ԻՆՉՊԵՍ ԵՆ ԱՆՎԱՆԵԼ ԵՐԵԽԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված պահեստազորային Վահե Կարապետյանի եղբայրը։ Վանը ծնվել է նոյեմբերի 17-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում՝ 2 կգ 400 գրամ քաշով եւ 46 սանտիմետր հասակով։

 

Վահեի մայրը՝ 49-ամյա Անահիտ Մկրտչյանը, ասում է՝ իրականացրել է որդու ամենամեծ երազանքը։

«Վահես նույնիսկ բանակից էր ամեն օր զանգում ու խնդրում, որ երեխա ունենանք։ Ասում էր՝ մա՛մ ջան, բանակից գամ, նորությունն անկողնում պառկած լինի։ Հիմա Վահես երկնքից տեսնում է, որ ես ու ամուսինս իրականացրել ենք իր ամենակարեւոր նպատակներից մեկը։ Շատ եմ ուզում, որ Վանս եղբոր ճանապարհով գնա, Վահես տեսնի, որ իր ճանապարհը շարունակող կա, իր կիսատ մնացած երազանքներն իրականացնող կա»,- ասում է մայրը։

Անահիտ Մկրտչյանի խոսքով՝ ինքն ու ամուսինը գիտակցաբար են գնացել այս որոշմանը եւ չնայած իր տարիքին ու առողջական խնդիրներին՝ Աստծո օրհնությամբ բալիկ են ունեցել. «Ես իր մեջ չեմ ուզում Վահե տեսնել, ես ուզում եմ տեսնել Վանին, որը շարունակելու է Վահեի գործը։ Ես չեմ ուզում որպես Վահե սիրել, ես ուզում եմ, որ Վանը հպարտ լինի, որ Վահեի եղբայրն է։ Աննկարագրելի իրականություն է սա, Վանը փոխեց մեր ընտանիքի մթնոլորտը, հնարավորություն տվեց, որ մեր դեմքին մի փոքր ժպիտ գա»։

Հղիությունը վարել եւ կեսարյան հատումն արել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատան փոխտնօրեն Դավիթ Աբովյանը. «Անահիտ Մկրտչյանը եղել է ռիսկային խմբում, բացի տարիքից՝ նաեւ դիաբետ է ունեցել, վերջին օրերին նաեւ ճնշման տատանումներ ուներ։ Այս ամենը հաշվի առնելով՝ մենք ժամկետից շուտ ենք կեսարյան հատումն իրականացրել։ Ներկայումս ե՛ւ երեխան, ե՛ւ մայրը իրենց լավ են զգում»։

21-ամյա Վահե Կարապետյանը պարտադիր ժամկետային ծառայությունից վերադարձել էր 2019թ.-ի ամռանը, սովորում էր Երեւանի պետական համալսարանում, մասնագիտությամբ դեղագործ էր։ Վահեն աշխատում էր NEWS.am-ում որպես օպերատոր, մոնտաժող։ 44-օրյա պատերազմի ժամանակ նա հնարավորություն ուներ պատերազմ չմեկնելու, սակայն կամավոր մեկնել է Արցախ։ Վահեն մասնակցել է Մատաղիսի, ապա Շուշիի մարտերին, նոյեմբերի 6-ին Շուշիում ծանր վիրավորում է ստացել, որից հետո տեղափոխվել է Երեւան։

Նոյեմբերի 9-ին, այդպես էլ գիտակցության չգալով, Վահեն մահացել է պատերազմի ավարտի վերաբերյալ հայտարարությունից մի քանի ժամ առաջ։

«Ասում էր՝ ես հո փալա՞ս չեմ, որ փողոցում քայլեմ, ինձնից փոքր տղաներն առաջնագծում կռվեն։ Ինձ անընդհատ ասում էր՝ մա՛մ ջան, ես փալաս չեմ…»,- պատմում է մայրը։

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԳԵՐԻ ԵԶԱԿԻ ՕՐԻՆԱԿՆԵՐ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային աջակցությամբ նոյեմբերի 23-ին Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Դրվագներ ինքնության. գորգ» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, որում ներառված է Հայաստանի պատմության թանգարանի ազգագրության ֆոնդում պահվող գորգերից մի արժեքավոր ընտրանի։

 

Ցուցադրությանը ներկայացվել են գորգերի, կարպետների, աղամանների, անկողնապարկերի, խուրջինների եւ այլ իրերի մի քանի տասնյակ եզակի օրինակներ։

Հավաքածուում ներառված գորգերի եւ կարպետների ժամանակագրությունն ու աշխարհագրությունը լայն է՝ դրանք պատրաստվել են Վասպուրականի, Բարձր Հայքի, Արցախի, Սյունիքի, Նախիջեւանի, Լոռիի, Շիրակի, ինչպես նաեւ հայաշատ բնակավայրերի՝ Կիլիկիայի, Կեսարիայի, Պարսկաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Հնդկաստանի, Բուլղարիայի հայ վարպետների կողմից։

