Հայաստանից ուղիղ չվերթով Լատվիա հասնել: «Էյր Բալթիկ ավիաընկերությունը վերսկսում է Ռիգա-Երեւան-Ռիգա ուղիղ չվերթները՝ 11 տարվա ընդմիջումից հետո: «Էյր Բալթիկ» ավիաընկերության Կովկասի տարածաշրջանի ներկայացուցիչ Մարիա Ռադչենկոյի փոխանցմամբ՝ այս տարվա մայիսից հայաստանցիները շաբաթական երկու անգամկարող են ոչ միայն Լատվիա, այլ նաեւ եվրոպական ու սկանդինավյան երկրներ այցելել: ՀՀ-ում Լատվիայի պատվո հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանը նշել է, որ այս թռիչքով ոչ միայն Լատվիան, այլ նաեւ Էստոնիան եւ Լիտվան կարող են բացահայտել, ուստի, շեշտում է պատվո հյուպատոսը, կարելի է անգամ առանց տարանցիկ չվերթի` բարձրակարգ ավտոբուսներով, այցելել եւ վայելել մերձբալթյան երկրները:
Նշենք, որ չվերթները մեկնարկելու են 2023 թվականի մայիսի 16-ից` շաբաթական երկու անգամ պարբերականությամբ։