ՏԱՐԿԵՏՄԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական եւ մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ եւ կարեւորություն ներկայացնող մասնագիտություններով՝ համապատասխան բուհերում սովորող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու կարգի եւ պայմանների նախագիծը: Նախագիծը մշակվել է՝ հիմք ընդունելով «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում կատարված համապատասխան լրացումները:

 

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից Armlur.am-ին հայտնեցին, որ համաձայն նախագծի՝ ԿԳՄՍ նախարարությունը մինչեւ 2022 թվականի դեկտեմբերի 31-ը, իսկ այնուհետ, որպես կանոն, յուրաքանչյուր տարին մեկ անգամ՝ մինչեւ սեպտեմբերի 1-ը, պետական համապատասխան մարմիններին առաջարկում է նախարարություն ներկայացնել ԲՏՃՄ մասնագիտությունների ցանկը, որոնցում սահմանված կարգով ընդունվելը եւ սովորելը համարվելու է պետության համար առաջնահերթ եւ կարեւոր:

Պետական մարմինները նախարարություն են ներկայացնում առաջարկ, որն իր մեջ ներառում է՝

-մասնագիտությունների (կրթական ծրագրերի) ցանկ,

-ըստ կրթական աստիճանների՝ տարկետման համար անհրաժեշտ տեղերի քանակ,

-հիմնավորում՝ ընտրված մասնագիտությունների եւ տարկետման համար հատկացվող տեղերի անհրաժեշտության վերաբերյալ,

-համապատասխան մասնագիտություններով սովորելու դեպքում ակնկալվող արդյունքը, պետության համար առաջնահերթությունը եւ կարեւորությունը փաստող հանգամանքները, ինչպես նաեւ ազդեցությունը ոլորտի զարգացմանը,

-առաջարկվող մասնագիտություններով սովորող կամ ավարտած ուսանողների մասնագիտական գիտելիքները հետագայում օգտագործելու կանխատեսվող շրջանակը եւ այն պայմանները, որոնք ուսումնառության ընթացքում կամ ուսումը ավարտելուց եւ տարկետումը վերջանալուց հետո պարտադիր է քաղաքացու համար,

-ասպիրանտական կրթական ծրագրի համար համապատասխան մասնագիտությունների առաջարկ ներկայացնելու դեպքում նաեւ ասպիրանտուրան ավարտելուց հետո քաղաքացիներին աշխատանքով ապահովելու երաշխավորագիր:

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար ՀՀ կառավարության որոշման նախագծում սահմանված բուհերի համապատասխան մասնագիտությամբ ընդունվելու համար դիմորդները պետք է հավաքեն ընդունելության քննությունների առավելագույն միավորի առնվազն 75 տոկոսը: Կառավարության որոշումը իր մեջ ներառում է՝ բուհերը եւ ըստ կրթական աստիճանի համապատասխանն ԲՏՃՄ մասնագիտությունների ցանկը: Սահմանված են նաեւ ընդունելության տեղերի եւ տարկետման համար հատկացվող տեղերի տարբերության դեպքում տարկետման համար ընդունվողների մուտքային պահանջների, դրանց հավասարության դեպքում այլ պահանջների եւ առկա ուսուցմամբ ընդունվելու եւ հաջորդ կուրս փոխադրվելու հանգամանքը, ինչպես նաեւ տարկետում ստանալու համար սահմանված պայմանները ու քաղաքացու եւ համապատասխան մասնագիտության համար հայտը եւ երաշխավորագիրը:

Պետական մարմնի եւ կազմակերպության միջեւ կնքվող պայմանագրով ամրագրվում է, որ քաղաքացին ասպիրանտուրան ավարտելուց եւ թեկնածուական ատենախոսությունը պաշտպանելուց հետո պարտավորվում է 3 տարի ժամկետով աշխատել պայմանագրով նշված կազմակերպությունում՝ կատարելով գիտական, մանկավարժական կամ մասնագիտական աշխատանք:

Պայմանագրային պարտավորությունն ամբողջությամբ չկատարելու դեպքում քաղաքացին կամ երաշխավորագիր ներկայացրած կազմակերպությունն այն դեպքում, երբ հրաժարվում է քաղաքացուն ապահովել համապատասխան աշխատանքով, պարտավորվում է միանվագ վճարել ուսումնառության տարիների համար սահմանված ուսման վարձի հանրագումարի կրկնապատիկը: Պայմանագրում նախատեսված ժամկետում քաղաքացու կողմից նշված գումարը չվճարվելու դեպքում դրա բռնագանձումն իրականացվում է դատական կարգով՝ տարկետման հայտ եւ երաշխավորագիր ներկայացված կազմակերպության կողմից, իսկ կազմակերպության դեպքում՝ նախարարության կողմից:

Հաջորդ կուրս փոխադրվելու հանգամանքը չբավարարելու դեպքում քաղաքացին կորցնում է տարկետման իրավունքը եւ ենթակա է պարտադիր զինվորական ծառայության՝ հայտարարված զորակոչի ընթացքում՝ բացառությամբ սահմանված կարգով ակադեմիական արձակուրդ ստանալը:

Տարկետման ժամկետի ընթացքում ուսումնառությունը դադարեցվելու, ինչպես նաեւ փաստաթղթերը սահմանված ժամկետում չներկայացվելու դեպքերում ՀՀ պաշտպանության նախարարությունը ԿԳՄՍՆ է ներկայացնում քաղաքացու տվյալները, որոնց հիման վրա մեկամսյա ժամկետում Կառավարություն է ներկայացվում քաղաքացուն տրված տարկետումը դադարեցնելու մասին որոշման նախագիծ:

Քաղաքացուն յուրաքանչյուր կրթական ծրագրով ուսումնառության համար տարկետում կարող է տրվել մեկ անգամ: Տարկետում տրվում է համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ժամկետով՝ սակայն ոչ ավելի, քան մինչեւ քաղաքացու 27 տարին լրանալու օրը: Քաղաքացիները եւ շահառու խմբերը նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները կարող են ներկայացնել մինչեւ դեկտեմբերի 4-ը:

Ն.Հ.

