ՀԱՆԴԻՊՈՒՄ ՆԻՍՏԻՑ ՀԵՏՈ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանում անցկացված ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստից հետո տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Armlur.am-ը ներկայացնում է մանրամասներ այդ հանդիպումից:

 

Իր խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

«Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի, ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետությունում՝ մեր մայրաքաղաքում: Այսօր մենք անցկացրինք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստ, իհարկե, ոչ բոլոր հարցերի շուրջ հաջողվեց հասնել կոնսենսուսի, 17 որոշումներից 15-ն ընդունվեցին:

Հույս ունեմ, որ այս ձեւաչափով մեզ կհաջողվի քննարկել մեր երկկողմ հարաբերությունների օրակարգը, որը շատ հագեցած է: Պետք է ընդգծել, որ մեր երկկողմ տնտեսական կապերը զարգանում են մեծ տեմպերով: Ես նկատեցի, որ այս տարի Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն արտահանումն աճել է 80 տոկոսով: Իհարկե, դա կապված է լոգիստիկ շղթաների որոշ փոփոխություններով, բայց դա փաստ է, որը ստեղծում է նոր հնարավորություններ տնտեսական համագործակցության համար:

Իհարկե, մենք այսօր արդեն քննարկել ենք եւ կքննարկենք տարածաշրջանային բնույթի հարցեր, տարածաշրջանային անվտանգության հարցեր: Կան բազմաթիվ հարցեր, ՀԱԽ նիստում ես խոսեցի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանման մասին, որոնք մենք Ձեր օգնությամբ եւ միջնորդությամբ ընդունել ենք Ադրբեջանի նախագահի հետ: Դրանք շատ կարեւոր հարցեր են, որոնք, իհարկե, պետք է քննարկենք, ինչպես նաեւ քննարկենք օրակարգը, որը, հույս ունենք, կբերի մեր տարածաշրջանում երկարատեւ խաղաղության»:

Իր հերթին Վլադիմիր Պուտինը նշել է.

«Հարգելի՛ Նիկոլ Վլադիմիրի, առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ հրավերի համար, շնորհավոր ՀԱՊԿ-ում հաջող նախագահության ավարտի կապակցությամբ: Իսկապես Հայաստանն այդ աշխատանքն իրականացրեց շատ բարձր մակարդակով, ակտիվորեն: Իհարկե, հազվադեպ է հաջողվում համաձայնության հասնել բոլոր հարցերի շուրջ, բայց ընդհանուր առմամբ, աշխատանքը շատ ինտենսիվ տարվեց եւ օգտակար:

Դուք ընդգծեցիք նաեւ մեր երկկողմ հարաբերությունները, որոնք, անկասկած, համարվում են դաշնակցային, ունեն խորը, հին արմատներ, հաճախ նաեւ անհրաժեշտություն չկա մտնել պատմության մեջ, մեզ համար առանց այդ էլ պարզ է՝ ինչ է դա, ինչպիսի նշանակություն ունի այն մեր երկկողմ հարաբերությունների համար:

Ինչ վերաբերում է այսօրվան, ապա եթե նախորդ տարի ապրանքաշրջանառությունն աճել էր 12 տոկոսով, ապա ընթացիկ տարվա 9 ամիսներին այն արդեն աճել է 67 տոկոսով: Այո՛, դա պայմանավորված է այսօրվա առանձնահատկություններով, բայց, անկասկած, այն կլինի հիմք նաեւ ապագայի համար: Այստեղ որեւէ կասկած չկա:

Երբ հանդիպեցինք, ավտոմեքենայով գալիս էինք, քննարկեցինք տարածաշրջանային բնույթի հարցեր, այդ թվում՝ տարածաշրջանում կարգավորմանը վերաբերող հարցեր, խոսեցինք տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին: Շատ ուրախ եմ, որ այսօրվա միջոցառումների շրջանակում երկկողմ հանդիպում անցկացնելու հնարավորություն կա: Շնորհակալ եմ հրավերի համար»:

 

 

 

ԿԱԴՐԱՅԻՆ

ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ նոյեմբերի 23-ի հրամաններով՝ դատախազությունում տեղի են ունեցել կադրային նշանակումներ: Մասնավորապես՝

-Գլխավոր դատախազության Ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արամ Էռնեստի Արամյանը փոխադրվել է եւ նշանակվել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի պաշտոնին:

-Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Սիսակ Ժորժիկի Խաչատրյանը փոխադրվել է եւ նշանակվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների դատախազի պաշտոնին:

-Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Պետրոս Վարդանի Մարտիրոսյանը փոխադրվել է եւ նշանակվել Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի պաշտոնին:

-Երեւան քաղաքի դատախազության ավագ դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Շիրակ Սամվելի Խաչատրյանը փոխադրվել է եւ նշանակվել Երեւան քաղաքի դատախազի տեղակալի պաշտոնին:

-Արարատի մարզի դատախազի տեղակալ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Ռաֆայել Ռազմիկի Մանուկյանը փոխադրվել է եւ նշանակվել Արարատի մարզի դատախազի պաշտոնին:

 

 

Ի ՆՇԱՆ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ

Երեկվանից Ստրասբուրգի քաղաքապետարանի շենքի վրա ծածանվել է Հայաստանի դրոշը՝ ի նշան համերաշխության Հայաստանի եւ հայ ժողովրդի հետ։

