ԵՊՀ-ում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության, Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի ու Երեւանի պետական համալսարանի համատեղ ջանքերով կազմակերպվել էին «Դասավանդման եւ ուսումնառության մեթոդներ» խորագրով թեմատիկ հանդիպում եւ պանելային քննարկում։
ԿԳՄՍՆ-ից Armlur.am-ին հայտնում են, որ քննարկմանը մասնակցել եւ որպես բանախոս հանդես է եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը։
ԿԳՄՍ նախարարի տեղակալը, մատնանշելով թեմայի ընտրության արդիականությունը, փաստել է, որ այն պայմանավորված է բուհական համակարգում առկա խնդիրների՝ կրթության բովանդակության եւ կազմակերպման վերհանմամբ:
«Այսօր անհրաժեշտություն կա ՀՀ բուհերում ձեւավորել մասնագիտական համայնք, որը բարձրագույն կրթության ոլորտում կրթության արդյունավետ կազմակերպման համար կիրականացնի քննարկումներ եւ կտրամադրի բովանդակային խորհրդատվություն: Ակնհայտ է, որ 21-րդ դարում համալսարանները հումբոլդյան համակարգից փոփոխվում եւ ուղղորդվում են գիտահետազոտական, ձեռնարկատիրական աշխատանքներ իրականացնող համալսարանների, որտեղ մեծ դեր ունեն դասավանդման եւ ուսումնառության նորագույն մեթոդներն ու մոդելները։
Արդեն իսկ հասանելի են բազմաթիվ հետազոտություններ, որոնք հիմնավորում են դասավանդման եւ ուսումնառության գործընթացում ստեղծագործական մեթոդների, նորարարական գաղափարների իրականացման անհրաժեշտությունը։ Հույս ունեմ, որ մոտակա ամիսներին կլինեն տեսանելի արդյունքներ, եւ նոր ուստարում կկարողանանք ժամանակակից մեթոդները ներդնել մեր բուհական համակարգում»,- նշել է Կարեն Թռչունյանը։
ԵՊՀ ակադեմիական/ուսումնական գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանի կարծիքով՝ դասավանդման եւ ուսումնառության վերաբերյալ փորձագիտական քննարկումները կրթական գործընթացում կարեւորագույն դեր ունեն. «Պատասխանատվությունը եւ հետաքրքրությունն ընտրված թեմայի վերաբերյալ իսկապես կարեւոր են: Սա լավագույն հնարավորությունն է բարձրաձայնելու այնպիսի խնդիրներ, որոնք անհանգստացնում են կրթության ոլորտի մեր գործընկերներին: Լիահույս եմ, որ լավագույն փորձի ներկայացումը մեծապես կնպաստի առկա խնդիրների լուծմանը»։
Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան հատկապես ընդգծել է քննարկվող թեմայի ընդգրկունությունը, ինչպես նաեւ փաստել, որ ծրագիրը միավորել է կրթության ոլորտի ներկայացուցիչներին եւ ստեղծել բացառիկ հնարավորություն լավագույն, օրինակելի փորձը ներկայացնելու, կիրառելու, առկա խոչընդոտները վերհանելու առումով։
«Դասավանդման եւ ուսումնառության մեթոդներ» խորագրով թեմատիկ հանդիպման ընթացքում ներկայացվել են Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի շրջանակում առաջարկվող լավագույն փորձն ու հնարավորությունները, ծրագրի իրագործման ընթացքում առաջացած խնդիրները, ինչպես նաեւ քննարկվել են բարձրագույն կրթության ոլորտում կարողությունների զարգացման «PRINTeL», «ABIONET», «TOPAS», «MENVIPRO», «REFINE» ծրագրերը։
Վերոնշյալ ծրագրերի շրջանակում ուսումնասիրվել են դասավանդման մեթոդների եւ աշխատաշուկայի պահանջների համապատասխանությունը, ուսումնական ծրագրերում նորարարությունների, կարճաժամկետ դասընթացների ներդրումը եւ կարեւորագույն այլ հարցեր, որոնք տեսանելի են դարձնում կրթական ծրագրերի արդիականությունն ու միջազգայնացումը:
«Դասավանդման եւ ուսումնառության մեթոդներ» խորագրով թեմատիկ հանդիպմանը մասնակցել է ՀՀ շահառու տարբեր բուհերի դասախոսական եւ ուսանողական կազմի ավելի քան 100 ներկայացուցիչ, որի ընթացքում հարցուպատասխանի ձեւաչափով տեղի են ունեցել քննարկումներ:
Մասնակիցները բարձրաձայնել են իրենց հուզող հարցերը եւ կարծիքներ փոխանակել, պայմանավորվածություն է ձեռք բերվել ըստ ուղղությունների ձեւավորել խմբեր, որոնք ժամանակ առ ժամանակ կհանդիպեն եւ կրթության կազմակերպման բովանդակության մեջ փոփոխություններ կսկսեն իրենց բուհերում:
Որպես ամփոփում նշվել է, որ նմանօրինակ քննարկումների ընթացքում ոչ միայն մատնանշվում են կրթական գործընթացում առկա խնդիրները, այլեւ առաջարկվում են արդյունավետ լուծումներ եւ նոր մոտեցումներ, որոնք նպատակաուղղված են կրթության որակի բարելավմանը, միջազգային լավագույն փորձի ներդրմանը։
Ս. Հ.
