Մինչեւ Երեւան՝ ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցելու գալը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ունեցած հեռախոսազրույցը, քաղաքագետ Գագիկ Համբարյանի գնահատմամբ, պատահական չէր: Նա վստահ է՝ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներից միայն Պուտինն է կարողանում Ալիեւի հետ հարցեր լուծել, քանի որ շատ դեպքերում ՀԱՊԿ մյուս երկրները չեն կարողանում ազդել Ադրբեջանի վրա: «Բացարձակ պարտավոր էլ չեն ազդելու Ադրբեջանի վրա, քանի որ Ալիեւը վերջերս իր կողմից արված հայտարարության մեջ ամենեւին էլ պատահական չասաց, որ Ադրբեջանն, ի տարբերություն Հայաստանի, ՀԱՊԿ-ում ավելի շատ ընկերներ եւ գործընկերներ ունի»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասում է Համբարյանը:
Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող հակամարտությունը, քաղաքագետի համոզմամբ, ՀԱՊԿ-ը ու Ռուսաստանին վարկաբեկելու միջոց է, ինչի հետեւում թուրք-ադրբեջանական տանդեմն ու նրանց հայաստանյան գործընկեր Նիկոլ Փաշինյանն են կանգնած: Այս հանգամանքը, շեշտում է մեր զրուցակիցը, Ռուսաստանը պետք է հաշվի առներ, որպեսզի Փաշինյանը չկարողանա հայաստանյան հասարակությանը համոզել, թե ՀԱՊԿ-ն իրենից ոչինչ չի ներկայացնում: «Այսինքն՝ Հայաստանի ներկայիս իշխանությունները ջանք ու եռանդ չեն խնայել՝ հայաստանյան հասարակությանը հասկացնելու համար, որ, ընդհանուր առմամբ, Հայաստանի Հանրապետությունն այդ ռազմաքաղաքական կազմակերպության՝ ՀԱՊԿ-ի մեջ կարիք չկա, որ լինի: Ինչպես նաեւ արվել է հնարավորը Ռուսաստանին՝ որպես ռազմավարական գործընկերոջ, վարկաբեկելու համար»,- մանրամասնում է Համբարյանը:
Սեպտեմբերի 13-ի մեկօրյա պատերազմի ժամանակ ու դրանից հետո, ասում է Համբարյանը, իշխանամերձ լրատվամիջոցներն իրավիճակն այնպես են ներկայացրել, թե դա ՀԱՊԿ-ի պարտությունն է կամ Ռուսաստանի կողմից դաշնակցային պարտականությունները չկատարելու հետեւանք է: «Բայց այդ ամենին զուգահեռ՝ սեպտեմբերի 13-ից հետո հայաստանյան հասարակությունը մեկ անգամ ինքն իրեն ու պատկան մարմիններին չհարցրեց՝ բա մենք բանակ չունե՞նք, որ կպաշտպաներ մեր անվտանգությունը, կամ այս երկու տարվա մեջ Նիկոլ Փաշինյանը բանակի մարտունակությունը վերականգնելու համար ի՞նչ է արել: Սրանք բոլորը հարցեր են, որ մեր քաղաքացիներն, առաջին հերթին, պատկան մարմիններին ու գերատեսչություններին պետք է ուղղեին: Միշտ էլ կարելի է ՌԴ-ին կամ մեկ ուրիշին մեղադրել, բայց հարցին առաջինը ինքներս պետք է պատասխանենք»,- մանրամասնում է քաղաքագետը:
Եվ հիմա, շարունակում է, ՀԱՊԿ-ը պետք է ինչ-որ քայլեր ձեռնարկի, ոչ միայն իր երեսը փրկի, այլ նաեւ Հայաստանի ու միջազգային հանրությանը համոզի, որ «պուտինյան ՆԱՏՕ» համարվող ՀԱՊԿ-ը բուտաֆորիա չէ:
Ինչ վերաբերում է Պուտինի այցից հետո Հայաստանի՝ Միութենական երկրի մաս դառնալու մեր դիտարկմանը, ապա քաղաքագետ Համբարյանն այդ մասով հետեւյալ համոզումն ունի. «Պուտինի համար որքան թույլ լինի ՀՀ վարչապետ Փաշինյանը, միջազգային հարթակներում որքան վարկաբեկվի ՀՀ վարկը, այնքան նրա համար ավելի լավ ու ավելի հեշտ կլինի Հայաստանը Միութենական երկրի մաս դարձնելը: Չեմ կարծում՝ այդ գործընթացն առաջիկայում հենց միսուարյուն կստանա, բայց եւ հստակ է՝ այն, վաղ թե ուշ, կյանքի է կոչվելու: Ի վերջո, Փաշինյանը նվեր է բոլորի համար. թե՛ Վաշինգտոնի, թե՛ Բրյուսելի, թե՛ Մոսկվայի, թե՛ Բաքվի, թե՛ Անկարայի համար: ՀՀ վարչապետը բացարձակ ձեռնտու չէ միայն Հայաստանին ու Իրանին, քանի որ պաշտոնական Թեհրանի արտաքին քաղաքականությունը շատ ավելի կանխատեսելի է»:
Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ
ԱԶԱՏՈՒՄՆԵՐԻ ՇՔԵՐԹ
Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը թեեւ նոր-նոր է պաշտոնի նշանակվել, բայց արդեն իրական կադրային ջարդ է սկսել: Երեկ նա պաշտոնից ազատել է կաբինետի բոլոր նախարարներին ու միայն չորսին որպես պաշտոնակատար նշանակել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պետնախարարի ազատումների շքերթը ոչ միայն Արցախի քաղաքական ուժերին, այլ նաեւ գործադիրի, օրենսդիրի ու ուժային կառույցների ներկայացուցիչներին է անակնկալի բերել: Մեր օրաթերթի՝ արցախյան աղբյուրները փոխանցեցին, որ մինչեւ այս պահը նոր անուններ չեն շրջանառվում: «Այդ տեղեկությունը նա խիստ գաղտնի է պահում: Հայտնի էլ չէ, թե այս մասով ո՞ւմ հետ է քննարկումներ ունենում, կամ, առհասարակ, քննարկումներ ունենո՞ւմ է, թե՞ ինքն անձամբ է որոշումներ կայացնում»,- ասաց մեր զրուցակիցն ու ավելացրեց, որ Արցախի կառավարական նոր կաբինետն, ըստ երեւույթին, արցախցիներից չի ձեւավորվի: «Կա՛մ Հայաստանից կադրեր կբերի, կա՛մ էլ՝ դրսից: Անընդհատ շեշտում է, թե այսօր Արցախում ոչ ստանդարտ լուծումներ են պետք, ու դրա համար, ըստ երեւույթին, «ոչ ստանդարտ» լուծումների մասնագետների առաջին պլան կբերի»,- ավելացրեց մեր զրուցակիցը:
ԻՐԱՎԻՃԱԿ Է ՓՈԽՎԵԼ
2019 թվականին, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կրկին Երեւան էր ժամանել՝ մասնակցելու ԵԱՏՄ ընդլայնված նիստին, այդ ժամանակ նրան «Զվարթնոց» օդանավակայանում ոչ թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այլ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էր դիմավորել: Միջադեպը թե՛ քաղաքական վերլուծաբանների, թե՛ քաղաքական գործիչների սուր քննադատությանն էր արժանացել, բոլորը մեղադրել էին Փաշինյանին, թե նման գործելաոճով նա ստվեր է գցում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների վրա: Ու թեեւ Փաշինյանը նույն օրը՝ երեկոյան, ՌԴ նախագահին անձամբ էր ճանապարհել «Զվարթնոց» օդանավակայանից, բայց եւ հայտարարել էր, թե հայ-ռուսական հարաբերություններն այժմ նոր օրակարգով են ընթանում:
Այսօր արդեն, երբ ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակներում Պուտինը կրկին Հայաստանում է, նրան Փաշինյանն անձամբ է դիմավորել, ավելին՝ Պուտինի հետ նույն ավտոմեքենայով Դվին հյուրանոց՝ գագաթնաժողովի անցկացման վայր է մեկնել: Փաշինյանի համար, փաստորեն, այժմ իրավիճակ է փոխվել:
Ս. ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
ԻՐԱՎԻՃԱԿԸ ՍԱՀՄԱՆԻՆ
«Մեզ մոտ ամեն ինչ նոմալ է: Այս պահին ես դիրքերի տակ վար եմ անում, որեւէ կրակոց չկա»: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Կուտական վարչական շրջանի ղեկավար Մակիչ Թովմասյանը:
Նշենք, որ նոյեմբերի 22-ին՝ ժամը 22:00-22:45-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Հայկական կողմը կորուստներ չունի: Նոյեմբերի 23-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ ԵՆ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻՑ
Դեռեւս այս տարվա հունվարին հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ Ստեփանակերտում տեղի ունեցած հանդիպումից հետո Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը խոսել էր Սահմանադրության հնարավոր փոփոխության մասին։
Սահմանադրական փոփոխությունները, ինչպես ավելի ուշ մանրամասնեցին, նախագահական համակարգից հրաժարվելու եւ կիսանախագահականին վերադառնալու համար էին արվելու: Նպատակը, ըստ արցախյան քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչների, Արցախի համար վճռորոշ որոշումներ ընդունելիս՝ կոլեկտիվ պատասխանատվությամբ առաջնորդվելն էր:
Սակայն նոյեմբերի 23-ին, Արցախի Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը դիմել է Արցախի ԱԺ նախագահին՝ ԱՀ Սահմանադրության փոփոխության նախագիծը վերադարձնելու նպատակով:
«Ինչո՞ւ է նախագիծը հետ կանչվում, արդյո՞ք սա Սահմանադրությունը փոփոխելու մտքից հետ կանգնել է նշանակում»,- հարցն Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանին ուղղեցինք:
Ի պատասխան՝ նա նշեց, որ Արցախի նախագահը սահմանադրական բարեփոխումների հետագա գործընթացի վերաբերյալ առաջիկայում շարունակելու է քաղաքական կոնսուլտացիաները։
ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
Ազգային ժողովը այսօր՝ նոյեմբերի 24-ին, արտահերթ նիստ կգումարի։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ արտահերթ նիստի օրակարգում հիմնական հինգ հարց-օրինագիծ է ներառված, որոնք իրենց հերթին մի քանի ենթահարցեր ու օերնսդրական փաթեթներ են ներառում։
Խորհրդարանականները կքննարկեն «Ազգային անվտնագության մարմինների ծառայության», «Ավտոմոբիլային տրանսպորտի», «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության», մասին օրենքներում, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության հարկային ու Ընտրական օրենսգրքերում լրացումներ ու փոփոխություններ անելու հարցերը։