ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է. ՄԱՍ 142

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2019 թվականի օգոստոսի 5-ին Ստեփանակերտում հանրահավաքի ժամանակ «Արցախը Հայաստան է, եւ վերջ» ասող Նիկոլ Փաշինյանը հետագայում նույն վճռականությամբ սկսեց մոռանալ նույն Արցախի մասին: Օրինակ՝ նրա այս հայտարարությունից գրեթե մեկ տարի անց՝ 2020 թվականի մայիսի 21-ին, Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը՝ նույն Փաշինյանի գլխավորությամբ, մասնակցում էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանը, որն առաջին անգամ անցկացվեց Շուշիում: Դրանից կես տարի չանցած՝ Շուշին հայտնվեց Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ, իսկ Փաշինյանը փոխեց իր դիրքորոշումն այդ քաղաքի մասին: Մասնավորապես, 44-օրյա պատերազմի եւ մարտական գործողությունների ավարտից հետո Շուշին «մռայլ, դժբախտ ու դժգույն քաղաք» դարձավ, ապա նա ԱԺ բարձր ամբիոնից կասկածի տակ դրեց Շուշիի պատկանելիությունը հայերին՝ հայտարարելով, որ արցախյան առաջին պատերազմից առաջ քաղաքը 90%-ով բնակեցված էր ադրբեջանցիներով։ Իսկ ո՞րն է իրականությունը. Շուշիում միշտ գերակշռել են հայերը։ Շուշիում ադրբեջանական բնակչության ավելի քան 90%-ը եղել է միայն երկու շրջանում (երկուսն էլ հայերի ջարդերից հետո)՝ 1920 եւ 1988 թվականներին։ Ըստ էության, Նիկոլ Փաշինյանի խոսքերը Շուշիի կորուստն արդարացնելու փորձեր էին, որով նա հերթական անգամ խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին:

 

 

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արփի Դավոյանի ու Ալխաս Ղազարյանի նախաձեռնությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից վերցվել է ընտրական հիմնադրամները վերահսկելու գործառույթն ու այն կոռուպցիայի կանխարգերլման հանձնաժողովին տրվել։ Նախաձեռնությունն, իհարկե, քաղաքական մեծամասնության «կողմ» կոճակի շնորհիվ թե՛ առաջին, թե՛ երկրորդ ընթերցմամբ ընդունվել է խորհրդարանում, ու ԿԸՀ-ն, փաստորեն, այլեւս չի՛ վերահսկելու ընտրական հիմնադրամները։ Այս ամբողջ պատմության մեջ աբսուրդն այն է, որ «Ընտրական օրենսգրքի» մասին օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես գալիս մի պատգամավոր՝ տվյալ դեպքում Արփի Դավոյանը, ում սեփական թիմում մեղադրում են ընտրակեղծիքների մեջ։ Դեռ չասած այն մասին, որ առ այսօր ՔՊ-ի ներսում չեն հանդարտվում ու ուզում են մինչեւ վերջ պարզել ու պատժել կուսակցության վարչության կազմի ընտրության խայտառակությունը, երբ վերահաշվարկից հետո վարչության կազմը փոփոխվեց։ Ըստ մամուլի հրապարկումների՝ ՔՊ կեղծված ընտրության հեղինակներից մեկն էլ ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանն էր, որ հստակ ու կոնկրետ հրահանգներ էր տվել՝ ում պետք է ընտրել, ում՝ ոչ։ Այժմ, փաստորեն, ո՛չ ավել, ո՛չ պակաս, նա ընտրական գործընթացների մասին նախաձեռնությամբ է հանդես եկել։

 

 

 

ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դեռ անգործ է: «Ժողովուրդ» օրաթերթն իր լավատեղյակ աղբյուրներից տեղեկացավ, որ Արթուր Դավթյանը Արցախի իշխանությունների հետ հանդիպման ժամանակ պատրաստակամություն է հայտնել Արցախում պաշտոնավարելու: Այսինքն՝ նախկին դատախազը պատրաստ է մշտական բնակության վայրը փոխել եւ մեկնել Արցախ: Սակայն այս պահի դրությամբ դեռ որոշված չէ՝ որտեղ հնարավոր կլինի օգտագործել իրավաբանական գիտելիքներ ունեցող Արթուր Դավթյանի պոտենցիալը: Կամ արդյո՞ք Դավթյանի առաջարկն ընդհանրապես կընդունվի, եւ նա պաշտոն կստանա Արցախում: «Ժողովուրդ» օրաթերթը, իհարկե, փորձեց Արթուր Դավթյանից մեկնաբանություն ստանալ այս թեմայի առնչությամբ, սակայն նա համառորեն չպատասխանեց մեր հաղորդագրություններին: Հիշեցնենք, որ այս ամսվա սկզբին գործարար Ռուբեն Վարդանյանը նշանակվեց Արցախի Պետական նախարար, եւ ողջ կառավարումը, բացի ուժային հատվածից, իրականացնելու է Մոսկվայից Ստեփանակերտ մեկնած Ռուբեն Վարդանյանը: Ուժային կառույցների վերահսկողությունը շարունակում է մնալ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի վերահսկողության տակ:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ դատական համակարգում խոսակցություններ են եղել, որ «կալանք տվող» դատարանի գործունեությունը դադարեցնելու գործընթացից հետո հաջորդ հերթը պետք է լինի հակակոռուպցիոն դատարանը, քանի որ նա եւս ընտրված արտակարգ դատարան է, որի նպատակը մեկն է՝ մեղադրական դատավճիռներ կայացնել: Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Եվրոպական միջազգային կառույցներն են քաղաքական իշխանությանը հասկացրել, թե ստեղծված դատարանն իր նպատակին չի ծառայում, ուստի դատական համակարգում արագացնում են «կալանք տվող» դատարանի գործունեությունը դադարեցնելու գործընթացը: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ դատական համակարգը եւ իրավապահ համակարգը քննարկել են մինչդատական վարույթով դատարանի գործունեությունը եւ եկել այն համոզման, որ անհրաժեշտ է փակել վերջերս ձեւավորված դատարանը: Գուցե հետանցում լինի նախկին մոդելին, երբ դատարանները հերթապահություն էին իրականացնում, եւ օրվա հերթապահ դատավորն էր քննում օրվա ընթացքում ներկայացված կալանքի միջնորդությունները: ՀՀ երրորդ իշխանության հետ այս քննարկման պատճառը եղել է այն, որ իրավապահ համակարգը խայտառակ բացահայտում է արել Աջափնյակի դատարանի՝ «կալանք տվող» դատավորների գործունեության մասով՝ պարզելով, թե ինչ մեխանիզմներ են գործել, եւ ինչպես է որոշվել՝ ում կալանքը որ դատավորը քննի: Նկատենք, որ 1,5 տարի առաջ «կալանք տվող» դատավորների՝ տխրահռչակ Աջափնյակ-1 դատարանում աշխատելու համար ընտրվեցին մարդիկ, որոնք խնդիր չունեին ցանկացածին կալանք «ապահովելու» հարցում: «Կալանք տվող» դատավորները հաջողությամբ կատարում էին իրենց խնդիրը, եւ քաղաքական հնչեղություն ունեցող գործերը հիմնականում բաժին էին հասնում առավել պատրաստակամներին: Այս դատարանի ստեղծման համար ջանք ու եռանդ չխնայեց ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանը, որ անփառունակ հեռացավ ԲԴԽ-ից:

 




Լրահոս