Հայաստանի պարահոկեյի հավաքականը կմասնակցի աշխարհի առաջնությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կանայք ու տղամարդիկ՝ մեկ թիմում: Պարահոկեյի Հայաստանի հավաքականը պատրաստվում է աշխարհի առաջնությանը: Մինչ այդ Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում հավաքականի ցուցադրական խաղն էր:

Խաղը դիտելու էին եկել Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը, Երևանի ավագանու անդամներ, հյուրեր:

«Սա կարևոր նախաձեռնություն է, որին քաղաքապետարանն աջակցել է՝ բնակչության շրջանում հավասար հնարավորություններ ընձեռելով հաշմանդամություն ունեցող մեր քաղաքացիներին: Հաջորդ տարի նախատեսել ենք մի շարք այլ միջոցառումեր ևս՝ ուղղված հաշմանդամային սպորտի զարգացմանն ու տարածմանը»,- ընդգծել է Գևորգ Սիմոնյանը:

Պարահոկեյի մեր հավաքականը հիմնադրվել է 2017 թվականին: Այժմ մարզաձևով հետաքրքրվողների թիվն ավելացել է, թիմի կազմն էլ՝ ընդլայնվել: Հոկեյը նրանց համար միայն մարզաձև չէ, այն ուժ է՝ կյանքի մարտահրավերները հաղթահարելու և սեփական հնարավորությունները վերարժեվորելու:

Բարեգործական նախագծի ամբողջ հասույթը փոխանցվելու է հավաքականին՝ պատրաստվելու դեկտեմբերին Թայլանդում կայանալիք աշխարհի առաջնությանը: Հատուկ այդ նպատակով սահադաշտում մրցեցին նաև «Երևանյան առյուծներ» ու «Շնաձկներ» թիմերը։

Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծմանն ու հաշմանդամային սպորտի զարգացման նախագծերը համայնքի տարեկան ծրագրերում են՝ հետաքրքիր նրբերանգ հաղորդելու քաղաքի մարզական կյանքին:




Լրահոս