ՁԵՌՆՊԱՀ ՄՆԱԼ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻՑ
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին «Սեւ ուրբաթ»-ի ժամանակ հաճախակի կիրառվող զեղչերի եւ այլ ակցիաների ընթացքում խստիվ պահպանել տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության դրույթները: Հիշեցնում ենք, որ այս տարվա հուլիսի 31-ից ուժի մեջ են մտել Հանձնաժողովի նախաձեռնությամբ ընդունված ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը եւ հարակից օրենքները, որոնցով կարգավորումներ են սահմանվել զեղչերի եւ այլ ակցիաների համար: Ըստ այդմ՝ ապրանքի կամ ծառայության գինը զեղչվում է նախորդ ամսվա միջին գնից, ակցիա իրականացնողն ապահովում է միջին եւ զեղչված գների միաժամանակյա տեսանելիությունը սպառողի համար, միջակայքով զեղչի դեպքում առավելագույն շեմով զեղչը կիրառվում է ակցիային մասնակցող ապրանքների կամ ծառայության առնվազն 1/5-րդի նկատմամբ: Օրինակ՝ եթե հայտարարվում է 20-70% կամ մինչեւ 70% զեղչ 100 ապրանքի համար, դրանցից առնվազն 20-ը պետք է զեղչվի 70%-ով, զեղչերի եւ այլ ակցիաների իրականացման առավելագույն ժամկետը 3 ամիս է, ակցիա իրականացնողը չի կարող ապրանքի հետ նվեր տալ՝ միաժամանակ տվյալ ապրանքի գնի այնպիսի բարձրացում իրականացնելով, որով նվերի գինը մասնակի կամ ամբողջությամբ կներառվի այդ գնի մեջ, նոր պահանջներ են սահմանվել նաեւ ակցիաների իրազեկման համար, մասնավորապես պարտադիր պետք է նշվի ակցիայի բնույթը, մեկնարկի եւ ավարտի օրերը եւ այլն, իսկ ակցիայի պայմանների վերաբերյալ հրապարակման բովանդակության ամենամեծ եւ ամենափոքր տառաչափերի տարբերությունը չի կարող երկու անգամից ավելի լինել:
Oրենքով սահմանված պահանջներին չհամապատասխանող ակցիայի իրականացումը կարող է հանգեցնել անբարեխիղճ մրցակցության, որի դեպքում կարող է նշանակվել տուգանք տնտեսավարողի՝ տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչեւ 5 %-ի չափով:
ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ
Ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում 17 մեգավատ հզորությամբ «Գետավան» հիդրոէլեկտրակայանի կառուցման ուղղությամբ: Այս մասին նոյեմբերի 23-ին Ազգային ժողովի հեթական նիստում ասել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ հիդրոէլեկտրակայանի շինարարությունն իրականացվում է պետական միջոցներով: «Եթե ֆինանսական միջոցները բավարարեն, նախատեսվում է կառուցումն ավարտել գալիք տարում, եթե ոչ, ապա անպայման կավարտվի 2024 թվականին»,- մանրամասնել է նախագահ Հարությունյանը՝ հավելելով, որ «Գետավան» հիդրոէլեկտրակայանի կառուցման շնորհիվ Հանրապետությունն ամբողջությամբ կդառնա ինքնաբավ: