«Գելափ ինթերնեյշնել ասոցիացիա»-ն իրականացրել է մի շարք հարցումներ Հայաստանի քաղաքացիների շրջանում:
Հետազոտության ընթացքում կիրառվել է բազմաստիճան, քվոտային ընտրանք: Ընտրանքի առաջնային միավորները` բնակավայրերը, ընտրվել են ՀՀ բոլոր վարչական-տարածքային միավորներից` համամասնորեն: Հարցազրույցներն իրականացվել են Հայաստանի 10 մարզերում /մարզկենտրոններ, այլ քաղաքներ, գյուղական համայնքներ/ և Երևանի բոլոր համայնքներում` ՀՀ բնակչության բաշխմանը համամասնորեն:
Հարցերից մեկը վերաբերել է Հայաստանի ռազմաքաղաքական դաշնակիցներին և թե ումից կարող է Հայաստանի Հանրապետությունը ստանալ օգնություն:
Հարցվածների մեծամասնությունը Հայաստանի ռազմաքաղաքական դաշնակից է համարել Ռուսաստանին, այնուհետև հաջորդում են ԱՄՆ-ն, Իրանը, Ֆրանսիան և Հնդկաստանը: Հատկանշական է, որ Ֆրանսիան զիջել է դիրքը՝ 1-ին հորիզոնականից իջնելով 5-րդին: Իսկ ահա առաջին հնգյակում է հայտնվել Հնդկաստանը, ինչը թերևս պայմանավորված է վերջին իրադարձություններով. հնդկական ԶԼՄ-ները հայտարարել են հայ-հնդկական ռազմական գործարքի մասին՝ նշելով, որ Հնդկաստանը մոտ 260 մլն ԱՄՆ դոլարին համարժեք զենք և զինամթերք է վաճառել Հայաստանի Հանրապետությանը: