Խմբակային ծեծի հետևանքով Տաշիրում կյանքից զրկվել է ոստիկանության նախկին աշխատակիցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 27-ին Լոռու մարզի Տաշիր քաղաքի ընտանեկան գերեզմանում հողին հանձնեցին Տաշիր քաղաքի բնակիչ 52-ամյա Վահե Բաղդասարյանին։

Երեկ՝ նոյեմբերի 28-ին, Վ․ Բաղդասարյանի հայրը՝ ՀՀ վաստակավոր մանկավարժ Գևորգ Բաղդասարյանը, իր որդու մահվան հանգամանքով հարուցված քրեական վարույթից դժգոհություններ էր հայտնում։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում որդեկորույս հայրն ասում էր․

«Առաջին հերթին զարմացած, ինչու չէ՝ նաև զայրացած եմ ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողներից։

Իմ տղան դաժան ծեծի է ենթարկվել 4-5 հոգու կողմից։ Երբ տղայիս հայտնաբերել եմ Տաշիրի քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող կիսախարխուլ, ավերակի վերածված շինության մեջ, մի պահ չեմ էլ իմացել, որ նա իմ որդին է։ Ահազանգել եմ Տաշիրի հիվանդանոց ու այնտեղից շատ շուտ հասել են բժիշկները ու տղայիս, որի դեմքն ամբողջովին ջնջխված էր, արյան մեջ թաթախված, շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխեցինք Տաշիրի հիվանդանոց։ Ամբողջ քաղաքն է խուսում, որ իմ տղային 20 հազար դրամի համար Տաշիրում հայտնի վատ վարքի տեր մարդիկ դաժանաբար ծեծել են։ Իսկ ոստիկանությունը մինչև այսօր փորձում են մեզ համոզեն, որ 1 հոգի է եղել։ Նման դարակազմիկ սուտ լսել ենք Տաշիրի ոստիկանների կողմից։

Դեպքի վայրում ոչ ճիշտ են աշխատել՝ ըստ մեր պատկերացումների։ Ո՞վ է տեսել, հանցանքից հետո չհետաքրքրվեն, թե քանի հոգի են եղել։ Առաջին 2 օրը մեզ դա այնքան էլ չէր հետաքրքրում։ Իմ և կնոջս ու մեր հարազատների թիվ 1 խնդիրը Վահեի շուտափույթ ապաքինումն էր։ Տաշիրի հիվանդանոցից տղայիս տեղափոխում են Վանաձորի հիվանդանոց, որտեղից էլ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխում են «Էրեբունի» հիվանդանոց։ Էրեբունու հիվանդանոցի բժիշկներից մենք գոհ ենք, թեպետ տղաս այնտեղ էլ կնքեց իր մահկանացուն։ Բոլոր բժիշկները անհնարինն են արել, որպեսզի փրկվի տղաս։ Բայց տականքները այնքան դաժան են ծեծի ենթարկել ու մարմնի տարբեր մասերին այնքան են հարվածել, որ ասելու չի։ Ճիշտն ասած՝ դեռ դատաբժշկից էլ խեր, խաբար չկա։

Գործը գնացել է Ստեփանավանի քննչական, բայց էնտեղից էլ դեռ հստակ պատասխան չունենք, թե քրեական ինչ հոդված է նախաձեռնվել, բացի էդ մեկից՝ մյուսներին արդյո՞ք կանչել են հարցաքննության։ Թե՞ Տաշիրի ոստիկանների նման հիմա էլ քննչական է փորձելու ծածկադմփոց անել։ Ես և կինս հպարտանում էինք մեր որդով, որով նաև միշտ հպարտացել են, ոչ միայն Տաշիրում, այլ նաև Լոռու մարզում, հանրապետությունում նրան ճանաչողները։

Հիմա ուզում ենք դիմենք ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանին, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին, որպեսզի իրենց հսկողության տակ վերցնեն այս զարհուրելի ու քստմնելի հանցագործության բացահայտման խնդիրը և մեղավորներին օրենքի ողջ խստությամբ՝ դատավճռով պատասխանատվության ենթարկեն։ Հակառակ դեպքում՝ տականքները իրենց կզգան անպատժելի ու կկատարեն մի նոր հանցագործություն»։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նոյեմբերի 19-ին, ժամը 21։10-ի սահմաններում «Տաշիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Տաշիրի բաժին ահազանգ է ստացվել, որ պոլիտրավմա, գլխի և կրծքավանդակի փակ վնասվածքներով, դիմային ոսկրերի բազմակի կոտրվածքներ ախտորոշմամբ, ձախից բազմակի կողերի կոտրվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Տաշիրի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպեր լիազոր Ջանոյանի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Տաշիր քաղաքի բնակիչ 52-ամյա Վահե Բաղդասարյանն է։ Պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել նույն օրը, ժամը 20։00-ի սահմաններում Տաշիր քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցի 108 հասցեում գտնվող կիսաքանդ, չբնակեցված, հակասանիտարական վիճակում գտնվող շինության մեջ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիճաբանությանը մասնակցած 5 անձանցից որպես կասկածյալ ձերբակալվել և Տաշիրի ոստիկանություն է տեղափոխվել Տաշիր քաղաքի բնակիչ 44-ամյա Գ․ Պ․-ն, ով այնուհետև ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին։ Քրեական գործը հարուցվել է ՀՀ ՔրՕրի 112 հոդվածի հատկանիշով, սակայն հնարավոր է՝ այն վերաորակվի խմբակային ծեծ, որն առաջացրել է մարդու մահ։




Լրահոս