ԳԱՍՊԱՐՅԱՆԸ ՉԻ ՆԵՐԿԱՅԱՆՈՒՄ ԴԱՏԱՐԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով նիստերը չեն կայանում: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ արդեն երկու դատական նիստ է, ինչ Վլադիմիր Գասպարյանը Հակակոռուպցիոն դատարան չի ներկայանում: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նա վիրահատվել է եւ հիմա բուժման մեջ է, ուստի դա է պատճառը, որ նա դատարան չի գալիս:

 

Հիշեցնենք, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 1997-2011 թվականներին, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական ոստիկանության /2007 թվականի փետրվարի 3-ից ռազմական ոստիկանության/ վարչության պետի, ապա ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնները, կատարել է իրեն վստահված ուրիշի՝ առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում, տեղյակ լինելով ՀՀ պաշտպանության նախարարության թիվ 20440 զորամասի երեք զինծառայողների կողմից իրենց բուն գործառույթները չկատարելու եւ զորամաս չհաճախելու մասին՝ որեւէ միջոց չի ձեռնարկել, արդյունքում նշված ժամանակահատվածում վատնման եղանակով պետական միջոցներից հափշտակվել է առանձնապես խոշոր չափի գումար:

Բացի այդ, 2011-2018 թվականներին, զբաղեցնելով ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերի հակառակ` ՀՀ ոստիկանության հաշվեկշռում գտնվող 15.000.000 եւ 10.000.000 ՀՀ դրամ արժողությամբ անշարժ գույքը սեփականության իրավունքով ապօրինի հատկացրել է բնակարանային պայմանների բարելավման կարիք չունեցող ՀՀ ոստիկանության ծառայողներին, ինչի արդյունքում անզգուշությամբ առաջացել են ծանր հետեւանքներ:

Բացի այդ, կատարել է իրեն վստահված ուրիշի՝ առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում. ՀՀ ոստիկանության հաշվեկշռում գտնվող 10.000.000 ՀՀ դրամ արժողությամբ անշարժ գույքը սեփականության իրավունքով ապօրինի հատկացրել է ՀՀ ոստիկանության ծառայողին:

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ-ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լեւոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012-2018 թվականներին այլ անձի հետ հանցակցությամբ 2015-2018 թվականների ընթացքում կատարել է իրեն վստահված ուրիշի՝ առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում, ինչպես նաեւ` կատարել է պաշտոնեական կեղծիք:

Բացի այդ, այլ անձի դրդմամբ, անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչի արդյունքում անզգուշությամբ առաջացել են ծանր հետեւանքներ:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԴԻՐՔԻ ՉԱՐԱՇԱՀՈՒՄ

«Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձինք 2017-2022 թվականների ընթացքում չարաշահել են պաշտոնեական դիրքը՝ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն ներկայացնելով Կառավարության որոշմամբ հաստատված հաստիքային միավորների չափորոշիչներից ավելի հաստիքացուցակներ:

 

Դատախազությունից հայտնում են, որ նախարարության պաշտոնատար անձինք եւս, չարաշահելով պաշտոնեական դիրքը, խախտելով Կառավարության որոշումը, համաձայնություն են տվել ներկայացված հաստիքացուցակներին: Մասնավորապես՝ հաստատվել է ընդհանուր 60.3 հաստիքային միավոր եւ 123 մլն 312 հազար 800 դրամ ավելի աշխատավարձի ֆոնդ:

Բացի այդ, Կազմակերպությունը Ա/Ձ-ի հետ կնքել է ախտահանման ծառայություններ կատարելու պայմանագիր՝ վճարելով 6 մլն դրամ, այն դեպքում, երբ ախտահանման աշխատանքների պարբերականությունը հիմնականում չի համապատասխանել պայմանագրի ժամանակացույցին, Մանկատունն ունեցել է ախտահանողի հաստիք, համապատասխան նյութեր, իսկ «Արաբկիր» ԲԿ-ից ստացել է ախտահանման սարք:

Պարզվել է նաեւ, որ Մանկատանը հաշվառված ավտոմեքենայի վարորդը վեց ամիս եղել է հարկադիր պարապուրդում, սակայն նրա անվամբ պաշտոնական փաստաթղթերում կեղծ տեղեկություններ են ներառվել, եւ յուրացվել է 411.700 դրամ արժողության 1420 լիտր բենզին:

Գլխավոր դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչությունում Հաշվեքննիչ պալատից, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից եւ  «Մարի  Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ից ստացված փաստաթղթերի հիման վրա կատարված ուսումնասիրությամբ արձանագրված փաստերը վկայում են պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները չկատարելու, ծանր հետեւանքներ առաջացնելու, պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու դեպքերի մասին: Հաշվի առնելով նշված հանգամանքը՝ Գլխավոր դատախազությունը 2022 թվականի նոյեմբերի 21-ին հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու նպատակով:

 

 

 

ՀՐԱԶԵՆԱՅԻՆ ՎԻՐԱՎՈՐՈՒՄ

Նոյեմբերի 23-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագոտու արեւելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Ռ. Ա.-ն: Այս մասին տեղեկացնում են Պաշտպանության նախարարությունից։ Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում:

 

 

 

 

ԳՈՐԾԸ ՔՆՆՎՈՒՄ Է

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 15-րդ կետերով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողին հրազենային վիրավորում պատճառելու դեպքի առթիվ: Նախնական տեղեկություններով՝ 2022թ. նոյեմբերի 23-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողը ռասայական, ազգային, էթնիկ ծագումով, կրոնով, ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակոց է արձակել ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքի ուղղությամբ, որի հետեւանքով պայմանագրային զինծառայող Ռ. Ա.-ն ձախ սրունքի ստորին երրորդի շրջանում ստացել է հրազենային միջանցիկ վիրավորում:Կատարվում է նախաքննություն:

 

 

 

 

ՎԻՃԱԿԸ ԾԱՆՐ Է

Նոյեմբերի 23-ին՝ ժամը 22։33-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Նազարբեկյան 25/5 հասցեում գտնվող «Աղաբաբյանս» հյուրանոցային համալիրի մոտակայքում տեղի է ու եցել ՃՏՊ. կան տուժածներ։

Պարզվել է, որ բախվել են «Subaru» եւ «Mercedes-Benz» (վարորդ` Ա. Ն.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Subaru» մակնիշի ավտոմեքենան շրջվել է։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Subaru» մակնիշի ավտոմեքենայի երկու ուղեւոր հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ։

Փրկարարները «Subaru» մակնիշի ավտոմեքենայի եւս երկու ուղեւորի մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջիններս հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղից Պ.Ու.-ն (ծնված 2002 թ) եւ Մ. Ս.-ն (ծնված 2003 թ.) տեղափոխվել են «Աստղիկ» ԲԿ. Պ.Ու.-ի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, իսկ Մ.Ս.-ինը՝ բավարար։ Տուժածներից Տ.Մ.-ն (ծնված 1999 թ.) հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, իսկ Դ.Մ.-ն՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։ Տ.Մ.-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնի փականը, դադարեցրել «Subaru» մակնիշի ավտոմեքենայի յուղի արտահոսքը եւ իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։

 




Լրահոս