Թեև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ որոշմամբ ջուրը թանկանում է, բայց դա քաղաքացու գրպանի վրա չի ազդի: Բանն այն է, որ ՀԾԿՀ-ն, ուսումնասիրելով «Վեոլիա ջուր» ընկերության ներկայացրած հայտը, որոշել է՝ ջրի սակագինը ՀՀ քաղաքացիների համար թանկացնել 9 դրամով, անապահով քաղաքացիների համար՝ անփոփոխ թողնել:
Գործադիրը, սակայն, ի դեմս տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարության, հղում անելով ջրի թանկացման վերաբերյալ մամուլում տեղ գտած լուրերին, հաղորդագրություն էր տարածել ու նշել, որ ջրի սակագինը ՀՀ քաղաքացիների համար չի թանկանա, ավելացած գինը պետությունը կվճարի:
Այսօր արդեն, երբ ՀԾԿՀ-ն իր ուսումնասիրության արդյունքներն է հրապարակել ու տեղեկացրել, որ ջրի սակագինն, այնուամենայիվ, թանկանալու է, ArmLur.am-ը կապ հաստատեց տարածքային կառավարաման ու ենթակառուցվածքների նախարարության մամուլի քարտուղարի հետ՝ ճշտելու, թե նախարարության՝ մեկ շաբաթ առաջ տարածած հայտարարությունը (ջրի ավելացած սակագինը սուբսուդավորելու մասով) շարունակո՞ւմ է ուժի մեջ մնալ: «Այո, մինչև 2024-ը պետությունն է վճարելու ավելացած 9 դրամը»,- ArmLur.am-ին պատասխանեցին նախարարությունից:
Նշենք, որ «Վեոլիա ջուրը» դեռ ամռանն էր ջրի սակագները բարձրացնելու հայտ ներկայացրել: Ընկերությունը, հղում անելով օր օրի նկատվող գնաճը, առաջարկել էր ջրի սակագինը 209 դրամ դարձնել անգամ անապահովների համար, այսինքն՝ բոլոր համար նույն սակագինը սահմանել:
ՀԾԿՀ-ի առաջարկով, փաստորեն, ջրի սակագինը անապահովների համար, այնուամենայիվ չի թանկանա:
Հիշեցնենք նաև, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ դեռևս 2018-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ հայտարարում ու վստահեցնում էր, թե մինչև 2024-ը խմելու ջուրը չի թանկանալու: Այինինչ իր իսկ իշխանության օրոք՝ 2022-ի հունվարի 1-ից, կենսական նշանակության հեղուկը թանկացավ մոտ 20 դրամով:
Սևակ Վարդումյան