ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տաշիրում ծեծի ենթարկված տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել. մեկ անձ կալանավորվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 19-ին, ժամը 21.10-ին, «Տաշիր» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ անգիտակից վիճակում բուժօգնության է տեղափոխվել Տաշիր քաղաքում բնակվող 52-ամյա մի տղամարդ։ Տաշիրի բաժնից հիվանդանոց մեկնած քրեական հետախույզները պարզեցին, որ նա բուժհաստատություն էր տեղափոխվել Տաշիր քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցից։ Նախնական տվյալներով՝ չբնակեցված մի շինությունում հիվանդանոց տեղափոխված տղամարդը և նրա 44 ու 50 տարեկան ծանոթները հացկերույթ էին կազմակերպել, նաև օգտագործել էին ոգելից խմիչք։ Այդ ընթացքում նրա և 44-ամյա ծանոթի միջև վեճ էր սկսվել, որն ուղեկցվել էր հայհոյանքներով։ 44-ամյա տղամարդը ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ էր հասցրել 52-ամյա տղամարդուն։ Այնուհետև նրան թողել ու հեռացել էին։

Ծեծված տղամարդը օգնություն էր կանչել, որին արձագանքել էր մի անցորդ, ինչից հետո 52-ամյա տղամարդը շտապօգնության մեքենայով նախ տեղափոխվել էր Տաշիրի հիվանդանոց, ապա Երևան՝ հոսպիտալացվելով «Էրեբունի» բժշկական կենտրոնում։ Հենց այստեղ էլ նա, դեպքից 6 օր անց, մահացել էր։

Տաշիրի ոստիկանները հայտնաբերել ու ձերբակալել են վնասվածքներ պատճառած 44-ամյա տղամարդուն։ Նա կալանավորվել է։ Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։




Լրահոս