 

 

 

 

ԿԿԻՐԱՌՎԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Բազմաբնակարան շենքերի սեփականատերերից պարտադիր եւ այլ վճարներն անկանխիկ եղանակով հավաքագրելու նպատակով բանկային հաշիվ չբացելու համար կկիրառվի վարչական պատասխանատվություն: Քաղաքաշինության կոմիտեն տեղեկացնում է, որ Ազգային ժողովի կողմից ընդունվել է եւ նոյեմբերի 24-ից ուժի մեջ կմտնի ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքը:

 

Այսպիսով՝ բազմաբնակարան յուրաքանչյուր շենքի համար բանկային առանձին հաշիվ չբացելու դեպքում շենքի կառավարման մարմնի նկատմամբ կնշանակվի տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով, իսկ արարքի՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ ամսվա ընթացում կրկնվելու դեպքում կնշանակվի տուգանք յուրաքանչյուր խախտման համար՝ սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով: Վարչական պատասխանատվության նախատեսումը նպատակ ունի բարձրացնել բազմաբնակարան շենքի կառավարման մարմինների զգոնությունը, աշխատելաոճի թափանցիկությունը, հաշվետվողականությունը, հավաքագրված գումարների ծախսման արդյունավետությունը, ինչպես նաեւ պահուստային ֆոնդ ձեւավորելու հնարավորությունը: Հիշեցնենք, որ սեփականատերերի կողմից վճարներն անկանխիկ եղանակով կատարելու եւ այդ նպատակով բանկային առանձին հաշվի բացման հետ կապված դրույթներն ամրագրվել են դեռեւս 2020 թվականին «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» եւ «Համատիրության մասին» ՀՀ օրենքներում կատարված փոփոխություններով եւ լրացումներով: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի համաձայն՝ այս դեպքերով տույժ նշանակելու իրավունք ունեն համայնքի ղեկավարները:

 

 

 

 

 

ՏՆՕՐԵՆԻՆ ԴԱՏՈՒՄ ԵՆ

Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Տավուշի մարզի 4 անտառտնտեսություններից 2-ի՝ Արծվաբերդի եւ Սեւքարի  անտառտնտեսությունների  տնօրենները փոխվել են, նշանակվել են  ներկայիս իշխանության հետ սերտ կապեր ունեցող անձինք։ Բերդի տարածաշրջանի անտառների պահպանությամբ զբաղվող Արծվաբերդի  անտառտնտեսության տնօրենի պաշտոնակատար էր  նշանակվել  Նորայր Պապյանը, որը մինչ այդ նույն  անտառտնտեսության տնօրենի տեղակալն էր։ Ամեն ինչ փոխվեց 2021թ. հոկտեմբերի 25-ին, երբ Ն. Պապյանն անտառտնտեսության ավտոմեքենայով վթարի ենթարկվեց, որի հետեւանքով ընդհատվեցին նրա վարած ավտոմեքենայում գտնված, այդ անտառտնտեսության  անտառապահներ,  57-ամյա Կամո Պետրոսյանի, 56-ամյա Սարգիս Բաբայանի եւ Իջեւան քաղաքի 40-ամյա բնակիչ Արկադի Ամիրխանյանի կյանքերը։ Ա. Ամիրխանյանը նախկինում աշխատել էր Բերդի տարածաշրջանի ջրօգտագործողների ընկերության տնօրեն, նա առաջիկա օրերին պետք է նշանակվեր «Հայանտառ» ՊՈԱԿ  Արծվաբերդի անտառտնտեսության ինժեներ։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Նորայր  Պապյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով  «Հայանտառ» ՊՈԱԿ «Արծվաբերդի անտառտնտեսություն մասնաճյուղի»  տնօրենի պաշտոնակատար, 2021թ. հոկտեմբերի 25-ին Բերդ-ճամբարակ ուղղությամբ վարել է նույն անտառտնտեսության հաշվեկշռում գտնվող «ՈւԱԶ» մակնիշի տրանսպորտային միջոցը, տեխնիկական տեսանկյունից ստեղծել է վթարային իրադրություն, թույլ տվել ՃԵԿ-ի 66-րդ կետի եւ ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին հակասող գործողություններ, դրանցով իսկ պայմանավորել տվյալ ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացումը, կորցրել իր կողմից վարած ավտոմեքենայի ընթացքի կառավարումը, որի հետեւանքով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից, կողաշրջվել եւ կողապտույտներ կատարելուց հետո հայտնվել ձորում, որի հետեւանքով ուղեւորներ Կ. Պետրոսյանը, Ս. Բաբայանը, Ա. Ամիրխանյանը ստացված վնասվածքներից մահացել են։ Ն. Պապյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով, որը համապատասխանում է  2022թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասին։ Սույն հոդվածը որպես պատիժ նախատեսում է ազատազրկում՝ չորսից ութ տարի ժամկետով: Ն. Պապյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ 2022թ. հոկտեմբերի 28-ից Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում, դատավոր Արամ Մարտիրոսյանի նախագահությամբ ընթանում են նախնական դատալսումներ, դատական հերթական նիստը նշանակված է նոյեմբերի 25-ին։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս