ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՀՀ ոստիկանությունը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների եւ պահանջում է, որ դատարանը զոհված զինծառայողների ծնողներ Գարիկ Գալեյանին, Գեւորգ Մնջոյանին, Աշոտ Ասլիկյանին, Աննա Մկրտչյանին, Արմեն Գալստյանին, Արամ Ավանեսյանին, Մեսրոպ Եղիազարյանին, Վիգեն Ազատյանին, Երվանդ Տաշչյանին, Իգոր Սարգսյանին, Վահիդ Սահակյանին, Անի Կարապետյանին, Գրիգոր Ջավախյանին, Գեղամ Անտոնյանին,Վարդան Ղազարյանին ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի պահանջով ենթարկի վարչական պատասխանատվության:
Նկատենք, որ ոստիկանությունը բավականին ակտիվ կերպով մտել է դատարան եւ բարձրացնում է ծնողներին պատասխանատվության ենթարկելու հարցը, իսկ ով պետք է պատասխան տա ծնողների նկատմամբ բռնության դեպքով: Այդ միջադեպից անցել է 2 ամիս, եւ մինչ օրս քրեական վարույթով որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել, ոստիկանապետ Վահե Ղազարյանը հրաժարական չի տվել եւ այս պայմաններում դատի է տվել ծնողներին, սա է Հայաստանի արդարադատությունը: Իսկ թե ինչ կանի դատարանը, կհետեւենք զարգացումներին:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ մեր տեղեկություններով՝ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր»-ում տեղի ունեցած խայտառակ միջադեպի առիթով ծառայողական քննությունը կասեցվել է: Հիշեցնենք, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցած քաշքշուկի առիթով ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն էր սկսվել:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում գործի կասեցման մասին մեր ունեցած տեղեկությունը հաստատեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ երբ Քննչական կոմիտեում քրեական գործ կամ վարույթ է հարուցվել, ոստիկանությունը որոշել է ներքին անվտանգության վարչությունում առկա քննությունը կասեցնել մինչեւ այդ քրեական գործի ավարտը: Այսինքն՝ Քննչական կոմիտեի քննության ավարտից հետո ոստիկանության ղեկավարությունը իր համապատասխան քայլերը կիրականացնի:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ միջադեպից միայն մի քանի օր անց հարուցված քրեական գործով մինչեւ օրս որեւէ ոստիկան կամ հրաման տվող սպա պատասխանատվության չի ենթարկվել: Նշենք, որ կան ծնողներ, որոնց մարմնական վնասվածքներ ստանալու փաստը փորձաքննությամբ հաստատված է, ծնողները տուժող են ճանաչվել, սակայն ոչ ոք պատասխանատվություն չի կրել առ այսօր:
Թերեւս չի էլ լինի պատիժ, քանի որ այդ ծեծն ակնհայտորեն ուներ քաղաքական հրահանգ, ու այդ մասին վկայում է շուրջ երկու ամիս տեւող քննությունը, որի արդյունքում մինչ օրս չկա մեղադրյալ:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԹՄՐԱՄԻՋՈՑԻ ԻՐԱՑՄԱՆ ԴԵՊՔ
Նոյեմբերի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները թմրանյութ պահելու, օգտագործելու եւ իրացնելու կասկածանքով ձերբակալել են Բյուրականի 45-ամյա մի բնակչի:
Ոստիկանությունից հայտնում են, որ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածով փաթեթ: Հետագա միջոցառումների շնորհիվ հայտնի է դարձել, որ նա թմրամիջոցը ձեռք է բերել Բյուրականի 39-ամյա մի բնակչից եւ պետք է փոխանցեր Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղում բնակվող 48-ամյա ազգականին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: Նոյեմբերի 15-ին իրավապահները խուզարկել են եւ՛ բյուրականցու, եւ՛ ղազարավանցու բնակության վայրերը։ Ղազարավանում հայտնաբերվել է կանեփանման բույս, իսկ Բյուրականում եղել են կանեփանման զանգվածներ՝ ընդհանուր 260 գրամից ավելի քաշով, կիսաչոր, կանեփանման 24 բույս, 2 կաթուցիչ, նաեւ պայթուցիկ նյութ՝ քուղով:
Նրա հայտնածով՝ կանեփն ինքն էր ցանել ու մշակել, նաեւ թմրանյութն իրացրել էր համագյուղացի 45-ամյա տղամարդուն, որին Արտաշատի ոստիկանները ձերբակալել էին նախորդ օրը։ Բյուրականցի տղամարդը կալանավորվել է։
Ապօրինի թմրաշրջանառության եւս մեկ դեպք Աշտարակի ոստիկանները բացահայտել են նոյեմբերի 18-ին՝ այս անգամ Արագածոտնի մարզային վարչության գործընկերների հետ ուժեղացված ծառայություն իրականացնելիս: Երեկոյան ժամը հինգին Աշտարակի Տիգրան Մեծի փողոցում նրանք ձերբակալել եւ բաժին են տեղափոխել Երեւանի բնակիչ, 27-ամյա մի երիտասարդի: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով երկու փաթեթ:
