«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական լրատվամիջոցներն արդեն որերորդ օրն է՝ տեղեկություններ են շրջանառում այն մասին, որ «եթե Լեռնային Ղարաբաղի զինված զորախմբերն ինքնակամ չեն կազմալուծվում», ապա իրենք ստիպված են լինելու հարցն ուժի լեզվով լուծել: Ադրբեջանական կողմը, նշենք, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե  պաշտոնական Բաքուն չի՛ հանդուրժելու Արցախում հայկական զինված ուժերի ներկայությունը: «Իրավիճակը հսկելու իրավունք միայն Արցախում խաղարար առաքելություն իրականացնող ուժերը ունեն»,-  պնդում են ադրբեջանական կողմից: Պաշտոնական Երեւանից էլ տեսակետներ են հնչում այն մասին, որ Արցախի ժողովուրդն ինքն անձամբ պետք է իր անվտանգության մասին մտածի: Հետեւաբար անհիմն են ադրբեջանական կողմի այն պահանջները, թե արցախահայությունը պետք է զրկված լինի սեփական անվտանգությունը ապահովող կառույց ունենալուց: Պաշտպանության բանակը, փոխանցում են Արցախից, ոչ միայն չպետք է կազմալուծվի, այլեւ դեռ մի բան էլ պետք է ամրանա ու վերակազմավորվի:

 

Տեւական ժամանակ ադրբեջանական քարոզչամեքենայի տարածած տեղեկատվությունը ենթադրելու տեղիք է տալիս, որ Ադրբեջանը նոր լարվածությունների է պատրաստվում, ընդ որում, թե՛ Հայաստանի, թե Արցախի ուղղություններով: Տեսակետն ադրբեջանագետ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանինն է: Ադրբեջանական աղբյուրներից եկող ամբողջ տեղեկատվությունը, ասում է մեր զրուցակիցը, ինչպես նաեւ՝ սահմանի երկայնքով նկատվող շարժերի կամ գործողությունների մասին օպերատիվ ինֆորմացիան բավարար հիմք են ենթադրելու համար, որ հավանական էսկալացիա կարող է լինել: Ավելին՝ այս օրերին Ադրբեջանի տարբեր պաշտոնյաներ նույնպես հայտարարում են, թե Հայաստանի, այսպես ասած, ռեւանշիստները թույլ չեն տալիս, որ «խաղաղության պայմանագիրը» ստորագրվի:

«Օրերս Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Թովիկ Զուլֆուգարովն էլ հայտարարել էր, թե «քանի որ խաղաղության պայմանագիր» ստորագրելու հավանականությունը փոքրանում է, հետեւաբար մեծանում է ռազմական էսկալացիա սկսելու հավանականությունը: Այսինքն՝ իրենք ակնհայտ ցույց են տալիս, որ իրենք պատրաստվում են ռազմական նոր քայլերի»,- շեշտում է նա:

Ադրբեջանագետն այն համոզմանն է, որ խելացի աշխատանքի, ինչպես նաեւ՝ միջազգային գործընկերների հետ կազմակերպված համագործակցության ու տրամաբանված քայլերի միջոցով կարող ենք կանխել Ադրբեջանի կողմից հնարավոր գործողությունները կամ էսկալացիան:

Ինչ վերաբերում է տարածաշրջանում ընթացող գործընթացներին, ապա դրանք, ըստ Տաթեւիկ Հայրապետյանի, ինտենսիվ կերպով ընթանում են ոչ միայն Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան համատեքստում, այլ նաեւ Ադրբեջան-Իրան մեղադրանքների կամ համագործակցության համատեքստում:

«Չգիտեմ՝ ով ինչ խաղ է խաղում, բայց այստեղ կարեւորն այն է, թե մենք ինչպես ենք փորձելու օգտվել շահերի համադրումից, եթե կան այդպիսիք, կամ չեզոքացնել մեզ սպառանցող ռիսկերը»- հավելում է նախկին պատգամավորը:

Ինչ վերաբերում է այս օրերին Արցախում տեղի ունեցող փոփոխություններին, մասնավորապես՝ կառավարական կաբինետի փոփոխությանը, պետական նախարար Ռուբեն Վարդանյանի նշանակմանն ու նրա կողմից ազատումների շքերթին, ապա մեր զրուցակիցը չի շտապում գնահատականներ հնչեցնել: «Տեղյակ չեմ, թե ովքեր են նշանակվելու պաշտոնների»,-ասում է Հայրապետյանը, հետեւաբար դեռ վաղ է որեւէ բան ասել: Թեեւ ծանոթ է Վարդանյանի կողմից հնչեցրած տեսլականներին կամ գաղափարներին, բայց նշանակումների, կառավարական կաբինետի ձեւավորման, ռազմավարության մշակման ու գործողությունների հետագա ընթացքը շատ ավելիի մասին կխոսի, քան լոկ հայտարարություններն են:

 

 

 

ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՑԱՌՎԱԾ ՉԵՆ

Ադրբեջանը վերջին շրջանում թե՛ տեղեկատվական դաշտում, թե՛ սահմանի երկայնքով բավական ինտեսիվ գրոհներ է սկսել: Ընդ որում՝ Հայաստանում հրադադարի ռեժիմը խախտում է՝ մարտական դիրքերի ուղղությամբ կրակ բացելով, Արցախում քաղաքացիական ենթակառուցվածքներն ու խաղաղ բնակիչներին է թիրախավորել:

 

ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը: Ըստ նրա՝ այս ամենը հաշվի առնելով՝ Արցախում ռազմական հնարավոր գործողությունները բացառված չեն:

-Ըստ էության, չենք բացառում հնարավոր գործոնները Արցախի կամ Հայաստանի ուղղությամբ, այս պահին դժվար է մասշտաբը կանխատեսել: Կան որոշակի գործոնների հավանականություն, եւ դա ակնհայտ է:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիեւի՝ երեկ ունեցած հեռախոսազրույցին, ապա դա, ըստ Աբրահամյանի, Արցախում ստեղծված իրավիճակով է պայմանավորված ու, մասնավորապես, Արցախի խաղաղ բնակչությանը թիրախավորելու Բաքվի ձեռագրով:

-Ակնհայտ է, որ Ռուսաստանը եւս գիտակցում է, որ Ադրբեջանը այս միջոցով փորձում է մեծացնել ճնշումը, ինչը կարող է բերել նոր էսկալացիայի, եւ Ռուսաստանը փորձում է դա կանխել:

Ինչ վերաբերում է սահմանին տիրող իրավիճակին, ապա դրանից երկու ամիս անց, ասում է ընդդիմադիր պատգամավորը, իրավիճակը ոչ միայն հօգուտ մեզ չի փոխվել, դեռ մի բան էլ Ադրբեջանը շարունակում է ամրանալ իր դիրքերում:

Նյութերը՝ ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ

 

 

ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ՕՐԻՆԱԳԻԾ

Ազային ժողովը արտահերթ նիստով քննարկել է Ազգային անվտանգության ծառայության կողմից ներկայացված օրենսդրական մի նախաձեռնություն, որ ենթադրում է ԱԱԾ-ին թույլ տալ ոչնչացնել մի շարք փաստաթղթեր։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ հարցը խորհրդարանում ներկայացրել է ԱԱԾ պետի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը։

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին, օրինակ, որ հարցի հարակից զեկուցող ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանին էր հարց ուղղում, անհանգստացնում է` պետական նշանակության կամ գործակալական ցանցերը բացահայտող փաստաթղթերը պետությունն ինչո՞ւ է ուզում վերացնել։

Նախկինում, ասում է, ԱԱԾ-ն միայն կարող էր գաղտնազերծել, այժմ ինչո՞ւ է ուզում գնալ նման քայլի, ի՞նչ թղթեր է ուզում վերացնել Նիկոլ Փաշինյանի կառավարությունը:

 

 

 

ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԵՆ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է. «Անթույլատրելի եմ համարում ՀՀ ոստիկանության կողմից 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների դեմ ներկայացված հայցը՝ վերջիններիս վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի վերաբերյալ:

Նախ՝ կարեւոր է արձանագրել, որ Եռաբլուր զինվորական պանթեոնում ոստիկանության ծառայողների կողմից զոհված զինծառայողների ծնողների դեմ կիրառված անհամաչափ ուժի (բռնությունը) հանգամանքը մինչեւ օրս չի արժանացել պատշաճ եւ համարժեք իրավական գնահատականի, առնվազն տեսանելի մակարդակով հայտնի չեն առանցքային դերակատարները, նրանցից յուրաքանչյուրի գործողությունների բնույթը, նշանակությունն ու մեղքի առկայության հանգամանքը, հատկապես այն պարագայում, երբ տեղի ունեցածի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ ոստիկանությունում տարվում էր ծառայողական քննություն:

Եվ փոխանակ զոհվածների ծնողների նկատմամբ բիրտ ուժ կիրառողները պատժի ենթարկվեն, փորձում են պատժել ծնողներին։

Անթույլատրելի է նաեւ այն հանգամանքը, որ տեղի ունեցած միեւնույն փաստական հանգամանքի վերաբերյալ նախաձեռնվում եւ իրականացվում է միաժամանակյա երկու գործընթաց՝ քրեաիրավական եւ վարչաիրավական, այն պարագայում, որ այս երկու գործընթացները միմյանցից անկախ են, չեն կարող ունենալ քննության իրականացման միեւնույն հիմք:

Եռաբլուրում տեղի ունեցած իրադարձությունները լրիվ, բազմակողմանի, օբյեկտիվ քննության կարիք ունեն՝ պահպանելով թափանցիկության բարձր մակարդակ։

Հասկանալի է, որ ոստիկանները Նիկոլ Փաշինյանին եւ նրա քաղաքական թիմին հաճոյանալու համար գետնին տապալեցին զոհված զինծառայողների ծնողներին, ինչը խիստ դատապարտելի է»:

 

 




Լրահոս