Հավաքածուի մեջ ներառված վաղ շրջանի նմուշներ են 15-րդ, 16-րդ՝ Վասպուրականում, Արցախում, Սյունիքում, Գանձակում, 17-րդ՝ Բայազետում, Վանում, 18-րդ՝ Արցախում, Սյունիքում, Վասպուրականում, Արաբկիրում հյուսված եւ 19-րդ եւ 20-րդ դարերով թվագրվող գորգերի մի քանի տասնյակ օրինակներ։

Ըստ հորինվածքների՝ նմուշները պատկանում են Արեւագորգ, Ջրաբերդ, Պռոշբերդ, Խաչաստղ, Մեմլինգ, Վարանդա, Թռչնաբուն, վիշապագորգերից՝ Խնձորեսկ, Որոտան,  Խորանագորգ, Ծաղկագորգ, կեռազարդ, շեղանկյուն վահաններով, կենաց ծառերով, բուսանախշերով եւ այլ տիպերին։

Ցուցադրության նպատակն է հանրությանն ի ցույց դնել Հայաստանի պատմության թանգարանում պահվող գորգերի եւ կարպետագործ առարկաների դեռեւս չցուցադրված նմուշները, որոնք էապես կնպաստեն գորգագործական ավանդույթի ներկայացման եւ բացահայտման գործին։

 

 

 

ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

Ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել է, որ Լոնդոնի «Չելսի»-ն երկարաժամկետ պայմանագիր է համաձայնեցրել Մոսկվայի «Դինամո»-ի եւ Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանի հետ: Ռոմանոն հայտնել է, որ ֆուտբոլիստի եւ ակումբի միջեւ պայմանագրի հիմնական կետերը համաձայնեցվել են դեռ ամառվանից, իսկ «Չելսի»-ն կշարունակի բանակցությունները «Դինամո»-ի հետ, որպեսզի 2023 թվականին գործարքն ավարտին հասցնի: Նա նաեւ նշել է, որ «Չելսի»-ում վստահ են, որ գործարքը կկայանա: Արսեն Զախարյանի նկատմամբ անգլիական ակումբի հետաքրքրության մասին լուրերը սկսեցին շրջանառվել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: «Չելսի»-ի հետաքրքրվածության մասին լուրերը հաստատել էր նաեւ Զախարյանի գործակալը, ֆուտբոլիստը եւս հայտարարել էր «Չելսի» տեղափոխվելու ցանկության մասին: Գործարքը, սակայն, չկայացավ՝ պայմանավորված Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներով:

 

 

 

 

ՀԱՄԵՄԱՏՈՂՆԵՐԸ ՉԵՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ

Լեգենդար արգենտինացի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի որդին մեկնաբանել է Արգենտինայի հավաքականի պարտությունը Սաուդյան Արաբիայից (1:2) աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի խաղում։ «Դժվար է հավատալ, որ այս ամենը իրականություն է։ Խելահեղություն է Սաուդյան Արաբիային պարտվելը, բայց ֆուտբոլում երբեմն պատահում են այսպիսի սենսացիաներ։ Հորս եւ Մեսիին համեմատողները ոչինչ չեն հասկանում ֆուտբոլից։ Մենք խոսում ենք երկու տարբեր մոլորակների մասին, բայց ես չեմ ցանկանում այս պարտությունից հետո որեւէ բացասական բան ասել Մեսիի մասին»,- Դիեգո Արմանդո Մարադոնա կրտսերը նշել է իր  խոսքում: Առաջին տուրից հետո C խմբում Սաուդյան Արաբիան (3 միավոր) առաջատարն է, Մեքսիկան ու Լեհաստանը 1-ական միավորով կիսում են երկրորդ եւ երրորդ տեղերը։ Արգենտինան (0) վերջինն է։

 

 

 

 

ՉԵՆ ԿԱՐՈՂ ՀԱՅՏԱՎՈՐԵԼ

Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը չի կարողանա նոր խաղացողի հայտավորել վնասվածք ստացած պաշտպան Լուկաս Էրնանդեսի փոխարեն։ Հայտացուցակների փոփոխության վերջնաժամկետը նոյեմբերի 21-ն էր:

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստը ծնկի վնասվածք էր ստացել Ֆրանսիա – Ավստրալիա (4:1) հանդիպման արդեն 13-րդ րոպեին եւ փոխարինվել։ Նրա համար աշխարհի առաջնությունն ավարտված է։ Ֆրանսիայի հավաքականն այս աշխարհի առաջնությանը մասնակցում է առանց հիմնական կազմի խաղացողներ Նգոլո Կանտեի, Պոլ Պոգբայի, Մայք Մենյանի, Քարիմ Բենզեմայի, Կրիստոֆեր Նկունկուի, Պրեսնել Կիմպեմբեի։ Բոլորը վնասվածքների պատճառով չեն խաղում։ Հաջորդ հանդիպումը Ֆրանսիայի հավաքականը կանցկացնի նոյեմբերի 26-ին Դանիայի դեմ։

 

 

 




Լրահոս