Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նոր Զելանդիայի նորանշանակ դեսպանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նոր Զելանդիայի նորանշանակ դեսպան Սառա Մերի Ուոլշը (նստավայրը՝ Մոսկվա):

Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ այս նշանակումը կնպաստի երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության զարգացմանը:

«Լիահույս եմ, որ Ձեր արդյունավետ գործունեության շնորհիվ մեծ ներդրում կունենաք երկու երկրների բարեկամական հարաբերությունների ամրապնդման և տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացման գործում»,- նշել է նախագահը:

Դեսպան Սառա Մերի Ուոլշը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ իր դիվանագիտական առաքելության ընթացքում հնարավորինս կփորձի նպաստել տնտեսական փոխշահավետ փոխգործակցության զարգացմանն ու քաղաքական երկխոսության մակարդակի բարձրացմանը:

Նորանշանակ դեսպանն իր խոսքում շեշտել է, որ Նոր Զելանդիայում կա հայկական համայնք, որը թեկուզ և փոքր, բայց իր դերակատարությունն ունի երկրի կյանքում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-նորզելանդական համագործակցության ոլորտներն ու հնարավորությունները: Նախագահ Վահագն Խաչատուրյանն իր խոսքում առանձնահատուկ շեշտել է, որ անկախ աշխարհագրական հեռավորությունից, Հայաստանը և Նոր Զելանդիան կարող են համագործակցել բարձր տեխնոլոգիաների, գիտության, տեղեկատվական անվտանգության, տեխնոլոգիապես զարգացած գյուղատնտեսության և այլ ոլորտներում:

Դեսպան Ուոլշն իր խոսքում անդրադարձել է ժամանակակից աշխարհում ապատեղեկատվության դեմ պայքարի ու տարածաշրջանային իրողությունների վերաբերյալ իրականությունը ներկայացնելու կարևորությանը:

Զրույցի ընթացքում Հանրապետության նախագահն անդրադարձել է հայ-թուրքական և հայ-ադրբեջանական շփումների ներկայիս մակարդակին և վերահաստատել, որ Հայաստանը հավատարիմ է հարևան երկրների հետ բարի դրացիական հարաբերություններ հաստատելու և կայուն ու հարատև խաղաղության հասնելու իր դիրքորոշմանը:




Լրահոս