Օրերս Դիլիջան քաղաքում վթարի էր ենթարկվել «Քաղաքացիական պայամանգիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի ծառայողական մեքենան, վթարի հետևանքով մեկ մարդ է տուժել:
ArmLur.am-ը միջադեպի վերաբերյալ մի քանի հարց է ուղղել Գևորգ Պապոյանին:
– Պարո՛ն Պապոյան, ըստ հաղորդագրության՝ ձեր մասնակցությամբ միջադեպը տեղի է ունեցել 00։15-ի սահմաններում: Ի՞նչ նպատակով էիք այդ ուշ ժամին օգտվում ԱԺ ծառայողական մեքենայից.
-Ես պետք է գնայի Սպիտակ, Վանաձոր և Դիլիջան համայնքներ և, որպես Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հետևեի բյուջետային միջոցներով համաֆինանսավորվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին: Փող ենք տալիս, մենք ենք հաստատում, կարծում եմ նաև իրավունք ունենք տեսնելու ՝ ինչ է արվում: Քանի որ երկու օրով էինք գնում, իմ հաշվին հյուրանոց էի վերցրել, որտեղ պետք է մնայի, որոշեցի երեկոյան գնալ, որպեսզի առավոտյան անցնեմ աշխատանքի: Բայց վթար տեղի ունեցավ, ըստ էության, շաբաթ օրվա առաջին կեսի աշխատանքը, որը նախատեսված էր Վանաձորում չի արվել, երկրորդ կեսինը, որը նախատեսված էր Սպիտակում, արվել է և ես դրա համար հաշվետվություն եմ ներկայացրել, երրորդ օրվա աշխատանքը ևս արվել է և հավետվություն ներկայացվել է:
Այսինքն՝ շաբաթ և կիրակի օրերը իմ հանգստյան օրերն են, բայց ես գնացել էի աշխատելու, ընդ որում, այդ աշխատանքը ենթադրում էր ծախսեր նաև ինձնից, որոնք իմ անձնական միջոցներով եմ արել:
Միջադեպի հետևանքով նախատեսված աշխատանքի 80-70% են արել, մի մասը չեն հասցրել:
– Իսկ ո՞վ է հոգալու մեքենայի նորոգման ծախսերը: Հաշվի առնելով որ մեքենան հաշվառված է ԱԺ-ում՝ ԱԺ բյուջեի՞ց է գումար տրամադրվելու, թե՞ սեփական միջոցներով եք հոգալու ծախսերը.
-Իմ վարորդն է մեղավոր, ինքն էլ վերանորոգելու է:
– Թեև նշել էիք, որ վթարի պահին վարորդն է եղել ղեկին, բայց, մեր տեղեկություններով, ղեկին անձամբ դուք եք եղել, ինչ կասեք այս մասին.
-Հերքում եմ, նման բան չկա, իմ վարորդն է վարել:
Ք. Մ.