ArmLur.am-ն այսօր գրել էր, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք բուքմեյքերական ընկերությունների գործունեությունն էլ ավելի է ծաղկում: Չնայած հանգամանքին, որ անցած տարիներին գործադիրը տարբեր օրենքներով սահմանափակել է բուքմեյքերական ընկերությունների գովազդները, գործունեության բնույթն ու տեղակայման վայրերը, սակայն խաղադրույքի ծավալները Հայաստանում ահագնացող տեմպերով են աճում: Միայն նախորդ տարի՝ 2021-ին, մոտ 4 տրիլիոն դրամի խաղադրույք է կատարվել:
Թե հայրենի իշխանավորներն ինչպես են պատկերացնում խաղամոլության դեմ պայքարը, փոքր-ինչ դժվար է հասկանալ կամ կռահել, քանզի փաստերն ու թվերն այն բանի մասին են վկայում, որ, օրինակ, «Վիվարո» ընկերության սեփականատերերը շարունակ հարստանում են, խաղամոլությամբ տառապող հաճախ աղքատ քաղաքացիներն՝ ավելի աղքատանում:
Իսկ վերոնշյալ ընկերության սեփականատերերն այնքան են հարստացել, որ ըստ Civilnet-ի հրապարակման՝ 2.5 միլիոն դոլարով պատրաստվում են ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի՝ Հյուսիսային պողոտայում գտնվող բնակարանը գնել:
Ինչ է ստացվում, խաղամոլության աճող տեմպերի հաշվին ընկերությունը հարստանում է, դրա տերերը՝ գերթանկարժեք գույք ձեռք բերում:
Սևակ Վարդումյան