ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հայտարարում է Հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին դասագրքերի համապատասխանությանը գնահատելու նպատակով ձեւավորվող առարկայական հանձնաժողովներում ընդգրկվելու հայտերի ընդունում:

 

ԿԳՄՍ նախարարությունից Armlur.am-ին հայտնեցին, որ հանձնաժողովների գործունեության նպատակն է 2-րդ, 5-րդ, 7-րդ եւ 10-րդ դասարանների դասագրքերի ստեղծման մրցույթում իրականացվող փորձաքննության արդյունքում դասագրքերի համապատասխանության գնահատումը հանրակրթության պետական չափորոշչին:

Հանձնաժողովում ընդգրկվելու համար թեկնածուներ կարող են առաջադրվել կամ ինքնաառաջադրվել.

նախարարության,

գիտական եւ գիտահետազոտական կազմակերպությունների,

ուսումնական հաստատությունների,

պետական կառավարման, տարածքային մարմինների,

Երեւանի քաղաքապետարանի,

կրթական գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների կողմից:

Հանձնաժողովում ընդգրկվելու պարտադիր պահանջներ են`

բարձրագույն մասնագիտական կրթություն (բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի, կրթական աստիճանով), մասնագիտական աշխատանքի առնվազն 7 տարվա ստաժ: Հանձնաժողովի անդամության թեկնածուների ընտրությունն իրականացվում է՝ ըստ հետեւյալ մասնագիտական ուղղությունների՝

1) տվյալ առարկայի 3-5 մասնագետներ,

2) մանկավարժ-մեթոդիստ,

3) մանկավարժ-հոգեբան,

4) հայոց լեզվի մասնագետ,

5) նկարիչ-ձեւավորող,

6) բժիշկ-հիգիենիստ։

Յուրաքանչյուր մասնագիտական ուղղությունից ընտրվում է մինչեւ 5 թեկնածու՝ յուրաքանչյուր առարկայի համար։ Դասագրքի էջերը չպետք է գերազանցեն տարրական՝ 1-4-րդ եւ միջին՝ 5-9-րդ դասարաններում 176 էջը (11 մամուլ), ավագ՝ 10-12-րդ դասարաններում՝ 192 էջը (12 մամուլ): Հանձնաժողովների կողմից սահմանվում է դասագրքերի բովանդակային անցողիկ շեմ։

Թեկնածուն չի կարող լինել հանձնաժողովի անդամ, եթե դասագրքերի ստեղծման մրցույթին ներկայացված դասագրքի հեղինակ է, համահեղինակ, խմբագիր, խորհրդատու, թարգմանիչ, վերջիններիս հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր, քույր) անձ կամ որեւէ այլ ձեւով մասնակից է դասագրքի ստեղծմանը:

Հանձնաժողովները ձեւավորվում են դասագրքի ստեղծման մրցույթի բացման օրվանից երկու աշխատանքային օր առաջ՝ համակարգչում նախօրոք զետեղված եւ համակարգչի կողմից ինքնաշխատ եղանակով, պատահականության սկզբունքով ընտրված թեկնածուներից, իսկ շահերի բախում հայտնաբերվելու դեպքում՝ թեկնածուն կփոխարինվի:

Դասագրքերի ստեղծման փորձաքննության համար սահմանված է առավելագույնը մեկ ամիս, եւ նախատեսվում է իրականացնել 2023 թվականի մարտ-ապրիլ ամիսներին: Մրցույթին մասնակցելու համար հայտերն ընդունվում են 2022 թվականի նոյեմբերի 24-ից մինչեւ դեկտեմբերի 8-ը ներառյալ, [email protected] էլեկտրոնային հասցեով: Սահմանված ժամկետից ուշ ներկայացված հայտերը չեն դիտարկվի: Հանրակրթության պետական նոր չափորոշչով պայմանավորված ստեղծվող դասագրքերի ցանկը հրապարակված է ԿԳՄՍՆ պաշտոնական կայքում:

Ս. Հ.

 

 

 

 

ԳՈՒՅՔԸ ՕՏԱՐՄԱՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ 

Կառավարության որոշմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, ՀՀ Լոռու մարզ, համայնք Ալավերդի ք., Զորավար Անդրանիկի 197 հասցեում գտնվող անշարժ գույքը ներկայացնել օտարման՝ մրցույթով: Գույքն իրենից ներկայացնում է 1952 թ. կառուցված նախկին միջնակարգ դպրոցի շենք, որը ներկայումս չի շահագործվում։ Մրցույթով օտարման ենթակագույքի վաճառքի նվազագույն գին է սահմանվել գնահատված արժեքի 80 տոկոսի չափը՝ 78 180 000 դրամը, ներառյալ հատկացված հողամասի տվյալ պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը՝ 2082 370 դրամ։

Կառավարությունը փոփոխություն է կատարել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրի մասին» օրենքում՝ ծրագրից «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲ ընկերությունը հանելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Հիմնավորման համաձայն՝ 2020թ. հունիսից գործող Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը ազգաբնակչության առողջության բարելավմանն ուղղված, տարածաշրջանում մրցակցող դեր ունեցող կենտրոն է: Այն ունի բարձրագույն մասնագիտական որակավորում ստացած տարբեր բնագավառների մասնագետներ, որոնց թիմային աշխատանքի շնորհիվ արդեն իսկ իրականացվել է ավելի քան 800 պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆիա հետազոտություն:

Այսօր կենտրոնը շարունակում է իր հետագա ծրագրային զարգացումը՝ միջուկային բժշկության ոլորտում նոր ձեռքբերումների հասնելու ուղղությամբ, ինչպես նաեւ առկա է սերտ եւ ակտիվ համագործակցություն Ա.Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի հետ, որը միտված է միջուկային ֆիզիկայի ոլորտը զարգացնելու՝ օգտագործելով կենտրոնի հնարավորությունները: Կենտրոնը սերտ համագործակցում է նաեւ Հայաստանում ուռուցքաբանության ոլորտի առաջատարը հանդիսացող ԱՆ.Ա.Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի հետ. չարորակ նորագոյացությունների դեմ պայքարի գործընթացում հաջողության անկյունաքարն է վաղ ախտորոշումը: Որոշմամբ նախատեսվում է կենտրոնը թողնել պետական մասնակցությամբ՝ բաժնետոմսերի կառավարումը հանձնելով Առողջապահության նախարարությանը եւ ապահովել մատուցվող ծառայությունների բարելավումը եւ շարունակական զարգացումը:

 




Լրահոս