Նոյեմբերի 24-ին դրոշի բարձրացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանը, Ստրասբուրգի քաղաքապետ Ժան Բարսեղյանը, քաղաքային խորհրդի անդամ, Հայաստանին աջակցելու վերաբերյալ բանաձեւի հեղինակ Պիեռ Յակուբովիչը եւ այլ հրավիրյալներ։

Խորհրդանշական այս քայլը նախատեսված էր Ստրասբուրգի քաղաքային խորհրդի կողմից նոյեմբերի 7-ին միաձայն ընդունված բանաձեւով, որը հստակ դատապարտում է Ադրբեջանի ռազմական հարձակումը Հայաստանի վրա, կոչ անում խաղաղության հաստատման եւ նախատեսում աջակցություն բարեկամ Հայաստանին։

 

 

 

ՆԱԽԱԳԱՀԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի Կենտրոնական եւ Արեւմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Եվգենի Ժուկովին: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Հայաստանում ԱԶԲ առաքելության մշտական տնօրեն Պաոլո Սպանտիգատին եւ ՀՀ Ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը: Ողջունելով Եվգենի Ժուկովին՝ նախագահ Խաչատուրյանը նշել է, որ 2005 թվականից, երբ պաշտոնապես մեկնարկեց Ասիական զարգացման բանկի եւ Հայաստանի Հանրապետության համագործակցությունը, բանկը դարձել է Հայաստանի կարեւոր միջազգային գործընկերներից մեկը: Հանրապետության նախագահը շեշտեց, որ առանձնահատուկ կարեւորում է ինչպես Հայաստանի կառավարության, այնպես էլ մասնավոր սեկտորի հետ համատեղ Բանկի կողմից իրականացվող ծրագրերը:

 

 

 

ԲՆԱԿԵԼԻ ԱՎԱՆ ԿՍՏԵՂԾՎԻ

Կառավարության որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազությանն ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, ՀՀ Կոտայքի մարզ, համայնք Աբովյան, գյուղ Բալահովիտ 7-րդ փողոց 1/2 հասցեում գտնվող հողամասը կնվիրաբերվի «Զինվորի տուն» բարեգործական ԿՀ-ին՝ հենաշարժողական խնդիրներ ունեցող վիրավոր զինվորների համար հարմարեցված տների կառուցման ծրագրի իրականացման նպատակով։ Նախատեսվում է ստեղծել բնակելի ավան, որը լիովին կհամապատասխանի հենաշարժողական խնդիրներ ունեցող անձի պահանջներին։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել 8 մեկ հարկանի առանձնատուն եւ 1 երկհարկանի կացարան։ Ծրագրի հիմնական նպատակն է ստեղծել հարմարավետ պայմաններ ու միջավայր Ծրագրի շահառու հանդիսացող զինվորների համար, ինչպես նաեւ բարձրացնել վիրավոր զինվորների կյանքի որակը, հնարավորություն տալ վարել ակտիվ կենսակերպ՝ նպաստելով վիրավոր զինվորների սոցիալական վերաինտեգրմանը։ Ծրագիրն ամբողջությամբ՝ ներառյալ բարեկարգման աշխատանքները կիրականացվի 4 տարում։ Յուրաքանչյուր տան համար նախատեսված է նախնական հաշվարկով շուրջ 40 միլիոն դրամ բյուջե։ Կացարանի կառուցման եւ կահավորման համար պլանավորվում է ծախսել շուրջ 75 միլիոն դրամ։ Զրուցարանի կառուցման եւ տարածքի ընդհանուր բարեկարգման աշխատանքների համար անհրաժեշտ է շուրջ 35 միլիոն դրամ, մարզադահլիճի համար նախատեսվում է ծախսել 20 միլիոն դրամ։ Ընդհանուր ներդրումների չափը կազմում է շուրջ 450 միլիոն դրամ։

 

ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կառավարությունը թույլատրել է «Նիկոլա ինթերնեյշնլ, Արմենիա» ՍՊԸ-ին գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում օգտվել ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: 2002թ. հիմնադրված ընկերությունն արտադրությունն իրականացվելու է ՀՀ Կոտայքի մարզում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 4.4 մլրդ դրամի ներդրում ցանկում ներկայացված հումքի ձեռքբերման համար։

Թողարկված արտադրանքի 80%-ը եւ ավելին նախատեսվում է արտահանել ՌԴ։ Նախատեսվում է ստեղծել 31 նոր աշխատատեղ՝ 180-200 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 4.4 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 656 մլն դրամ: Գործադիրի որոշմամբ՝ մաքսատուրքից ազատման արտոնությունից կօգտվի «Բիալկա» ՍՊԸ-ն: Ընկերությունը ներմուծվող հումքը կօգտագործի տարբեր տեսակի պանիրների, պանրային մթերքի եւ կարագի արտադրության համար։ Ընկերությունը հիմնադրվել է 2015 թվականին եւ արտադրությունն իրականացելու է Երեւանում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 3 մլրդ դրամի ներդրում՝ հումքի ձեռքբերման համար, կստեղծվի 20 նոր աշխատատեղ՝ 150 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 3 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 450 մլն դրամ։

 

 




Լրահոս