Ապօրինի թմրաշրջանառության հաջորդ բացահայտումը նոյեմբերի 21-ին էր: Իրացնելով օպերատիվ տվյալները` Աշտարակի Ղազար Փարպեցու փողոցում Աշտարակի քրեական հետախույզները ձերբակալել եւ բաժին են տեղափոխել Արմավիրի մարզի Մայիսյան համայնքի բնակիչ, 30-ամյա մի տղամարդու: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգված ու մոխրացած հետքերով կաթուցիչ:
Բոլոր դեպքերով նշանակվել են փորձաքննություններ, հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:
ԱՊՕՐԻՆԻ ԾԱՌԱՀԱՏՈՒՄ
Ոստիկանության Վայքի բաժնի ծառայողներն օրերս կազմակերպել էին ուժեղացված ծառայություն, որի ընթացքում Ազատեկ բնակավայրում բացահայտվել է ապօրինի ծառահատման երկու դեպք: 54-ամյա եւ 50-ամյա երկու բնակչի հողամասերի հարակից ձորակներում հայտնաբերվել է ընդհանուր 15 հատված ուռենի: Ոստիկանությունից հայտնում են, որ պարզվել է, որ ծառերը ապօրինի հատել են վերոհիշյալ տղամարդիկ։
Ոստիկանությունը շարունակելու է հետեւողական քայլեր իրականացնել ապօրինի ծառահատումները բացահայտելու եւ կանխելու ուղղությամբ: Դեպքերի վերաբերյալ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն։ Հանգամանքները պարզվում են:
ԴԱՆԱԿԱՀԱՐԵԼ ԵՆ
Նոյեմբերի 18-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Բաղյան փողոցի թիվ 9 շենքի մուտքի մոտ մի խումբ անձինք ծեծել են մի տղամարդու եւ դանակահարել նրան: 42-ամյա տուժողը տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։Ոստիկանությունից հայտնում են, որ ախտորոշվել էր պոլիտրավմա: Ոստիկանության Նոր Նորքի բաժնից դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը կարճ ժամանակում պարզեց կատարվածի հանգամանքները։ Դեպքից ժամեր անց բաժնի քրեական հետախույզները Մոլդովական փողոցում հայտնաբերել եւ ձերբակալել են 18-ամյա մի երիտասարդի։ Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է: Կատարվում է նախաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
ԿԵՂԾ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Գլխավոր դատախազությունը 2022 թվականի հոկտեմբերի 28-ին տեղեկացրել էր, որ 2001 թվականի սեպտեմբերի 25-ին, Երեւան քաղաքի «Առագաստ» սրճարանի զուգարանի միջանցքում Պողոս Պողոսյանին կյանքից զրկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով փորձագետներ Շ.Գ-ի եւ Գ.Հ.-ի կողմից ակնհայտ կեղծ եզրակացություն տալու փաստով 2022 թվականի հոկտեմբերի 26-ին նախաձեռնվել է քրեական վարույթ: Դատախազությունից հայտնում են, որ նշված վարույթի շրջանակում նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից 2022 թվականի նոյեմբերի 17-ին դատաբժիշկներ Շ.Գ-ի եւ Գ.Հ.-ի նկատմամբ կայացվել են հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումներ եւ դրանք ուղարկվել են նախաքննություն իրականացնող քննիչին՝ մեղադրյալներին ներկայացնելու համար: 2022 թվականի նոյեմբերի 21-ին հսկող դատախազի համաձայնությամբ նախաքննություն իրականացնող քննիչի կողմից որոշումներ են կայացվել պայմանագրային հիմունքներով աշխատող մեղադրյալներ Շ.Գ.-ի եւ Գ.Հ.-ի նկատմամբ պաշտոնավարման կասեցումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, ինչը ենթադրում է վերջիններիս լիազորությունների իրականացման կամ աշխատանքային գործունեության ժամանակավոր ընդհատում: Որոշման պատճենն ուղարկվել է ՀՀ առողջապահության նախարարության դատական բժշկության գիտագործական կենտրոն՝ այն կատարելու համար:
ՆԻՍՏԸ
ՀԵՏԱՁԳՎԵՑ
Երեկ Երեւանում ընթանում էր ՀԱՊԿ նիստը: Այս հանդիպման հետեւանքով դատական համակարգը կարծես պարալիզացվել էր: Մասնավորապես դատական նիստեր էր հետաձգվել, քանի որ դատախազները չէին կարողացել հասնել դատարաններ: Իսկ այդ ժամանակ Հակակոռուպցիոն դատարանում Գարեգին Բ-ի դատախազ եղբորորդու գործով դատական նիստը հետաձգվել էր նույն պատճառով: Ավելին՝ կալանավորներին կալանավայրերից շատ շուտ էին բերել դատարան, որպեսզի խցանման մեջ չընկնեն, սակայն դատախազները չէին կարողացել ժամանակին հասնել դատարան:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