ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է 2022 թվականին 7 առարկայի գծով միջազգային օլիմպիադաներում մեդալներ նվաճած աշակերտներին։ Այս տարի հայ աշակերտները ռեկորդային՝ 21 մեդալ են նվաճել տարբեր առարկաների միջազգային օլիմպիադաներում։
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից Armlur.am-ին հայտնեցին, որ հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի գիտատեխնիկական աշխատանքների գծով փոխտնօրեն Հայկազ Նավասարդյանը, Հայաստանում կայացած Կենսաբանության միջազգային օլիմպիադայի ծրագրի ղեկավար Գայանե Ղուկասյանը, նախարարության այլ ներկայացուցիչներ, աշակերտներ։
Նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորել է հաջող ելույթների եւ արդյունքների համար՝ ընդգծելով, որ առարկայական օլիմպիադաներում մեր դպրոցականների նվաճած յուրաքանչյուր մեդալ կարեւոր է: «Ձեր մասնակցությունը միջազգային առարկայական օլիմպիադաներին ու գրանցած հաջողությունները շատ կարեւոր են պետության համար, քանի որ դրանով ընդգծվում է մեր կրթության մրցունակությունը միջազգային չափանիշներով»,- նշել է Վահրամ Դումանյանը՝ կոչ անելով օլիմպիական ակտիվությունը շարունակել ավելի մեծ եռանդով:
Վահրամ Դումանյանն անդրադարձել է նաեւ ամռանը Երեւանում անցկացված Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադային.«Այն բացառիկ իրադարձություն էր։Մենք պետք է ավելացնենք նման օրինակ միջազգային օլիմպիադաները մեր երկրում անցկացնելու հաճախականությունը եւ ընդլայնենք առարկաների ցանկը։ Իհարկե, սա բավական պատասխանատու եւ աշխատատար գործընթաց է, բայց մենք գնալու ենք այդ ճանապարհով»։
Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է բոլոր 21 մեդալակիրներին, շնորհավորել եւ զրուցել նրանց հետ։
Երեւանում անցկացված Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադայում «Հերացի» ավագ դպրոցի սովորող Արման Հայրապետյանը բրոնզե մեդալ էր նվաճել։ Հայաստանի թիմերը միջազգային օլիմպիադայում նաեւ 2 արծաթե եւ 4 բրոնզե մեդալ են նվաճել «Մաթեմատիկա», 3 բրոնզե մեդալ՝ «Ֆիզիկա», 1 արծաթե եւ 3 բրոնզե մեդալ՝ «Քիմիա», 2-ական բրոնզե մեդալ՝ «Աշխարհագրություն» եւ «Ինֆորմատիկա», եւս 3 բրոնզե մեդալ՝ «Աստղագիտություն» առարկաներից:
Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ԱՅԲ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Արմինե Քեշիշյանը, որը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 1-ն Իտալիայի մայրաքաղաք Հռոմում մասնակցել է Hippo «EnglishWithoutBorders» անգլերենի միջազգային օլիմպիադային եւ զբաղեցրել առաջին հորիզոնականը։ 10-րդ անգամ անցկացվող այս օլիմպիադային 54 երկրի 184 ներկայացուցիչ է մասնակցել։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը եւս շնորհավորել է աշակերտներին ու շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի եւ ունեցած ձեռքբերումների համար. «Մենք, կարծես, սովորել ենք ամեն տարի միջազգային օլիմպիադաներից նվազագույնը 20 մեդալ ունենալ։ Իհարկե, տարբեր կարգի մեդալների մասին է խոսքը, բայց նման ցուցանիշների առկայությունը խոսում է այն մասին, որ մենք օլիմպիադայի հանրապետական փուլերում կարողանում ենք ձեւավորել մրցունակ թիմեր, որոնք պատշաճ հանդես են գալիս նաեւ միջազգային օլիմպիադաներում։ Այս մեդալները մեր աշակերտների անձնական ձեռքբերումներն են, բայց սա նաեւ թիմային աշխատանքի արդյունք է»։
Նշենք, որ միջազգային օլիմպիադաների մրցանակակիրներին պետության կողմից կրթաթոշակ է հատկացվում. առաջին կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 25 հազար դրամ, երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ 20, իսկ երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ 15 հազար դրամ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ առարկայական օլիմպիադաներում ավելի մեծ թվով դպրոցների ներգրավվածության, հնարավորինս շատ դպրոցականների արդյունավետ մասնակցության հարցերը:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՆՈՐԱՀԱՅՏ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ
Տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության վարչության փորձագիտական հանձնաժողովի չորրորդ նիստը, որտեղ նորահայտ հուշարձանի կարգավիճակ է տրվել Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող «Լեոնիդ Ազգալդյանի հուշակոթող», Արմավիրի մարզի Դալարիկ եւ Կոտայքի մարզի Կապուտան գյուղերի «Քարայր-կացարաններ», Սոլակ գյուղի «Բնակատեղի» եւ «Ամրոց-դղյակ», Շիրակի մարզի Կառնուտ գյուղի «Բնակատեղի» եւ Վայոց Ձորի մարզի Արենի գյուղի «Արենի-2 քարայր» պատմամշակութային արժեք ներկայացնող նոր հայտնաբերված կառույցներին:
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից Armlur.am-ին հայտնեցին, որ նիստում քննարկվել է նաեւ 21 հուշարձանի պահպանական գոտիների նախագծերին համաձայնություն տալու հարցը:
Դրական եզրակացություն են ստացել պատմության եւ մշակույթի այնպիսի կարեւորագույն հուշարձանների պահպանական գոտիների նախագծեր, որոնցից են ՀՀ Արագածոտնի մարզի Երնջատափ եւ Հարթավան գյուղերի միջնամասում գտնվող «Աստվածընկալ» եկեղեցական համալիրը (V-XIII-րդ դդ.), Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի «Մարմաշեն» վանական համալիրը (IX-XIII-րդ դդ.), Կոտայքի մարզի Բջնի գյուղի մի շարք եկեղեցիներ՝ Սբ Բարօրություն (XII-XIII դդ.), Սբ Գեւորգ (XIX դ.), Սբ Գրիգոր լուսավորիչ (XIIIդ.), Սբ Թադեւոս առաքյալ (XIII-XIV դդ.), Սբ Հովհաննես (XIX դ.), Թուխ մանուկ (IX-X դդ.) եւ վանական համալիր (XI- XVII դդ.) եւ այլն: Սահմանված կարգի համաձայն՝ այդ գոտիները կուղարկվեն համայնքների ղեկավարների եւ տարածքային կառավարման պետական մարմինների համաձայնեցմանը:
ԱԱ-2022-Ի ՖԱՎՈՐԻՏՆԵՐԸ
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 37-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նշել է աշխարհի առաջնության ֆավորիտներին։ «Պորտուգալիայի հավաքականն ահռելի ներուժ ունի, բայց մենք պետք է մտածենք Գանայի դեմ առաջիկա խաղի մասին։ Եթե ամեն խաղում լինենք լավագույն թիմը, կհասնենք մինչեւ վերջ։ Ֆավորիտներն են Բրազիլիան, Արգենտինան, Ֆրանսիան, Իսպանիան, Գերմանիան։ Այս թիմերն ունեն ամենամեծ հնարավորությունները եւ մյուսների համեմատ ավելի լավ տեսք ունեն, սակայն 2016-ին Պորտուգալիան արդեն ցույց է տվել, որ կարող է զարմացնել եւ պարտադրել իր խաղը»,-ասել է Ռոնալդուն։ 2016-ին Պորտուգալիան նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։ Աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի Պորտուգալիա – Գանա հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 24-ին։ H խմբում ընդգրկված են նաեւ Ուրուգվայի եւ Հարավային Կորեայի հավաքականները։
ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՎԱՃԱՌԵԼ ՊՍԺ-Ն
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի քաթարցի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին պատմել է, որ մերժել է շահավետ առաջարկ՝ հրաժարվելով 4 միլիարդ եվրոյով վաճառել ակումբը։ «Մենք չենք պատրաստվում ամբողջությամբ վաճառել ակումբը, թեեւ եղել են 4 միլիարդ եվրոն գերազանցող առաջարկներ։ Բայց մտածում ենք որոշակի տոկոս վաճառելու մասին։ Բոլորը կարծում են, թե մենք ունենք միայն փող եւ միայն ծախսում ենք։ Այդպես չէ։ Մենք ակումբը գնել էինք 70 միլիոն եվրոյով, հիմա այն արժի 4 միլիոն եվրո։ Մենք ունենք տարբեր առաջարկներ, սա ֆանտաստիկ բիզնես է։ Ես հավատում եմ, որ մենք լավ նախագիծ ենք իրականացնում։ Ֆուտբոլում հնարավոր են նաեւ սխալ որոշումներ։ Մենք ազնիվ ենք եւ անում ենք հնարավոր ամեն ինչ։ Կարծում եմ՝ պետք է հպարտ լինենք մեր նախագծով»,- ասել է Ալ-Խելաիֆին։
ԿԵՅՐՈՒՇԸ ԴԺԳՈՀԵԼ Է
Ֆուտբոլի Իրանի հավաքականի պորտուգալացի գլխավոր մարզիչ Կառլուշ Կեյրուշը աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի խաղում Անգլիայից կրած 2:6 հաշվով պարտությունից հետո դժգոհել է, որ իրանցի երկրպագուները ստադիոնում չեն աջակցել ազգային թիմին, որոշ դրվագներում նաեւ սուլել են։ «Բոլորը գիտեն, որ Իրանում տեղի ունեցող իրադարձությունների հետեւանքով մեր խաղացողները հիմա լավագույն վիճակում չեն։ Երկրի խնդիրներն ազդում են նաեւ նրանց վրա՝ կենտրոնացված լինելու տեսանկյունից։ Ես երկար տարիներ գիտեմ այս խաղացողներին, նրանց երազանքն է խաղալ իրենց երկրի համար։ Ես հպարտ եմ, որ այսքան ծանր խաղում նրանք կարողացան դիմադրել եւ երկու գոլ խփել։ 2014-ին եւ 2018-ին մենք ունեինք երկրպագուների լիարժեք աջակցություն։ Իսկ հիմա հարց է ծագում, թե ինչու են եկել այստեղ, եթե չեն աջակցում թիմին։ Ավելի լավ է՝ մնային տանը։ Նրանք մեզ պետք չեն»,- ասել է Կեյրուշը։